«Արցախեան ազատամարտը մեզ համար այն սրբագոյն պայքարն էր, որով կարողացանք պահպանել մեր ժողովրդի արժանապատուութիւնը:
Ցաւօք, պատերազմում ունեցել ենք անդառնալի կորուստներ, եղել են նաեւ անյայտ կորածներ, որոնց ճակատագիրը մինչ այսօր անյայտութեան մէջ է: Այսօր՝ Անյայտ կորածների միջազգային օրուայ կապակցութեամբ հերթական անգամ յիշում ենք նրանց եւ մեր զօրակցութիւնը յայտնում անյայտ կորածների ընտանիքների անդամներին:
Տարիներ առաջ ստեղծելով Հայաստանի անյայտ կորածների, գերիների եւ պատանդների հարցերով միջգերատեսչական յանձնաժողովը՝ մեր պետութիւնը միջազգային կազմակերպութիւնների միջոցով հետեւողական աշխատանք է տանում, որպէսզի անյայտ կորածների ճակատագրերը պարզորոշ դառնան, եւ ապահովուի ողջ մնացածների վերադարձը հայրենիք:
Որպէս այդ յանձնաժողովի նախագահ՝ ես առաւել շահագրգռուած եմ, որ վերջ դրուի տարիներ շարունակ ձգձգուող անյայտ կորածների եւ նրանց ընտանիքների անդադար տառապանքներին: Հաւաստիացնում եմ, որ, կիրառելով միջազգային ատեանների հետ համագործակցութեան բոլոր ուղղութիւնները, մենք հայրենիք կը վերադարձնենք օտարութեան մէջ ընտանիքների կարօտով ապրող մեր որդիներին:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի Հայաստանի գրասենեակի տուեալներով՝ Ղարաբաղեան հակամարտութեան արդիւնքում մեզ մօտ գրանցուել է աւելի քան 400 անյայտ կորած մարդ:
Դեռ 1992ից Հայաստանի Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտէն սերտ համագործակցում է հայաստանեան իշխանութիւնների, մասնաւորապէս՝ պաշտպանութեան նախարարութեան հետ՝ անյայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու եւ նրանց ընտանիքների կարիքները հոգալու նպատակով:
Մենք մշտապէս մտահոգուած ենք անյայտ կորածների եւ նրանց ընտանիքների անտեսուած չլինելու կարեւոր խնդրով, որը պէտք է լինի բոլորիս ուշադրութեան կենտրոնում:
Սփոփում, մխիթարանք եւ համբերութիւն եմ մաղթում բոլոր անյայտ կորածների ընտանիքների անդամներին, վստահեցնելով, որ մեր հետեւողական աշխատանքի շնորհիւ, այլեւս չենք արտաբերի «անյայտ կորած» եզրոյթը», նշուած էր ուղերձին մէջ։
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.