ՍԱՐԳԻՍ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
ԵՐԵՒԱՆ, «Ազատութիւն».- Ե-րեւանում ԱՄՆի դեսպանատունը նախազգուշացրել է Հայաստանի կառավարութեանը եւ գործարարներին, որ ռիսկեր կ՛առաջանան պատժամիջոցների ենթարկուած ռուսաստանցի պաշտօնեաների ու ընկերութիւնների հետ գործ ունենալու դէպքում:
«Ազատութեան» հարցմանն ի պատասխան՝ Հայաստանում Միացեալ Նահանգների դեսպանատնից փոխանցեցին. «Մենք բոլոր պետութիւններին ու նրանց ռեզիդենտներին յորդորում ենք հաշուի առնել իրենց բարի համբաւի հետ կապուած ռիսկը, որ կ՛առաջանայ պատժամիջոցների ենթարկուած անձանց ու ընկերութիւնների հետ գործ ունենալու դէպքում, եւ դադարեցնել բոլոր գործարքները, որոնք հակասում են մեր եւ միւսների կողմից առաջ քաշուած պատժամիջոցներին: Ինչպէս աշխարհի այլ երկրներում գործող ԱՄՆ դեսպանութիւնները, այնպէս էլ ՀՀում ԱՄՆ դեսպանութիւնը վերջին պատժամիջոցների մասին տեղեկութիւնները փոխանցել է տեղի կառավարութեան ներկայացուցիչներին ու ընկերութիւններին»:
Դեսպանատան հաղորդագրութիւնում նաեւ նշուած է. «Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական միջամտութեան, Ղրիմի բռնակցման ու Ուկրաինային ինքնիշխանութեան նկատմամբ շարունակուող ոտնձգութիւնների հետ կապուած՝ Յուլիսի 16ին Միացեալ Նահանգները 13,662 նախագահական հրամանագրով որոշակի պատժամիջոցներ է սահմանել ռուսական ութ ռազմարդիւնաբերական ընկերութիւնների, երկու ֆինանսական կառոյցների, երկու էներգետիկ ընկերութիւնների եւ մի խումբ ռուսական պաշտօնեաների ու ուկրաինական անջատողականների նկատմամբ: Այս քայլը ձեռնարկելուց առաջ Միացեալ Նահանգները բազմաթիւ հանդիպումներ է ունեցել՝ դրանք սերտօրէն համակարգելով մեր շատ գործընկերների, այդ թւում ԵՄի ու Եօթնեակի գործընկերների հետ, ովքեր նոյնպէս մատնանշել են անձանց, ովքեր պատասխանատու են արեւելեան Ուկրաինայում ստեղծուած իրավիճակի համար»:
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է
Երեկոյեան կողմ պատասխան յայտարարութեամբ հանդէս եկաւ Երեւանում Ռուսաստանի դեսպանատունը՝ նշելով, թէ «դիւանագիտական ներկայացուցչութեանը յարիր չէ հիւրընկալող երկրի իշխանութիւններին ցուցում տալ, թէ ում հետ եւ ինչպէս պէտք է կապեր պահպանել»:
«Ռուսաստանեան ընկերութիւնների հետ յարաբերութիւնների դադարեցման կոչերը ի չիք են դարձնում ամերիկեան ներկայացուցիչների կեղծաւոր յայտարարութիւնները՝ Հայաստանի տնտեսութեան զարգմանը նպաստելու պատրաստակամութեան մասին: ԱՄՆ գործողութիւններում յստակօրէն ուրուագծւում են առեւտրա-տնտեսական անբարեխիղճ մրցակցութեան տարրեր», ասուած է Ռուսաստանի դեսպանատան յայտարարութիւնում:
Ինչպէս յայտնի է, ԱՄՆը ու Եւրամիութեանը նախորդ օրերի ընթացքում նոր՝ աւելի կոշտ պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի նաւթային, ռազմա-արդիւնաբերութեան եւ պետական կապիտալ ունեցող ֆինանսական հաստատութիւնների նկատմամբ:
Պատժամիջոցների ենթարկուած ռուսական ընկերութիւններից, որոնք ներգրաւուած են Հայաստանում, «Գազպրոմբանկ»ն ու «ՎՏԲ»ն են: Այդ երկու բանկերին են պատկանում, համապատասխանաբար, «Առեկսիմբանկ»ը եւ «ՎՏԲ-Հայաստան բանկ»ը:
«Առեկսիմբանկ»ից եւ «ՎՏԲ-Հայաստան բանկ»ից այսօր չցանկացան արձագանգել ԱՄՆ դեսպանատան յայտարարութեանը: Երէկ «Ազատութեան» փոխանցել էին, որ պատժամիջոցները չեն ազդի իրենց յաճախորդների վրայ: «Առեկսիմբանկ»ից մանրամասնեցին՝ թէեւ «Գազպրոմբանկ»ը իրենց 100 տոկոսանոց սեփականատէրն է, սակայն «Առեկսիմբանկ»ը առանձին իրաւաբանական անձ է, ուստի պատժամիջոցները չեն առնչւում իրենց: Իսկ «ՎՏԲ-Հայաստան բանկ»ից չհիմնաւորեցին, թէ ռուսական «ՎՏԲ»ի դէմ պատժամիջոցները ինչո՞ւ չեն ազդի իրենց յաճախորդների վրայ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ
