ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Յօդուածագիրը պնդում էր, որ հարուստ լինելը շատ աւելի նախընտրելի է, քան աղքատութիւնը, սակայն այն չի բերում երեւակայական արտօնութիւնների այն միագումարը, որ աղքատները երազում են իրենց նեղ օրերին: Աղքատութիւնից հարստութիւն ընկած ճանապարհը լեցուն է անսպասելի փոփոխութիւններով, եւ ոչ միշտ են այդ փոփոխութիւնները հաճելի:
Հարցուածներից մէկը պնդում էր, թէ իր ծնողները մի քանի տարուայ մէջ չտեսնուած կարողութեան տէր դարձան աշխատանքի, ջանասիրութեան, եւ մի քանի բարենպաստ գործարքներից յետոյ: Նա հաւաստիացնում էր, թէ իր մօր համար փող կուտակելը դարձել էր մի այնպիսի մոլուցք, որ նոյնիսկ չէր մտածում այն պատշաճ ձեւով վայելելու մասին: Վերջապէս, նման մոլուցքը մարդուն հիւանդութեան կարող է հասցնել, երբ քո նախատեսած արդիւնքը (առարկայական) չես կարողանում ապահովել: «Ես վկայ եմ եղել այս ամբողջ պատմութեանը», ասում էր հարցուած անձը։ «Կարող եմ ամենայն լրջութեամբ յայտարարել, թէ բարեկեցութիւնը շատ աւելի նախընտրելի վիճակ է, քան հարստութեան մոլուցքը»: Մի կողմից էլ հարստութիւնը իւրատեսակ լակմուսի թղթի դեր է տանում, քանի որ հարստանալուց յետոյ է միայն երեւում մարդու իրական դէմքը, կարծում է մէկ այլ հարցուած անձ: Հարստանալուց յետոյ մարդկանց մի զգալի մասը դառնում կասկածամիտ: Հարց է առաջանում, թէ քեզ լաւ վերաբերուող մարդկանցից ովքե՞ր են քեզ քծնում ունեցուածքիդ առկայութեան համար եւ ովքե՞ր են իրօք նուիրուած քո անձին: Իսկ եթէ ամուսնանալու ենթակայ ես, ապա խնդիրը շատ աւելի է բարդանում, եւ հաւասարումը խճճւում է, քանի որ չգիտես, թէ փողի համա՞ր են քեզ ընտրում, թէ՝ քո մարդկային արժանիքների:
Որոշ հարստացած մարդկանց կարծիքով մի հետաքրքիր երեւոյթ էլ է ի յայտ գալիս, որի մասին մարդիկ չեն մտածում: Կարողութեան հետ մէկտեղ մարդու վարքի ակնկալիքներն էլ են փոխւում, այսինքն հասարակութիւնը հիմնականում աւելի ընդգծուած սպասելիքներ ունի քեզնից, համեմատած անցեալի հետ: Ըստ մի կնոջ, հարուստ մարդուց չեն ակնկալում, որ շատ տրտնջայ կամ իր տխրութիւնը բացայայտօրէն կիսի շրջապատի հետ: Բայց չէ՞ որ մարդը հիմնականում զգայուն էակ է, եւ շատ դրամը չի կարող յագեցնել տրտնջալու ցանկութիւնը, եւ մարդը ստիպուած է լինում խեղդել իր «լաց լինելու» բնական պահանջը: Եւ եթէ այսպիսի դէպքերը յաճախ են տեղի ունենում, ապա արհեստական ժպիտները կամ անհոգութիւնը մի օր Դամոկլեան սրի նման կախւում է գլխիդ:
Առարկաների եւ իրերի նկատմամբ ձեռք բերած ծարաւը երբեք չի յագենում: Նոր գնուած իրը, ինքնաշարժը, թանկարժէք առարկաները արագօրէն կորցնում են իրենց հետաքրքրութիւնը մարդու աչքում, քանի որ այս վազքին վերջ չկայ: Եւ գալիս է մի ժամանակ, որ անկախ քո հարստութեան չափի, չես կարողանում ձեռք բերես հերթական իրը, ինքնաթիռը, կղզին, քանի որ քո կարողութիւններից վեր է այն ունենալը: Եւ առարկայապաշտը այս իրավիճակում անտանելիօրէն դժբախտ է իրեն զգում:
Նոր հարստացածներից մէկն էլ խոստովանում է, թէ երեսուն տարեկանում է միանգամից հարստացել, երբ վաճառել է իր ընկերութիւնը: Այժմ աւելի հասուն տարիքում փիլիսոփայօրէն խորհելիս կարծում է, որ աւելի լաւ կը լինէր, եթէ հարստանալու ընթացքը շատ աւելի երկար տեւէր, ոչ թէ այդպէս կայծակնային ձեւով:
Իւրաքանչիւր մարդու մէջ նիրհում է ընչաքաղցութիւնը, պարզապէս իրենց կեանքի ընթացքում շատերը կարողանում են այն սպանել, ոմանք կարողանում են այն կարգաւորել, իսկ մի մասն էլ դառնում է դրա աներկբայ գերին: Երբ փողն է մարդուն ծախսում, ոչ թէ մարդը՝ փողին, ոչ մի լաւ բան սպասել չի կարելի: Վերջապէս, կայ մի սահման, որտեղ փողը դադարում է ապրանք գնելու միջոց դառնալ, այլ վերածւում է իշխանութեան արտայայտման լկտի ձեւի: Սրանից վերեւ, աննշան բացառութիւններով, փողը դառնում է ուրիշի վրայ ճնշում գործադրելու միջոց, իսկ երբ այն կորցնում է քաղաքակիրթ դիմակը, դառնում է ուղղակի մահացու մի զէնք:
Այստեղ հարկ եմ համարում յիշեցնել իմաստունի խօսքերը, թէ «ինձ թաղելուց ձեռքս դագաղից դուրս թողէք, որպէսզի մարդիկ համոզուեն, որ ունեցուածքիցս եւ ոչ մի լումայ հետս չեմ տանում այն աշխարհ»: