
«ԵՐԵՒԱՆ, «Երկիր».- Ադրբեջանական ընդդիմադիր Haqqin.az կայքը շփման գծում ադրբեջանցի զինծառայողների զոհուելու հետ կապուած իր խմբագրականում, խիստ քննադատութեան է ենթարկել բանակի ու երկրի ղեկավարութեանը: Խմբագրականը ներկայացնում ենք ստորեւ.
«ԵԱՀԿ մշտադիտարկումը մարտական գործողութիւնների գօտում անցել է առանց միջադէպերի», ասուած է Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան վերջին մամուլի հաղորդագրութեան մէջ: Իսկ ադրբեջանական հանրութիւնը նորաթուխ նախարար Զաքիր Հասանովից բացատրութիւն է պահանջում ողբերգութեան վերաբերեալ, որը 11 զինծառայողի (ըստ ադրբեջանական կայքերի), իսկ գուցէ եւ 14 ադրբեջանցի զինծառայողի (ըստ հայկական տուեալների) մահուան է յանգեցրել:
Զոհուել է բանակի գրեթէ կէս դասակ, իսկ ՊՆն փորձում է համաքաղաքացիների, զինծառայողների ծնողների, ողջ երկրի համբերութիւնը: Լռում են: Ինչո՞ւ են զոհուել այդ զինուորները: Նրանք զոհուել են հակառակորդի յարձակման ընթացքո՞ւմ, թէ դաշտում՝ յարձակման անցնելիս: Ովքե՞ր են այդ զինուորները, հետախուզութեան զինծառայողնե՞ր, մօտօհրաձգային ուժե՞ր, թէ պայմանագրայիններ: Ո՞վ է նրանց ուղարկել եւ ինչո՞ւ: Արդեօք նրանք իրօ՞ք զինուած են եղել իսրայէլեան արտադրութեան զէնքերով, թէ այն լուսանկարները, որոնք յայտնուել են հայկական կայքերում կեղծիք են:
ՊՆն հրաժարւում է պատասխանել հարցերին, իսկ դա խօսում է այն մասին, որ նորաթուխ նախարարը պարզապէս ասելիք չունի: Սակայն դատելով ամէնից՝ մեր զինուորներն են յարձակման անցել, իսկ նրանց դիմաւորել են փոխադարձ կրակով:
Զինուորական գործից քիչ թէ շատ տեղեակ ցանկացած մէկը, կամ անգամ ռազմարուեստից հեռու մարդը գիտի, որ յարձակուող կողմն աւելի շատ զոհեր է տալիս, քան նա, ով ընդունում է հակառակորդի հարուածը: Երէկ յայտնի դարձաւ 2 հայ զինուորի մահուան մասին: Այսօր հաղորդուեց ադրբեջանական կէս դասակի զոհուելու մասին: Արդեօք 2 հայ Ռեմբօները հարուա՞ծ են հասցրել ադրբեջանական բանակի ամբողջ խմբի:
Դրան հաւատալը դժուար է, այդպէս չի լինում, եւ ոչ այն պատճառով, որ Հայաստանը Ռեմբօ չունի, այլ, դատելով ամէնից, ոչ պաշտօնական տուեալներով զինուորները ոչ թէ զոհուել են նռնակի բեկորներից, այլ գնդակից: Այսինքն, մեր զինուորները ոչ թէ դիւերսիայի զոհ են դարձել, այլ ոչ փորձառու զինուորներին պարզապէս կրակել են:
Եթէ նրանք զինուորներ չեն, այլ հետախոյզներ, ապա ի՞նչ հետախոյզ են, որ այդքան յաճախ են ընկնում անվարժ հայ զինուորի կրակի տակ: Իսկ հայկական բանակում, եթէ հաւատանք հայ լրագրողների քննադատական յօդուածներին, թագաւորում է անօրէնութիւնը:
Իսկ եթէ նրանք ոչ թէ հետախոյզներ, այլ պարզապէս նորակոչիկներ են, ապա ո՞վ է նրանց մահուան ուղարկել: Իսկ գուցէ դա ՊՆ օպերատիւ վարչութեան ղեկավար Էլբրուս Օրուջեւի ձեռքի գո՞րծն է: Այո, այո, չէ՞ որ վերջերս այս սպային, ով Շուշիի պաշտպանութեան հրամանատարն էր եղել եւ յաջողութեամբ քաղաքը յանձնել էր հայերին, ՊՆում բարձր պաշտօնի նշանակեցին:
Այսպէս, թէ այնպէս, ՊՆ ղեկավարութիւնը պէտք է հանրութեանը տեղեկացնի տեղի ունեցածի մասին: Իսկ ո՞վ է յարձակուել: Ինչո՞ւ, եւ ինչո՞ւ են այդքան զոհերը: Կամ էլ մենք պատերազմ ենք սկսել եւ մինչ այժմ չգիտե՞նք դրա մասին: Կռուելու ենք, շատ լաւ, սակայն այդ մասին պէտք է տեղեկացնել ժողովրդին…
Դեռ վերջերս Զաքիր Հասանովը յայտարարել էր, թէ ամէն զոհուած ադրբեջանցի զինուորի փոխարէն Հայաստանը 10 զինուորի կորուստ է ունենալու: Ստացւում է, որ Հասանովի բանակը եթէ ոչ այսօր, ապա վաղը 140 հայ զինուոր է սպանելու, այսինքն՝ կէս գումարտա՞կ:
Ինչ որ անհաւատալի է թւում: Ինչո՞ւ է լռում Զաքիր Հասանովը: Իսկ գուցէ նրա անունը ե՞ւս Ղազախում զոհուածների թւում է: Չէ՞ որ ամէն ժամ թարմացւում է խեղճ զինուորների ցանկը, որոնք մահուան են ուղարկուել, եւ նրանց թիւն աճում է: Իսկ գուցէ Զաքիր Հասանովը նրանց մէ՞ջ է եղել, եւ շուտով նրա անունը կը յայտնուի զոհերի թւո՞ւմ…»:
haqqin.az