ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- ՀՀ մարդկային իրաւունքներու պաշտպան Կարէն Անդրէասեան նամակ մը յղած է ՄԱԿի մարդկային իրաւունքներու հարցերով գերագոյն յանձնակատար Նաւի Փիլիային՝ Ատրպէյճանի մէջ գերի ինկած եւ սպաննուած ՀՀ քաղաքացի Կարէն Պետրոսեանի դէպքին առնչութեամբ: Նամակին մէջ ըսուած է.
«Իմ խորին մտահոգութիւնն եմ յայտնում Ադրբեջանում գերեվարուած ՀՀ քաղաքացիների նկատմամբ խոշտանգումերի եւ սպանութիւնների, մասնաւորապէս, 2014թ. Օգոստոսի 7ին Ադրբեջանում գերի ընկած եւ մէկ օր անց սպանուած ՀՀ քաղաքացի Կարէն Պետրոսեանի դէպքի առթիւ: Ադրբեջանական կողմը հրապարակաւ նուաստացրել ու խոշտանգել է հոգեկան առողջութեան ակնյայտ խնդիր ունեցող Պետրոսեանը: Դրան հետեւեց Ադրբեջանի յայտարարութիւնն այն մասին, որ Պետրոսեանը յանկարծամահ է եղել «սրտային անբաւարարութիւնից»: Մինչդեռ, ըստ Պետրոսեանի բժշկական քարտի՝ վերջինս եղել է ֆիզիկապէս լիովին առողջ: Կարէն Պետրոսեանի սպանութիւնից 17 օր անց, ադրբեջանական կողմը դիակը դեռ չի յանձնել Հայաստանին: Ես հիմնաւոր կասկածներ եւ մտավախութիւն ունեմ, որ Պետրոսեանի դիակի յանձնման ձգձգումը խոշտանգման հետքերը թաքցնելու նպատակ է հետապնդում: Նոյն կերպ 2010թ. Ադրբեջանում գերութեան մէջ սպանուեց քաղաքացիական անձ Մանուէլ Սարիբէկեանը, իսկ մէկ այլ քաղաքացիական անձ՝ Մամիկոն Խոջոյեանը, 2014թ. մահացաւ Ադրբեջանում խոշտանգուելու հետեւանքով, հայրենիք վերադառնալուց յետոյ:
Ադրբեջանի մարդու իրաւունքների յանձնակատար, Օմբուդսմենների միջազգային ինստիտուտի եւ Օմբուդսմենների եւրոպական ինստիտուտի անդամ Էլմիրա Սուլէյմանովան մինչ օրս որեւէ դիրքորոշում չի յայտնել Կարէն Պետրոսեանի սպանութեան վերաբերեալ: Ակնկալելի էր Սուլէյմանովայի նման պահուածքը, քանի որ նոյն այդ պաշտօնեան ողջունել էր իր հայրենակից Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թուականին քնած հայ սպայ Գուրգէն Մարգարեանի գլխատումը՝ կացնահարման միջոցով, ոճրագործի գործողութիւններն անուանելով «հայրենասիրութեան օրինակ՝ երիտասարդների համար»:
Գերուն խոշտանգելը խորապէս հակասում է միջազգային մարդասիրական իրաւունքով սահմանուած նորմերին, մասնաւորապէս՝ պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչութեան պաշտպանութեան մասին Ժընեւի կոնվենցիայի դրոյթներին:
Կոչ եմ անում ձեզ՝ անմասն չմնալ եւ հանդէս գալ Ադրբեջանի ապօրինի գործողութիւնները դատապարտող յայտարարութեամբ, նպաստել Կարէն Պետրոսեանի դիակի Հայաստան տեղափոխմանը եւ սպանութեան համակողմանի, անկողմնակալ ու թափանցիկ հետաքննութեան անցկացմանը»։
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.