ՉԻ ԱՐՁԱԳԱՆԳՈՒՄ
Պատժամիջոցները վերաբերում են նաեւ «Ռոսնեֆտ» ընկերութեանը: Հայաստանի իշխանութիւնները տարուայ սկզբին յայտարարեցին, թէ այդ ընկերութիւնը պատրաստակամութիւն է յայտնել 400 միլիոն դոլար ներդնել՝ «Նաիրիտ»ը վերակենդանացնելու համար: Կէս տարի է անցել, սակայն գործարքն այդպէս էլ չի կայացել:
Այսօր Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երուանդ Զախարեանին հարցրինք՝ հաշուի առնելով նաեւ ԱՄՆ դեսպանատան յայտարարութիւնը, հնարաւո՞ր է «Նաիրիտ»ի գործարքը չկայանայ: Նախարարը չցանկացաւ խօսել, ասաց՝ ոչ մի հարցի չի պատասխանի:
ԱՄՆ դեսպանատան յայտարարութեան, ինչպէս նաեւ Հայաստանի տնտեսութեան վրայ պատժամիջոցների հնարաւոր ազդեցութեան մասին չցանկացան խօսել նաեւ էկոնոմիկայի նախարար Կարէն Ճշմարիտեանը եւ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսէս Երիցեանը:
Պաշտպանութեան նախարարութիւնից նոյնպէս անարձագանգ թողեցին «Ազատութեան» հարցումն այն մասին՝ արդեօք սառեցուելո՞ւ է Ռուսաստանի ռազմաարդիւնաբերական համալիրի այն ձեռնարկութիւնների հետ համագործակցութիւնը, որոնց նկատմամբ սահմանուել են պատժամիջոցներ:
«Հայաստանի գործարար աշխարհը պէտք է ի գիտութիւն ընդունի ԱՄՆ դեսպանատան յայտարարութիւնը», լրագրողներին այսօր ասաց Արդիւնաբերողների եւ գործարարների միութեան նախագահ Արսէն Ղազարեանը. «Բայց դեսպանատան յայտարարութեան մէջ նշուած կազմակերպութիւնների մի մասը Հայաստանում մենաշնորհային դիրք ունեն էներգետիկայի, տրանսպորտի ոլորտում, եւ մենք ուզենք թէ չուզենք, պիտի աշխատենք: Ամերիկեան կառավարութիւնը պէտք է մտածի, թէ ինչ լուծումներ է տալիս Հայաստանին»:
ՊԱՏԺԱՄԻæՈՑՆԵՐԸ
ՏԱՐԱԾՒՈՒՄ ԵՆ
«ԱՌԵԿՍԻՄԲԱՆԿ»Ի
ԵՒ «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ
ԲԱՆԿ»Ի ՎՐԱՅ
Տնտեսագէտ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրեանի խօսքով, իրականում, «Առեկսիմբանկ»ն ու «ՎՏԲ-Հայաստան բանկ»ը նոյնպէս ընկնում են պատժամիջոցների ներքոյ, քանի որ այդ երկու բանկերը, հանդիսանալով «Գազպրոմբանկ»ի ու «ՎՏԲ»ի սեփականութիւնը, փաստօրէն պատկանում են ռուսական պետական կապիտալին:
«ԱՄՆի եւ ԵՄի պահանջները շատ յստակ են եւ ուղղուած են ֆինանսական բլոկին եւ նաւթագազային համակարգի ձեռնարկութիւններին, բայց հիմնականում այն ձեռնարկութիւններն են, որոնք պետական մասնակցութիւն ունեն 50 տոկոսից աւելի: Այս երկու բանկերն էլ այդպիսին են», ասաց տնտեսագէտը:
Խաչատրեանը շարունակեց, թէ պատժամիջոցները չեն կարող չանդրադառնալ այդ բանկերի վրայ. «Այդ բանկերը օգտւում էին եւրոպական եւ ամերիկեան ֆինանսական կառոյցներին՝ բաւականին էժան, մատչելի վարկեր բերելով: Երբ ուսումնասիրում ենք նրանց տնտեսական գործունէութիւնը, վերաֆինանսաւորման անընդհատ ցիկլի մէջ են գտնւում: Երբ անհրաժեշտ է լինում, նրանք ցածր տոկոսով վարկեր են վերցնում եւրոպական կամ ամերիկեան բանկերից, որով կարողանում են իրենց գործունէութիւնը ծաւալել: Տուեալ դէպքում հաստատ կ՛աւելանան նրանց ֆինանսական ծախսերը, որը կը յանգեցնի տոկոսադրոյքի բարձրացման: Սա նշանակում է բանկերի շահոյթների նուազում եւ իրենց ֆինանսական ծրագրերի կամ ներդրումային պորտֆելի վերանայում»: