
Սոյն թուականի Օգոստոսի 30ից Սեպտեմբերի 7ն ընկած ժամանակահատուածում Մոսկուայի օրուան նուիրուած տօնակատարութիւնների շրջանակներում տեղի ունեցաւ «Սպասկայա Բաշնիա» զինուորական-երաժշտական միջազգային փառատօնը (Կարմիր հրապարակում):
Հեղինակաւոր այս փառատօնին այս տարի մասնակցում էին Իռլանդիայի, Իտալիայի, Չինաստանի, Մեքսիկայի, Շուէյցարիայի, Սերբիայի, Թուրքիայի, Ղազախստանի եւ ռուսական 13 պետական եւ ռազմական նուագախմբեր, երաժշտախմբեր: «Մենք» ազգային արժէքների պահպանման հիմնադրամի հիմնադիր եւ գլխաւոր տնօրէն Պաւել Սարգսեանի նախաձեռնութեամբ իրականացուած բանակցութիւնների արդիւնքում՝ Հայաստանն առաջին անգամ ներկայացաւ երկու խմբով («Մենք» հիմնադրամի ներքոյ գործող «Երեւանեան թմբուկներ» թմբկահարների խումբը՝ Սոֆի Դեւոյեանի ղեկավարած «Արմելադ» պարային համոյթի հետ համատեղ): Հայաստանի պատուիրակութեան ղեկավարն էր Պաւել Սարգսեանը: Վերոնշեալ խմբերի անդամները թուով 35ն էին, որոնց տարիքային շեմը տատանւում է 12-21ի սահմաններում՝ բոլորը աղջիկներ:
Փառատօնի համերգային ծրագրում Հայաստանի պատուիրակութիւնը հանդէս եկաւ «Երեւանեան թմբուկներ»ի թմբկահարների կատարումներով եւ «Արմելադ» պարային համոյթի պարային համարով (զինուորական Եարխուշտա պար): Շուրջ վեց րոպէ տեւողութեամբ համարում ներկայացուեցին նաեւ ՀՀ պետական խորհրդանշանները եւ պատմական Հայաստանը ներկայացնող թագաւորութիւնների զինանշանները պատկերող դրօշները (այդ թւում՝ Երեւանի զինանշանը):
Կարմիր հրապարակում անցկացուող այս փառատօնի 9 օրերի ընթացքում Հայաստանի պատուիրակութեան ներկայացուած համարին ականատես են եղել մօտ 60 հազար մարդիկ, որոնց թուին կարելի է աւելացնել նաեւ համացանցով եւ հեռուստատեսութեամբ ականատես դարձած 100 միլիոնից աւելի մարդկանց:
Սեպտեմբերի 6ին Մոսկուայի օրուան նուիրուած տօնակատարութիւնների շրջանակում տեղի ունեցաւ «Սպասկայա Բաշնիա» փառատօնի բոլոր մասնակիցների մասնակցութեամբ տօնական քայլերթ: Մոսկուայի Տվերսկայա փողոցով անցկացուող տօնական քայլերթում Հայաստանի պատուիրակութիւնը՝ քայլերթով, որն ուղեկցւում էր թմբկահարների կատարումներով, ՀՀ պետական խորհրդանշանները եւ պատմական Հայաստանը ներկայացնող թագաւորութիւնների զինանշանները պատկերող դրօշներով, հանդէս եկաւ մօտ 65-70 հազար հանդիսատեսի առջեւ:
Կանխաւ երախտագիտութեամբ եւ յարգանքով՝
«Մենք» ազգային արժէքների պահպանման
հիմնադրամի հիմնադիր եւ գլխաւոր տնօրէն՝
ՊԱՒԵԼ ՍԱՐԳՍԵԱՆ