«Թուրքիայի կառավարութիւնը մշակութային կոթողների վերականգման քօղի տակ Անիի եկեղեցիների վերանորոգումը վստահել է թուրք եւ օտարազգի շինարարների, որոնք եկեղեցիների վրայից իսպառ վերացնում են առանց այն էլ համարեա ոչնչացուած հայկական հետքերը՝ խաչեր, արձանագրութիւններ, որմանկարներ, եւ այլն: Թուրք զբօսավարները հայկական Անի ժամանած զբօսաշրջիկներին արձանագրութիւնները ներկայացնում են որպէս վերացած անյայտ ժողովրդի թողած հետքեր, եւ պատմութիւնն ու արդարութիւնը խեղւում են ամէն պահ ու անպատիժ: Հաշուի առնելով այս ամէնը՝ կոչ ենք անում Հայոց Մեծ Եղեռնի 100րդ տարելիցին ընդառաջ ազգովի հանդէս գալ պահանջատիրոջ կարգավիճակով, եւ միջազգային հանրութեան ու ԵՈՒՆԵՍՔՕի աջակցութեամբ հասնել նրան, որ Անիի մշակութային կոթողների վերանորոգումը կատարուի հայ մասնագէտների կողմից կամ նրանց մասնակցութեամբ, որ Անիի Բագրատունի թագաւորները չներկայացուեն որպէս Բագրատօղլի փաշաներ, որ մատուցուի ճշմարիտ եւ իրական պատմութիւնը», ըսուած է հաղորդագրութեան մէջ:
«Միացիր եւ միացրու» կարգախօսով, նշեալ միութեան եւ հիմնադրամի ներկայացուցիչները կը դիմեն ՄԱԿի Գիտութեան եւ մշակոյթի կազմակերպութեան (ԵՈՒՆԵՍՔՕ), որ միջոցներու ձեռնարկէ՝ կանխելու համար համաշխարհային մշակութային ժառանգութեան մաս կազմող նշեալ հայկական յուշարձաններու կերպարանափոխումը: Ստորագրահաւաքին ցարդ միացած է աւելի քան 1200 հոգի:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.