
«ՓանԱրմինիըն».- «Փրոփերթի Դիւելոփմենթ Քամփընի» ՓԲԸն Երեւանի կենտրոնում Նոյեմբերի 6ին հիմնաքարի տեղադրման հանդիսաւոր արարողութեամբ մեկնարկեց «Կամար» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման նախագիծը:
Շինարարութեան միջազգային նորարարական չափանիշներով նախագծուած համալիրը Հայաստանում առաջին «կանա»չ բիզնես կենտրոնի նախագիծն է, որը շինարարութեան աւարտից յետոյ կը հաւաստագրուի BREEAM-ի (BRE Environmental Assessment Method) այսօր աշխարհում «կանա»չ շինութիւնների էկոլոգիական գնահատման եւ դասակարգման առաջատար համակարգերից մէկի կողմից: Նման եզակի «Ա» դասի բիզնես կենտրոնի կառոյցն ապահովելու է էներգախնայողութեան եւ էկոլոգիական շինարարութեան բոլոր չափանիշները, որոնք ընդունուած են միջազգային պրակտիկայում, եւ էապէս նպաստելու է Հայաստանում բիզնես կենտրոնների շինարարութեան ստանդարտների զարգացմանը:
Շէնքի սեփականատէրը՝ «Փրոփերթի Դիւելոփմենթ Քամփընի» (Property Development Company CJSC) ՓԲԸն կարեւորելով այդ տարածքի կառոյցների ճարտարապետական նշանակութիւնը եւ այն պահպանելու ու գալիք սերունդներին ժառանգելու առաքելութիւնը՝ մեծ պատասխանատուութեամբ է նախաձեռնել այդ կառոյցների վերակառուցման աշխատանքները՝ մինչեւ շինարարութեան սկիզբը տարիներ շարունակ տարբեր ձեւաչափերով քննարկելով նախագծի կազմակերպման հնարաւոր լաւագոյն տարբերակները շահառուների հետ:
«Նախագիծը ներառում է պատմական նշանակութիւն ունեցող շէնքեր: Հիմնական բարդութիւնն այն է, որ համալիրը պէտք է ընդգրկի թէ՛ նորարարական լուծումներ, թէ՛ 1926ին յայտնի հայ ճարտարապետ Բունիաթեանի կառուցած շէնքը, որի ֆասադն ամբողջովին պահպանուել է: Իսկ համալիրի միւս կողմում լինելու է 1910 թուականի շէնքի ֆասադը, որի տեխնիկական վիճակն այնպիսին էր, որ ստիպուած քար առ քար ապամոնտաժել ենք, իսկ երբ նոր համալիրը կառուցուի, ֆասադը կը վերականգնենք: Մենք նաեւ թուայնացրել ենք ամբողջ միջավայրը, որ ցանկացած ժամանակ կարողանանք վերականգնել այն, ինչ այստեղ կար», մանրամասնեց «Փրոփերթի Դիւելոփմենթ Քամփնի» ՓԲԸ տնօրէն Արտաշէս Կազախեցեանը՝ յաւելելով, որ յաղթող վերջնական նախագիծն ընտրուել է մօտ 17 թեկնածուից 3 փուլի արդիւնքում:
«Համալիրի կառուցման նախագիծը նախաձեռնել ենք դեռ 5 տարի առաջ: Մենք ուսումնասիրել ենք տուեալ տարածքի պատմական նշանակութիւն ունեցող կառոյցների ամբողջ պատմութիւնն ամենայն մանրամասնութեամբ, կառոյցների փաստացի վիճակը եւ պահպանման լաւագոյն հնարաւորութիւնները: Այդ նպատակով կազմակերպել ենք ճարտարապետական հայեցակարգի մշակման մրցոյթ՝ ներգրաւելով տարբեր երկրների լաւագոյն մասնագէտներին, հրաւիրել բազմաթիւ լսումներ փորձագէտների եւ շահագրգիռ անձանց մասնակցութեամբ: Մեր սկզբունքն է՝ լինել առաւելագոյնս թափանցիկ եւ, պահպանելով հինը՝ կերտել նորը: Առաջնորդուելով նման կարգախօսով՝ մշակել ենք իւրաքանչիւր քարի պահպանման, ընդհանուր տարածքի ճարտարապետական ոգուն համահունչ համալիրի կառուցման նախագիծ, որը նաեւ կը համապատասխանի «կանա»չ կառոյցի շինարարական աշխատանքների ամենաժամանակակից ու բարձրակարգ չափանիշներին»:
