
ՍՈՆԱ ԱԴԱՄԵԱՆ
«Փրկութեան Քարտէսը». այսպէս է կոչւում «ՄԵՆ Փիքչըրզ Ստուդիօ»ի, Ազգային կինօկենտրոնի մասնակցութեամբ ֆիլմը, որը նուիրուած է Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցին: Մօտ 90-100 րոպէ տեւողութեամբ խաղարկային դրուագներով վաւերագրական լիամետրաժ ֆիլմը ներկայացնում է Հայոց Ցեղասպանութիւնը՝ հումանիզմի ու մարդասիրութեան լոյսի տակ: Ֆիլմի հերոսները եւրոպացի 5 հումանիստ միսիոներ կանայք են՝ Քարէն Եփփէ, Մարիա Եակոբսըն (Դանիա), Բոդիլ Բէորն (Նորվեգիա), Ալմա Եուհանսոն (Շուէդիա), Հեդուիգ Բիւլ (Էստոնիա), ովքեր, դառնալով Հայոց Մեծ Եղեռնի ականատեսները, հիմնադրում են հայ երեխաների ու կանանց համար ապաստարաններ, որբանոցներ: Ֆիլմը վարում է ֆինն պատմաբան Սուանտէ Լունդգրենը, ով անցնում է միսիոներ կանանց առաքելութեան ճանապարհը եւ գծում հայոց կոտորածների մի նոր քարտէս՝ «Փրկութեան Քարտէսը»:
Ֆիլմի եւրոպական մասի նկարահանումները, որոնք տեւել են 26 օր, արդէն աւարտուել են: Նկարահանումներն իրականացուել են միսիոներ կանանց ծննդավայրերում՝ Նորվեգիա, Շուէդիա, Դանիա, Գերմանիա, Էստոնիա եւ այդ երկրների 14 քաղաքներում, ինչպէս նաեւ 3 թագաւորական գրադարաններում, մի շարք պետական արխիւներում, թանգարաններում: Ֆիլմի գլխաւոր պրոդիւսեր, «ՄԵՆ Փիքչըրզ Ստուդիօ»ի տնօրէն Մանուէլ Սարիբէկեանի գնահատմամբ, շատ մեծ ու արդիւնաւէտ աշխատանք է տարուել, որի արդիւնքում կայ մօտ 20 ժամ նկարահանուած տեսանիւթ: Այսինքն՝ ֆիլմի մօտ 60-65 տոկոսը նկարահանուած է, մնացել է նկարահանումներ իրականացնել Արեւմտեան Հայաստանի մի քանի վայրերում, նաեւ Լիբանանում, որին կը յաջորդի ֆիլմի յետարտադրական փուլը:
Ֆիլմի բեմադրող ռեժիսորն է Արամ Շահբազեանը, սցենարի հեղինակը՝ Աննա Սարգսեանը, բեմադրող օպերատորը՝ Արթուր Ղարայեանը: Ֆիլմի գլխաւոր դերակատարը, ով իւրօրինակ ձեւով վարում է ֆիլմը, պատմաբան Սուանտէ Լունդգրենն է՝ Ֆինլանդիայից, ով իր գրքում ասորիների ցեղասպանութեանը զուգահեռ մեծ տեղ է յատկացրել նաեւ հայերի ցեղասպանութեանը. «Նա ֆիլմում ներկայացնում է այդ կանանց կեանքը, նրանց մարդասիրական գործունէութիւնը օրագրերի, ականատեսների յուշագրութիւնների միջոցով, ֆիլմը կառուցւում է փաստագրական հիմքերի վրայ: Բացի Հայաստանից, ֆիլմի խորհրդատուների մէջ են նաեւ 5 այլ երկրներից 6 պատմաբաններ, ովքեր հիմնականում ֆիլմի 5 հերոսուհիների կենսագիրներն են»: Պրոդիւսերն ասում է, որ ֆիլմի կառուցուածքի իւրօրինակ ընտրութիւնը պայմանաւորուած է նաեւ դրսի հանդիսատեսին ընկալելի լինելու հանգամանքով: Այժմ կանգնած են այն խնդրի առաջ, որ եթէ ֆինանսաւորում չյատկացուի եւ Հոկտեմբերից չվերսկսեն նկարահանումները, ժամանակի հետ կապուած՝ լուրջ խնդիրներ կ՛ունենան:
Ֆիլմի բիւջէի 35 տոկոսի աջակցութիւնը ցուցաբերել է ՀՀ մշակոյթի նախարարութիւնը՝ Հայաստանի ազգային կինօկենտրոնի միջոցով, որից 40 տոկոս գումարը յատկացուել է 2014թ.ին, իսկ 60 տոկոսը նախատեսուել է 2015ին. «Շատ մեծ ոգեւորուածութեամբ, առանց հանգստի, մի շնչով իրականացրինք այդ աշխատանքները, շնորհիւ նկարահանման խմբի պրոֆեսիոնալիզմի, առանձնայատուկ նուիրուածութեան, Սփիւռքի մեր հայրենակիցների, այլ ազգի մարդկանց, հայկական եւ տեղական կազմակերպութիւնների: Եկանք Հայաստան ու փաստի առաջ կանգնեցինք: Գնալուց առաջ յուսադրող էր, որ գուցէ այն գումարը, որ պէտք է յատկացնեն յաջորդ տարի, կը յատկացնեն այս տարի, եւ մենք կը կարողանանք մեր աշխատանքները շարունակել ու ֆիլմն աւարտել մինչեւ 2015թ. Ապրիլը, բայց, ցաւօք, դեռ ձգձգւում է: Ներկայ դրութեամբ սպասում ենք կառավարութեան որոշմանը, որպէսզի գումար յատկացնի նշուած տարելիցի մշակութային միջոցառումների իրականացման ծախսերի համար, որտեղ, ըստ հաւաստիացումների, նախատեսուած է նաեւ մեր ֆիլմը»:
Կինօպրոդիւսերը նշում է, որ դեռ 2012ի Սեպտեմբերին ֆիլմի 1ին տարբերակը, որտեղ նախատեսւում էր ներկայացնել 18 երախտաւորների՝ 14 երկրներից, 3 այլ նախագծերի հետ յանձնել է Ցեղասպանութեան 100ամեայ տարելիցի յանձնաժողովին, բայց ոչ մի պատասխան չի ստացել: «Ցաւօք, դրսում աւելի մեծ պատրաստակամութիւն կար աջակցելու, օգնելու, քան այստեղ՝ Հայաստանում, նոյնիսկ այլազգիների մօտ կար այդ ոգեւորուածութիւնը, իսկ մեզ մօտ անորոշ վիճակ է դեռ»: Սարիբէկեանը նշում է, որ եթէ դրսում չլինէր տեղացի հայերի եւ օտարազգիների աջակցութիւնները, գուցէ 2 երկրից աւել չկարողանային նկարահանումներ անել, բայց այս դէպքում նկարահանել են ամէն մանրուք՝ ֆիլմից դուրս չթողնելով ոչ մի կարեւոր դետալ. «Այս տեսակի ծաւալուն ֆիլմը մէկ ուրիշ երկրում մի քանի անգամ աւել ծախսեր ու ժամանակ կը պահանջէր, որը մենք արել ենք մինիմալ ժամկէտում, մինիմալ գումարով, ի հաշիւ նաեւ խմբի նեղութեան»:
Թէ ինչն է պատճառը, որ Ցեղասպանութեան 100ամեայ տարելիցին ընդառաջ նման դոկումենտալ ֆիլմն ստուերում է մնում եւ չֆինանսաւորուած, կինօպրոդիւսերը խնդիրը հիմնականում տեսնում է մեր երկրում բոլոր ոլորտներում, այդ թւում կինօ նկարելու, ամէն ինչ անձնաւորուած լինելու մէջ: Մինչդեռ նման ֆիլմը պէտք է լինէր պետական պատուէր: Ի դէպ, կառավարութեան որոշմամբ վերջերս գումար յատկացուեց մի քանի ռեժիսորների ֆիլմերի, ինչի կապակցութեամբ Սարիբէկեանն ուրախ է իր գործընկերների համար, բայց կարծում է, որ պէտք է հաշուի առնուեն նաեւ նման առանձնայատուկ դէպքերը, քանզի պարտաւոր ենք այս տարելիցը պատուով յիշատակել, որը շատ մեծ համազգային, համամարդկային խնդիր է: Բացի այդ, վաղուց ժամանակն է, որ պետութիւնը յստակեցնի իր ռազմավարութիւնը կինօոլորտում՝ ապահովելով մրցակցութեան հաւասար դաշտ: Իսկ խոշոր ներդրողները, ըստ Սարիբէկեանի, հովանաւորում են հիմնականում աւելի բարձր ատեանների հովանու տակ ներկայացուող նախագծերը:
Նա պատմեց, որ հայ գործարարներից մէկին, որը նաեւ ճանաչուած քաղաքական գործիչ է, երբ ներկայացրել է ֆիլմի եւ ցեղասպանութեան թեմայով այլ նախագծեր, վերջինս ասել է, որ ֆինանսական աջակցութիւնը պետական յանձնաժողովի եւ պետութեան խնդիրն է, ապա նաեւ հարցրել է՝ իսկ քո շահը ո՞րն է: «Ինձ համար շատ զարմանալի էր ու տխուր, մի կողմից էլ հասկանալի, որովհետեւ ոչ բոլոր պրոդիւսերները յանձն կ՛առնեն այս տեսակ նախագիծ, որը շահութաբեր նախագիծ չէ, բայց եւ մեծ կարելիութիւններ ունի ցուցադրուելու այլ երկրների հեռուստաալիքներով: Ակնկալիքներ ունենք, որ ֆիլմը կ՛ունենայ մեծ տարածում, որովհետեւ մեր հիմնական նպատակը Ցեղասպանութեան հարցն այլազգիներին տեղ հասցնելն է՝ մարդասիրութեան, մեր ֆիլմի երախտաւորների միջոցով: Լիայոյս ենք, որ շատ մօտ ժամանակներում կը լուծուեն նիւթական հարցերը կառավարութեան միջոցով, եւ գուցէ նաեւ ի յայտ գան նոր գործընկերներ, աջակիցներ, որոնք նոյնպէս իրենց լուման կը ներդնեն այս կարեւոր նշանակութիւն ունեցող ֆիլմի ստեղծմանը», ընդգծեց Սարիբէկեանը: