ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».– Կոտայքի մարզի Բիւրեղաւան ու Նոր Հաճըն քաղաքներուն մէջ 4 Սեպտեմբերին տեղի ունեցաւ Հայ օգնութեան ֆոնտի բարեսիրական ճաշարաններու պաշտօնական բացումը:
Այս առթիւ ՀՕՖի հրապարակած հաղորդագրութեան մէջ նշուած է.
«Կոտայքի մարզի սոցիալական ծանր պայմաններ ունեցող երկու քաղաքների ճաշարանները, որ գործում են 2014ի գարնանից, ամէն օր այցելում է 300 մարդ՝ հիմնականում տարեցներ, հաշմանդամութիւն ունեցողներ ու բազմազաւակ ընտանիքների անդամներ:
Մարթա Ղազարեանը երեք երեխայ ունի, ամուսինը գործազուրկ է ու շշեր հաւաքելով է կարողանում հոգալ վարձով բնակարանի գումարի հարցը: Մարթան լարուած օրերին օգնում է Նոր Հաճընի բարեգործական ճաշարանի աշխատակազմին մինչ երեխաները սնւում են. «Շատ մեծ օգնութիւն ա էս ճաշարանը, քանի որ ամուսինս աշխատանք չունի ու երեխէքս սոված չեն մնում», յայտնած է նա:
ՀՕՖը օգնում է Հայաստանի սոցիալապես անապահով տարեցներին ու բազմանդամ ընտանիքներին հոգալ իրենց կենսական կարիքների մի մասը 1995 թուականից՝ փորձելով փոքր-ինչ մեղմել նրանց առօրեայ հոգսերն ու վստահեցնել նրանց, որ իրենք մենակ չեն: Հայաստանում, որտեղ իւրաքանչիւր երրորդ քաղաքացին աղքատ է, առաւել դժուար է այն համայնքների բնակիչների համար, որոնք խորհրդային տարիներին արդիւնաբերական քաղաքներ են եղել, այդ թւում եւ Բիւրեղաւանն ու Նոր Հաճընը»։
«Ուզում եմ մէկ անգամ էլ վստահեցնել, որ Հայ օգնութեան ֆոնդը ձեզ հետ է, ու մենք պատրաստ ենք սատարել ձեզ ցանկացած հնարաւորութեան դէպքում», իր բացման խօսքին մէջ նշած է ՀՕՖի հայաստանեան մասնաճիւղի գործադիր տնօրէն Բագրատ Սարգսեան:
Ճաշարանները կը գործեն ի պատիւ երկու ականաւոր հայ կիներու՝ Եղիսաբէթ æամբազեան-Մանգոյեանի ու Եղիսաբեթ Ամբարեան-Ուզունեանի, որոնք դժուար կեանք ապրած են, բայց միշտ պատրաստ եղած են իրենց ունեցուածքը կիսելու կարիքաւորներուն հետ։
Բարեսիրական ճաշարաններու շէնքերը տրամադրած են Բիւրեղաւանի ու Նոր Հաճընի քաղաքապետարանները, որոնց ղեկավարները եւս ներկայ գտնուած են բացման արարողութեան։
«Ի հարկէ, շատ կարեւոր ու օգտակար աշխատանք է արւում: Սկզբում մարդիկ կաշկանդւում էին այցելել ճաշարան, բայց այսօր արդէն ազատօրէն այցելում են ու բարեհամբոյր ձեւով ստանում իրենց այդքան անհրաժեշտ սնունդը», Բիւրեղաւանի ճաշարանի բացման ընթացքին յայտնած է քաղաքապետ Յակոբ Բալասեան:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.