
ԵՐԵՒԱՆ.- Օգոստոսի 26ին ՀՀ սփիւռքի նախարարութիւնում տեղի ունեցաւ ամերիկահայ պրոդիւսեր Շիրակ Խոջայեանի «Ճերմակ Արագիլ» եւ «Ծիրան. Հայաստանի Օրհնուած Ծառը» վաւերագրական ֆիլմերի ցուցադրութիւնը: Ֆիլմերի դիտմանը ներկայ էին սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը, տէր եւ տիկին Շիրակ եւ Սեդա Խոջայեանները, ֆիլմերի ստեղծագործական խմբերի ներկայացուցիչներ, սփիւռքի նախարարութեան աշխատակիցներ:
Շիրակ Խոջայեանը կինոպրոդիւսեր է, եւ կինոլուսանկարիչ: Ծնուել է Բաղդադում եւ մինչեւ 1977թ. ղեկավարել է Իրաքի պետական հեռուստաընկերութեան ֆիլմարտադրութեան բաժինը: 1977թ. տեղափոխուել է ԱՄՆ: 1979թ. Շիրակ Խոջայեանը ստեղծել է առաջին հայալեզու հեռուստածրագիրը՝ Հայկական հեռուստաժամանակը, աշխատել է շատ հոլիվուդեան ֆիլմերի վրայ՝ որպէս ռեժիսոր-լուսանկարիչ:
Երկու ֆիլմերն էլ ճանաչողական արժէք ունեն եւ նեկայացնում են հայ ժողովրդի արժեհամակարգում կարեւոր տեղ զբաղեցնող խորհրդանիշներ: «Ճերմակ Արագիլ» ֆիլմը ներկայացնում է հայ ժողովրդի համար գարնան, լուսաւոր ապագայի ու բարութեան խորհրդանիշ արագիլների պատմութիւնը: Հայաստանի գիւղերում հաստատուած արագիլների հանդէպ բնակիչների սիրոյ ու բարեհաճ վերաբերմունքի եւ Հայաստանի Ամերիկեան համալսարանի բնութեան պահպանութեան բաժանմունքի կողմից իրականացրած հետազօտական աշխատանքների մասին է ֆիլմը:
«Ծիրան. Հայաստանի Օրհնուած Ծառը» ֆիլմը հայոց արեւահամ ծիրանի ու ծիրանենու մասին է:
Շիրակ Խոջայեանը շնորհակալութիւն յայտնեց ցուցադրութիւնը կազմակերպելու համար: «Կարծում եմ, որ ֆիլմը կը նպաստի անգլիալեզու երիտասարդներին ազգային արժէքների հետ կապելուն», ասաց նա:
Բարձր գնահատելով տէր եւ տիկին Շիրակ եւ Սեդա Խոջայեանների հայանպաստ գործունէութիւնը՝ ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը նրանց պարգեւատրեց նախարարութեան պատուոգրով: