
ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».- Յուլիսի 31ին ադրբեջանական դիւերսիայի հետեւանքով զոհուած ժամկետային զինծառայող Ազատ Ասոյեանը աշնանը զօրացրուելուց յետոյ պէտք է շարունակեր կիսատ թողած ուսումը. մինչեւ զօրակոչուելն ընդունուել էր ԵՊՀ իրաւաբանական ֆակուլտետ: Այս մասին NEWS.am-ին պատմեց Ազատ Ասոյեանի հարեւաններից՝ Դոնարա Կոստանեանը:
«Իրենց ընտանիքը շատ յարգուած, շատ լաւն է: Ազատը սպորտսմեն տղայ էր, կարատէի էր գնում, արտաքինով էլ շատ սիրուն տղայ էր, կինոյում է խաղացել: Տղաս «Որոգայթ» ֆիլմի ռեժիսորն էր, իրեն, որպէս սիրուն տղայի, դեր տուեց կինոյում: Էնքան բոյով, սիրուն, յարգանքով, պատուով, արտակարգ տղայ էր: Շատ լաւ է սովորել դպրոցում, շատ խելացի տղայ էր, ընդունուեց իրաւաբանական, տարան բանակ: Ընկերասէր, բարեկամասէր տղայ էր, ընկերուհի ունէր», պատմեց հարեւանուհին:
Հարեւանուհու խօսքով՝ տղան 10 օր առաջ էր արձակուրդ եկել: Թոռան զոհուելու մասին դեռ չգիտի 20ամեայ Ազատի՝ ԱՄՆում գտնուող տատիկը: Կրտսեր եղբայրը գիշերը վերադարձել է Ռուսաստանից:
Յուլիսի 26ին Ազատ Ասոյեանի 20ամեակն է եղել, սակայն դիրքերում է եղել եւ ընտանիքի անդամները չեն կարողացել խօսել հետը:
«Իր մայրը ծննդեան առիթով ամէն ինչ ուղարկել էր, բայց հետը չէր կարողացել խօսել: Դրա համար դարդ էր անում, ասում էր՝ գոնէ երեխուս հետ խօսէի», պատմեց Դոնարա Կարապետեանը:
Ազատը ծնուել ու մեծացել է այն շէնքում, որտեղ բնակւում է նրա ընտանիքը: Հարեւանները, տիկին Դոնարայի խօսքով, հարազատի նման են սիրել Ազատին, ու հիմա էլ հարազատի նման սգում են նրա մահը:
Յուլիսի 31ին ադրբեջանական դիւերսիայի հետեւանքով զոհուած ժամկետային զինծառայող Արարատ Խանոյեանը Արմավիրի մարզի Սարդարապատ գիւղից էր, հասարակ ընտանիքից: Այս մասին NEWS.am-ին ասաց Սարդարապատի գիւղապետ Բաբկէն Վարդանեանը:
«Խելօք, համեստ, անմիջական երիտասարդ էր, շրջապատում ընկերների կողմից յարգուած: Մինչեւ բանակ գնալն էլ հօրն էր օգնում: Հայրն արհեստաւոր մարդ է, բացի այդ հող են մշակում», ասաց գիւղապետը: Նա տեղեկացրեց, որ Արարատ Խանոյեանը մէկ քոյր ունէր՝ իրենից փոքր:
Աւելի վաղ NEWS.am-ը յայտնել էր, որ Յուլիսի 31ին հակառակորդը յարձակում էր գործել հիւսիսային հատուածում մարտական հերթապահութիւն իրականացնող զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասի ուղղութեամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպուած դիմադրութեան՝ հակառակորդը, կրելով բազմաթիւ կորուստներ, հետ է շպրտուել ելման դիրքեր:
Գործողութեան հետեւանքով զոհ-ուել են ՊԲ զինծառայողներ, 1994թ. ծնուած Արարատ Վաչիկի Խանոյեանը եւ Ազատ Արթուրի Ասոյեանը: