ԳԻՒՄՐԻ, «Հետք».- Նոյեմբեր 20ին օծուեցան եւ տեղադրուեցան Գիւմրիի նորակառոյց Հայ կաթողիկէ առաջնորդանիստ Ս. Մարտիրոսաց եկեղեցւոյ գմբէթի եւ զանգակատան խաչերը: Օծման արարողութիւնը կատարեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսիոյ ու Արեւելեան Եւրոպայի Հայ կաթողիկէ եկեղեցւոյ առաջնորդ Ռաֆայէլ արք. Մինասեանը: Առաջին Ս. պատարագը պիտի մատուցուի 24 Ապրիլ 1915ին՝ ի յիշատակ Ցեղասպանութեան զոհերուն:
«Հետք»ի լրագրող Երանուհի Սողոյեան եկեղեցւոյ մասին գրած է հետեւեալը.
«Գիւմրիում կաթողիկէ համայնքը նախկինում եկեղեցի ունեցել է: «Սլաբոդկայ» կոչուող թաղամասում 1843-1855թթ. կառուցուած կաթոլիկների եկեղեցին, որ մասնակիօրէն փլուզուել էր 1926թ. երկարշարժի ժամանակ՝ 1930-40թթ.ից վերածուել էր բնակելի շինութեան: 1988թ. երկրաշարժից անօթեւան մնացած մի քանի ընտանիքներ էլ հետագայում բնակութիւն էին հաստատել եկեղեցու ներսում: Եկեղեցու յարակից հատուածը եւս տարիների ընթացքում կառուցապատուել էր:
Սուրբ Աստուածածին եկեղեցու վերականգնումը համարելով անհնար՝ կաթոլիկ եկեղեցին որոշել էր նոր եկեղեցի կառուցել Ժողովրդական ճարտարապետութեան եւ կենցաղի թանգարանի հարեւանութեամբ: 2009թ. Դեկտեմբերի 8ին Անդրկովկասում Հռոմի պապի դեսպան Կլաուդիօ Գուջիերոտիի եւ Հայաստանում, Վրաստանում ուարեւելեան Եւրոպայում Կաթողիկէ թեմի առաջնորդ հայր Վահան Օհանեանի հանդիսապետութեամբ կատարուեց հայ կաթողիկէ եկեղեցու հիմնարկէքի արարողութիւնը:
Սուրբ Մարտիրոսաց կաթողիկէ եկեղեցին նախագծել է Հայաստանի վաստակաւոր ճարտարապետ, ծնունդով գիւմրեցի Յակոբ Ջիւանեանը: Եզակի այս կառոյցի շինարարութիւնը մեկնարկել է 2010թ.: Զուարթնոցատիպ եկեղեցու գմբէթը երկաստիճան է, կառոյցը բազմանիստ է, ունի ութ նիստ: Եկեղեցու խաչերը եւս Յակոբ æիւանեանն է նախագծել: Գմբէթին տեղադրուած խաչն ունի մօտ 3,80 մետր բարձրութիւն եւ 300 կգ. քաշ, իսկ զանգակատան խաչը՝ 2 մեթր բարձրութիւն եւ 120 քկ. քաշ: Խաչերը պատրաստել են գիւմրեցի վարպետները: Խաչի կենտրոնում շրջանագծի մէջ առնուած նշանը խորհրդանշում է յաւերժութիւնը: Այդ նշանը յաճախ են կիրառում նաեւ խաչքարեր պատրաստող հայ վարպետները»:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.