
ԵՐԵՒԱՆ, «Փանորամա».– «Հայերն այնպէս են ձեւափոխում իրենց ազգանունները դրսում, որ մտքովդ էլ չի անցնի, որ նախնիները հայ են եղել: Ինչո՞ւ: Ուրեմն ինչ որ խնդիր կայ, որ այդպէս մարդիկ ազգութիւնները փոխում են, դպրոցներ չեն յաճախում… ընդ որում շատ բացասական ազդեցութիւն են ունենում Հայաստանից արտագաղթածները, ովքեր ե՛ւ վարկաբեկում են հայերին ու Հայաստանը, ե՛ւ հայութիւնից հիասթափուած են գնում՝ դուռը շխկացնելով: Այո՛, իրենց էլ է հասկանալի, բայց բաներ կան, որ ամէն ինչից բարձր է, օրինակ ազգութիւնը»: 24 Յուլիսին լրագրողներուն հետ ունեցած հանդիպումին ընթացքին այս մասին յայտնած է «Համշէն» հայրենակցական-բարեսիրական կազմակերպութեան փոխնախագահ, «Ձայն Համշէնական» թերթի գլխաւոր խմբագիր Սերգէյ Վարդանեանը:
Անոր համաձայն՝ շատ քիչ է թիւը այն հայերուն, որոնք իրենց երեխաներուն կը տանին հայկական դպրոց, եւ պատճառը այդ դժգոհութիւններն են: Ս. Վարդանեան նշած է, որ հսկայ Արմաւիր քաղաքին մէջ հազիւ 20 երեխայ հաւաքուած է կիրակնօրեայ հայկական դպրոց յաճախելու համար, մինչդեռ Արմաւիրը 18-20 հազար հաշուող հայկական համայնք ունի:
«Հայերի հետ խօսում ես, ասում են՝ հայերէնը մեզ ինչների՞ս է պէտք, մենք հոյ յետ չե՞նք գնալու: Անկեղծ որ լինենք՝ Եղեռնի տարիներին անգամ այսպէս չի եղել, Եղեռնի ժամանակ մարդիկ մտածել են, որ պէտք է յետ գնան, եւ շատերը յետ են գնացել», նշած է ան։
Ըստ բանախօսին, Աբխազիոյ մէջ, ուր աբխազահայութեան 80 տոկոսը համշէնցիներ են, վիճակը աւելի լաւ է: Բայց միեւնոյն է, «եթէ այսպէս շարունակուի ու հրաշքներ չլինեն, ապա տասը տարի յետոյ միայն ալեհեր մարդիկ են համշէնահայերէն խօսելու»: