ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանն օրերս ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գրասենեակի (USAID) տնօրէն Քարէն Հիլիարդին, տնտեսական աճի գրասենեակի փոխտնօրէն æեֆ Փարետչանին եւ գրասենեակի ծրագրային մասնագէտ Դիանա Աւետեանին: Ինչպէս «Արմէնփրէս»ին տեղեկացրին ՀՀ մշակոյթի նախարարութեան հասարակայնութեան հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում Քարէն Հիլիարդը ներկայացրել է Հայաստանում իրենց կատարած աշխատանքները, նշել, որ հիմնականում աշխատում են տնտեսական զարգացման ուղղութեամբ, որը ներառում է տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտները՝ յաւելելով, որ նախանշել են նաեւ հեռանկարային զարգացման ներուժ ունեցող եւս երկու ոլորտ՝ գիւղատնտեսութիւն եւ զբօսաշրջութիւն:
Այնուհետեւ գրասենեակի ղեկավարը տեղեկացրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան եւ Սմիթսոնեան հաստատութեան հետ փոխըմբռման յուշագրի կնքման մասին՝ յայտնելով, որ մշակում են համապարփակ հայեցակարգային փաստաթուղթ յետագայ համագործակցութեան շրջանակներն ընդլայնելու համար, որը կը ներառի գրեթէ բոլոր ոլորտները: Միեւնոյն ժամանակ հիւրերը ներկայացրել են Սմիթսոնեան ծրագրի հետ կապուած մանրամասներ, որոնք ընդգրկում են ենթակառուցուածքների զարգացման, մշակութային ժառանգութեան պահպանութեան, նոր զբօսաշրջային արտադրանքի ձեւաւորման եւ այլ ոլորտներ: Անդրադարձ է կատարուել նաեւ իւրաքանչիւր տարի ԱՄՆում կազմակերպուող ֆոլկլորային փառատօնին, որը մեծ ազդեցութիւն է ունենում զբօսաշրջիկների հոսքի մեծացման վրայ: Քարէն Հիլիարդը նշել է, որ բաւականին մեծ հաւանականութիւն կայ, որ առաջիկայ տարիներին նշուած փառատօնի թեմատիկա ընտրուի Հայաստանը:
ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանը շնորհակալութիւն է յայտնել կատարած աշխատանքի համար եւ առաջարկել ներկայացուած ծրագիրը քննարկել առաւել լայն լսարանով: Միեւնոյն ժամանակ նախարարը նշել է, որ ՀՀ կառավարութեան կողմից մշակուել են մի շարք ռազմավարական ծրագրեր, ինչպիսին է Երեւան-Մեղրի զբօսաշրջային զարգացման հեռանկարային ծրագիրը, որն ընդգրկում է 3 մարզերի (ՀՀ Արարատի, Վայոց ձորի եւ Սիւնիքի մարզեր) գրեթէ բոլոր բաղադրիչները, սկսած երթուղու ճանապարհներին առկայ յուշարձաններից, վերջացրած ենթակառուցուածքների զարգացումը: Այդ ծրագիրը ներկայացուել է Համաշխարհային բանկին, եւ անհրաժեշտութեան դէպքում կարող է օգտագործուել Սմիթոսոնեան ծրագրի նախապատրաստման եւ իրականացման փուլերում: ՀՀ մշակոյթի նախարարն անդրադարձել է մշակոյթի նախարարութեան եւ ԱՄՆ դեսպանների մշակութային արժէքների պահպանութեան հիմնադրամի հետ յաջող համագործակցութեանը: Յիշատակուել է Դաշտադէմի ամրոցի եւ նրա շրջակայքում գտնուող մշակութային ժառանգութեան, տարածքների ուսումնասիրման, գնահատման, վերականգնման, օգտագործման եւ հանրահռչակման (1ին փուլ) ծրագիրը, որի իրականացումը համաֆինանսաւորւում է ՀՀ կառավարութեան կողմից:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.