ԳԷՈՐԳ ՔՐԻՍՏԻՆԵԱՆ
Ահա իմ տրամադրութեան տակ է մի լաւ, հրաշալի, մարդկային, սրտայոյզ, խորախորհուրդ վիպակ՝ «Բիւրեղապակեայ Ծաղկամանը», որ լոյս է տեսել վերջերս Լոս Անջելեսում: Հեղինակն է Մարգարիտ Դերանցը, մեր գրողների միութեան գործուն մասնակիցներից, որ միշտ հանդէս է գալիս հրաշալի ասմունքով ու վերլուծական խօսքով: Վիպակը վաճառւում է «Ապրիլ», «Սարդարապատ» եւ «Պերճ» գրատներում:
Ի՞նչ է պարունակում այս իրապէս «բիւրեղապակեայ» վիպակը, որ շարահիւսուած է մեր բարդ ու անհաստատ, գլխապտոյտ արագութեամբ զարգացող, կենցաղային եւ հոգեցունց փոփոխութիւններով ընթացող կեանքի պայմաններում: Հեղինակը լաւ է տիրապետում նիւթը, գիտէ ժամանակի, հասարակական, անհատական ու ընտանեկան փոխյարաբերութիւնների մերօրեայ զարգացումները: Նա լաւ է զգում եւ թղթին յանձնում ազգային ու համամարդկային, քաղաքական, հոգեբանական, զգայական ու գաղափարական ազդակները: Դերանց վիպասանը կարողանում է կերպար կերտել, որին հաւատում է ընթերցողը: Մարգարիտը իր հոգու աչքերով է դիտում կեանքը, շրջապատը, մարդկային յարաբերութիւնները, նրանց հոգեկան ու մտաւոր ցնցումները, բախումները, զարգացման ազդակները, հողից ու արեւից սնուցուող կերպարի ցաւը, երջանկութիւնը, կասկածը, երազանքը: Ասես աշխարհը նոյնն է, մարդը նոյնն է՝ այսօր ու վաղը, անցեալում ու ներկայում, սակայն բնոյթն ու էութիւնը, թափն ու խոյանքը այլ են՝ ժամանակի ոգու գոյներն են հագնում:
Մարգարիտ Դերանցի այս հետաքրքիր վիպակի հերոսները իրօք ինքնատիպ են եւ ասես նաեւ՝ սովորական: Գլխաւոր հերոսները Աննան ու Արմէնն են: Միջավայրը Հայաստանն է, Երեւանը: Նրանք սիրում են միմեանց, ամուսնանում են, աշխատում, կերտում իրենց առօրեան: Աննան մտահոգուած է, լարուած, մօտենում է ամուսնու ծննդեան օրը: Նա ուզում է բոլոր միջոցները օգտագործել, ամէն ինչ անել, որ արժանաւոր ձեւով նշուի սիրելի ամուսնու ծննդեան օրը: Կեանքն ընթանում է սովորական, ծանօթ, հաճելի ընթացքով եւ յանկարծակի, յայտնի ու անյայտ բախումներով, ցնցումներով: Զոյգերին, սիրող սրտերին՝ Արմէնին ու Աննային, ասես, ոչինչ չի կարող խանգարել իրենց կեանքը, սէրը վայելելու, աշխատելու. արարելու եւ կենաց գեղեցկութիւնները վայելելու համար: Վիպական գործողութիւնները զարգանում են բնական հունով: Հեղինակի մտայղացած սիւժէն, դիպաշարը զարգանում է հետաքրքիր հունով եւ նաեւ շեղումներով ու շրջանցումներով, յիշողութիւնների անհրաժեշտ լրացումներով: Եւ ամէն ինչ գրաւիչ, թարմ ոճով, առինքնող, թարմաշունչ, պատումի գրաւչութեամբ, համոզիչ ու խորաթափանց, բազմաշերտ պատկերաւորումներով: Ընթերցողին գրաւում են պատումի, գործողութիւնների, երկխօսութիւնների հոսքը, մտածական շարժման ու զարգացման թռիչքային, անակնկալ փոփոխութիւնները, պատկերաշարի ինքնատիպութիւնը, հեղինակային ակտիւութիւնը, իրականութիւնից բխող ենթաշերտերը, բառերի ու մտքերի հոգեբանական ընթացակարգը:
Այս հրաշալի «Բիւրեղապակեայ Ծաղկաման» վիպակի կարեւոր, հոգեհմայ բովանդակութիւնը մեր ժամանակակից վիպագրութիւնը հարստացնում է իր կենսունակութեամբ, կեանքը, մարդը կերպարաւորելու խոր ու թափանցիկ, կենդանի, յուզական յատկանիշներով, կերպարների բնականութեամբ, դարի ու հասարակական պահանջմունքների բնական եւ բարոյական խնդիրների ճշմարտապատում վերլուծութեամբ, եւ այդ ամէնը ճշմարտութեան լոյսերի մէջ ընթերցողին մատուցելով, առանց որեւէ շփոթի, առանց կեղծիքի ու քամահրանքի: Մեր հեղինակը՝ Մարգարիտ Դերանցը զգայուն, գիտակ, ճշմարտութեան լոյսը հոգում վառ պահող գրող է: Եւ նրա գրական խնդիրը կեանքի, դարի ճշմարտութեան բացայայտումն է: Նա լաւ է ըմբռնում նաեւ մի կարեւոր ճշմարտութիւն, որ մարդը ընդհանրապէս այնքան դժբախտ չէ, որքան թւում է հէնց իրեն՝ վիպակի հերոսներից իւրաքանչիւրին, ինչպէս նաեւ նոյն մարդը այնքան երջանիկ չի կարող լինել, որքան ինքն է ցանկանում: Ամէն ինչ ընթանում է բնական, մարդուն, նրա կեանքի ու կենցաղին, միջավայրին բնորոշ զգացումներով, հեղինակային մտասեւեռումների բնոյթին համապատասխան, եւ անակնկալ, ասես ճակատագրական, ոգեղէն, երբեմն անհասկանալի զարգացումներով: Ինչո՞ւ, ինչպէ՞ս եղաւ, որ բարի, զգայուն, լաւատես Աննայի կոշմարային երազը ինչ որ բախտորոշ եղաւ նրա կեանքում… միթէ՞ երազն էր պատճառը, մեղաւորը: Ոչ: Դա հեղինակային զգացողութեան, հեղինակային մտասեւեռումների եւ փորձառութեան հեռաւոր մատոյցներից սողոսկած միտք էր, որ երբեմն վերագրում են ճակատագրին, բախտին, ժառանգական գործօններին: Այդպէս է:
Եւ սկսւում է ընտանեկան ողբերգութիւնը, ջահել ընտանիքի քայքայման ընթացքը: Աննայի եւ Արմէնի սիրոյ, երջանկութեան ու այս ամէնի աղարտման, գուցէ եւ փլուզման պատմութիւնը վիպակի գլխաւոր դիպաշարն է, սիւժէն, որոնք հարստացուած են մի շարք բնական, անհրաժեշտ, կեանքի, ժամանակի ոգին արտայայտող պատումներով, յիշողութիւններով, գլխաւոր հերոսների ընտանեկան, ազգային, տոհմական միշտ կենսալից գեղեցիկ պատումներով, որոնք արտացոլում են ժամանակի կարեւորագոյն իրադարձութիւնները, քաղաքական, հասարակական տրամադրութիւններն ու համընդհանուր վիճակը, որոնք հետք են թողնում գործող անձերի ճակատագրի եւ ապրելակերպի վրայ: Եւ այս գեղագիտական-գեղարուեստական հեղինակային իրագործումները հարստացնում են վիպակի բովանդակութիւնը: Այս առումով վիպաշարի ամբողջականութիւնը լրացնում եւ կենաց գոյն ու երանգ, համ ու հոտ, կեանք ու սէր են հաղորդում Աննայի յիշողութիւնները՝ կապուած մանկավարժ, բարի ու քաղցր, միաժամանակ սկզբունքային բնաւորութեամբ շնչող հօր կերպարը, Մինասի ամէնօրեայ ներկայութիւնը սիրելի աղջկայ պատումներում: Մարգարիտ Դերանցը իր սեղմ, բայց պատկերաւոր գրչով ամբողջական, աւարտուն, յուզիչ, համոզիչ կերպարներ է ստեղծել յանձինս Սերգէյ Էլբակաեանի ու Աննա Դաւիդովնայի, չնայած նրանք հանդէս են գալիս միայն հերոսուհու յիշողութիւններում:
Մի խօսքով բազմաշերտ ու բազմախորհուրդ մի վիպակ է Մարգարիտ Դերանցի «Բիւրեղապակեայ Ծաղկամանը»: Այն գրուած է ապրուած զգացողութեամբ: Լեզուն պատկերաւոր է, ոճը գրաւիչ. ջերմ, պարզ ու ինքնատիպ: Ընթերցողի ուշադրութեան եմ հրաւիրում մի շատ կարեւոր յատկանիշի վրայ, որ հայ դասական գրականութեան բարոյա-հոգեբանական, ազգային լուսաւոր յատկանիշներից կարեւորագոյնն է սիրոյ, նուիրուածութեան ժառանգական փոխանցումը, որ կապուած է օջախի, տան, հողի, հայրենիքի հետ: Ահա մի առիթով Աննան խորհում է՝ յիշելով սիրելի հօր զգացումները, որ փոխանցուել են իրեն. «Մանկութեան, պատանեկութեան լաւագոյն յիշողութիւնները կապուած էին հօր հետ, նոյնիսկ այս անբացատրելի, իւրայատուկ կապը Մասիսների հետ, որ կարծես վեցերորդ զգայարան լինէր: Լինում են պահեր, որ Մասիսները… սովորական չեն ՝ հէնց սրտից է բարձրանում զգացումը, որ տարիների ընթացքում հայրը՝ անուանի մանկավարժ Մինասն էր ներարկել իր սիրելի դստեր՝ Աննայի արեան մէջ. Աննան հօր պէս էր ընկալում հայրենիքի այսօրն ու վաղը, վերածնուած Հայաստանը, ուր իշխում է ճշմարտութիւնը, սէրը, քրիստոնէական խիղճը: Դա ամենալուսաւորն է, որ միաձուլում էր իրեն ու հօրը, իրեն ու հայրենի հողը…»։
Վիպասան Մարգարիտ Դերանցը նիւթի, կերպարի վերիմաստաւորման, նրանց էութեան ծալքերը լուսաւորելու եւ իր ընթերցողի միտքն ու զգացումները հարստացնելու հազուագիւտ շնորհներով է օժտուած: Վիպակի ամփոփիչ ալեբախումներում, որոնք իմաստաւորում են հոգեբանական ցնցումները, հեղինակը գեղարուեստական նոր շերտեր է յայտնաբերում եւ դրանցով դրամատիկական շունչ հաղորդում ողջ պատումի բովանդակութեանը: Աննան հոգեկան ճգնաժամ է ապրում. ի՞նչ անել, ինչպէ՞ս ապրել, լինե՞լ թէ չլինե՞լ ՝ իդէալական սիրոյ կորստից յետոյ:
Եւ նոր պատահական հանդիպում իր դպրոցական ուսուցչի հետ: Եւ յուսահատութեան մէջ էր: Ուսուցիչը լսում է նրան եւ ասում, որ ինքն էլ նոյն վիճակում է… եւ յուսադրում է նախկին աշակերտուհուն: Ճակատագրական հանդիպում եւ կարեւորը՝ վիպական, գեղարուեստական իրականացում, հեղինակային մի նոր սխրանք, որով փրկւում է իր հերոսուհին: Պէտք է կարդալ այս վիպակը, նշուած էպիզոդները եւ ապրելու, նորովի զգալու կեանքը, սէրը, լոյսը, գութը, ճշմարտութիւնը, կենաց վերընձիւղման հրաշքը գրական թաւուտներում:
Գեղագիտական լաւ, գտնուած, ինքնատիպ հնարանք է գրքի 83րդ էջում ծաղկող հեղինակային գիւտը, որ փոքր, բայց ամբողջական պատկեր է՝ մարդկային երջանկութեան եւ ողբերգութեան միահիւսուածք, որ լուսաւորում է ամբողջական ճշմարտութիւնը, հաստատում կեանքի հակասականութիւնը, դիալեկտիկան, որ հէնց սկզբից հեղինակը դրոշմել է գրքի կողին՝ «Բիւրեղապակեայ Ծաղկամանը», խօսուն, իմաստաւորուած: Արժի այս մէջբերումը մեր ընթերցողի համար. «…մտածեց, որ իր կեանքն էլ է պղտորուել ծաղկամանում մնացած ջրի պէս: Յիշեց, թէ ինչպիսի ոգեւորութեամբ էր պատրաստւում Արմէնի տարեդարձին… թօշնած ծաղիկները թափեց, որոշեց խնամքով մաքրել բիւրեղապակէ ծաղկամանը: Սխալմամբ թէյնիկից եռացրած ջուրը լցրեց ծաղկամանի մէջ. լսուեց ճտոց: Աննան ջուրն արագ թափեց, սրբիչով չորացրեց ծաղկամանի ներսը: Աննան նկատեց, որ ծաղկամանը դրսից անվնաս է, բայց ներսի շերտը ճաքճքել էր: Կինը փլուեց աթոռին, գրկեց ծաղկամանն ու հեկեկալով լաց եղաւ… այդ ծաղկամանն իր սիրտն էր, որ ճաք էր տուել ներսից…» (էջ 83): Դրաման խորն է, կենսական, անբուժելի եւ ճակատագրական:
Մարգարիտ Դերանցի «Բիւրեղապակեայ Ծաղկամանը» վիպակը գեղարուեստական կատարմամբ ստեղծագործական ինքնատիպութեամբ որոշակի նուաճում է արդի արձակագրութեան բնագաւառում: Համով վիպակ է, խորաթափանց, մարդկային, կանացիօրէն նուրբ, մայրական, եւ դրա հետ նաեւ առնացի, ուժեղ, նպատակային, մաքրամաքուր, ազնուական, կիրթ, աստուածային, լուսաւոր, անարատ հոգու ճիչ…
Գլենդել