Համալիրի ընդհանուր արժէքը մօտ 37 մլն. ԱՄՆ դոլար է: Համաշխարհային բանկի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (International Finance Corporation, IFC) տրամադրել է 9 մլն. ԱՄՆ դոլարի վարկ, ինչպէս նաեւ ներգրաւել եւս 9 մլն. դոլար DEG (Deutsche Investitions und Entwicklungsgesellschaft mbH) միջազգային կառոյցից: Նախագծի ֆինանսաւորման մնացած գումարն ապահովելու է «Փրոփերթի Դիւելոփմենթ Քամփընի» ՓԲԸն՝ իր միջոցների հաշուին:
«Ժամանակակից բիզնես կենտրոնների աճը խթանում է տնտեսական գործունէութիւնը, ինչպէս նաեւ բարձրացնում տեղական միկրօ, փոքր եւ միջին ձեռնարկատէրերի աշխատանքի արդիւնաւէտութիւնը: Հայաստանում բիզնեսի գործունէութեան ենթակառուցուածքային հզօրացումը եւ «կանա»չ տեխնոլոգիաների զարգացումն ապագայում կը նպաստեն եւ օրինակ կը ծառայեն երկրում էներգախնայող շինարարական ծրագրերի երկարաժամկէտ զարգացմանը», իր խօսքում նշեց IFC Ներդրումային ծրագրերի աւագ համակարգող Արման Բարխուդարեանը:
«Կամար» բիզնես-կենտրոնի շինարարական աշխատանքները նախատեսւում է աւարտել մինչեւ 2016ի Նոյեմբեր ամսին: Համալիրում գործունէութիւն են ծաւալելու հիմնականում ֆինանսական, խորհրդատուական ընկերութիւններ եւ միջազգային կառոյցներ:
Երեւանի գլխաւոր ճարտարապետ Տիգրան Բարսեղեանը յուսով է, որ շինարարութիւնը կ՛ընթանայ ժամանակացոյցի համաձայն. «Երկու տարի անց երեւանցիների համար նուէր կ՛ունենանք՝ օրինակելի մի կառոյց, որը նաեւ մարտահրաւէր կը նետի քաղաքի կենտրոնում այսուհետ իրականացուելիք ներդրումային ծրագրերին»:
DEG Եւրոպայի, Մերձաւոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների տնօրէն Փիթեր Թիմմեն էլ նշեց՝ DEG-ը հպարտ է, որ մասնակցում է այս նորարարական նախագծին:
«Այն օրինակելի նախագիծ է, քանի որ հաշուի է առնում Հայաստանի մշակութային ժառանգութեան պահպանման նշանակութիւնը եւ միաժամանակ էներգախնայողութեան տեխնոլոգիաների կիրառման շնորհիւ հիմք դնում տարածաշրջանում շինարարական նոր ստանդարտների ներդրմանը: Այն նաեւ ստեղծում է նոր աշխատատեղեր եւ բիզնեսի զարգացման նոր հնարաւորութիւններ»:
«Փրոփերթի Դիւելոփմենթ Քամփընի» ՓԲԸն ներդրումներ է կատարում անշարժ գոյքի շուկայում, տրամադրում կառուցապատման իրականացման եւ շինարարութեան անհրաժեշտ փաստաթղթերի ձեռք բերման համալիր ծառայութիւններ: Մասնագիտացած է անշարժ գոյքի զարգացման եւ շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկման ոլորտում, հանդէս է գալիս նոր ու առաջադէմ մօտեցումների կիրառմամբ: Ընկերութեան գործունէութիւնը հիմնուած է հեռանկարային դիզայն մշակելու, կայուն զարգացման տեսլականի եւ պետական ու մասնաւոր հատուածների հետ սերտ գործակցութեան վրայ: