
ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».– Վիկտոր Համբարձումեանի անուան 2014 թուականի միջազգային մրցանակը պիտի տրուի Ֆելիքս Ահարոնեանին եւ համատեղութեամբ՝ Իգոր Քարաչենցեւին ու Պրենթ Տալիին:
18 Յունիսին տեղի ունեցած մամլոյ ասուլիսին ընթացքին այս մասին յայտնած է Հայաստանի Գիտութիւններու ազգային ակադեմիոյ նախագահ Ռադիկ Մարտիրոսեանը:
«Երրորդ անգամն է, որ յայտարարում ենք ականաւոր գիտնական Վիկտոր Համբարձումեանի անուան մրցանակի յաղթողներին: 2008ին, երբ լրացաւ գիտնականի 100ամեակը, յոբելեանական միջոցառումներ նախատեսուեցին՝ յաւերժացնելու նրա յիշատակը: Հանրապետութեան նախագահի անմիջական առաջարկութեամբ տրուեց Համբարձումեանի անուան միջազգային գիտական մրցանակի մեկնարկը», յայտնած է Ռադիկ Մարտիրոսեան:
Ռադիկ Մարտիրոսեանի համաձայն՝ այս անգամ մրցանակին համար 7 դիմում ներկայացուած էր տարբեր երկիրներէ, որոնք, կանոնակարգին համաձայն, ուղարկուած են աշխարհի լաւագոյն գիտնականներուն՝ փորձաքննութեան: «Նրանք ստանում են բոլոր նիւթերը, ենթարկում փորձաքննութեան եւ այս կամ այն աշխատանքը երաշխաւորում մրցանակի համար: Յանձնաժողովի գիտքարտուղար Արեգ Միքայէլեանը աստիճանաւորում է աշխատանքները՝ ըստ ստացած ձայների եւ ուղարկում յանձնաժողովի բոլոր անդամներին, որից յետոյ տեղի են ունենում քննարկումներ: Այս տարի մեզ յաջողուեց յանձնաժողովի նիստը Երեւանում անցկացնել, որին մասնակցում էր յանձնաժողովի անդամների մեծամասնութիւնը: Մէկ-երկուսն էլ հեռակայ կարգով էին մասնակցում: Բոլոր քննարկումների արդիւնքում որոշուեց, որ շնորհւում է պրոֆէսոր Ֆելիքս Ահարոնեանին, Իգոր Կարաչենցեւին եւ Բրենթ Թալիին», դիտել տուած է Ռադիկ Մարտիրոսեան:
Մրցանակի գումարէն 250 հազար տոլարը պիտի յանձնուի Ֆելիքս Ահարոնեանին, իսկ Քարաչենցեւին եւ Տալիին՝ 125 հազարական տոլար: Մրցանակի յանձնման պաշտօնական արարողութիւնը տեղի պիտի ունենայ Վիկտոր Համբարձումեանի ծննդեան օրը՝ 18 Սեպտեմբերին, Երեւանի մէջ: