
ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Լոս Անջելեսի հայկական համայնքում յայտարարութիւն տրուեց գրաբարի ուսուցման համար, եւ մի խումբ հետաքրքրուողներ սկսեցին հետեւելու այդ դասընթացին:
Եղել էին զարմացողներ. «Այ մարդ, մի հատ կարգին հայերէն սովորէք, յետոյ կը մտածէք էդ գրաբարի մասին»:
Երբ հարց տրուեց առաջին դասին, թէ ներկաները ինչո՞ւ էին ուզում ծանօթանալ մեր լեզուի գրաբարեան ճիւղին, եղան տարբեր պատասխաններ. մէկը ուզում էր հասկանալ այդ լեզուով կատարուող հայկական եկեղեցական ծիսակատարութիւնները, միւսը ցանկութիւն ունէր կարդալու մեր մշակոյթի գրաբար ժառանգութիւնը, մէկ ուրիշը այդ լեզուի միջոցով ուզում էր կապել արեւելահայերէնը եւ արեւմտահայերէնը:
Զարմանալի ձեւով կարծում էինք, թէ գրաբարեան ձեւերը շարունակուել են հիմնականում հայերէնի արեւմտեան ճիւղի մէջ, պարզւում է՝ կան ձեւեր, որ ժառանգել է արեւելեանը, իսկ փոփոխութիւնը կատարուել է արեւմտեա՛ն տարբերակում՝ շատանալ (գր., արեւելա.) – շատնալ(արեւմտա.), շալակել-շալկել, ամաչել-ամչնալ եւ այլն: Որոշ բառեր գրաբարից գործածում ենք անփոփոխ՝ երկու հայերէններում էլ՝ բազում, այսուհետեւ, ճշմարիտ, քանզի, առաքել եւ այլն: Թէ՛ աշխարհաբարը, թէ՛ գրաբարը ունեն վեց հոլովներ: Ու շարունակւում են հետաքրքրական համեմատութիւնները:
Կարծում ենք հայոց լեզուի գրաբար սկզբնաձեւը շատ հարցեր կարող է լուծել մեր ճիւղաւորուած հայերէնի մերձեցման գործընթացում, սակայն դասական ուղղագրութեան օգտագործումը այդպէս էլ մնում է անխուսափելի պայման: