ԱԽԱԼՔԱԼԱՔ, «Ա-Ինֆօ».- Դեկտեմբերի 15ին Ախալքալաքի մունիցիպալիտետի (քաղաքապետարանի-Խմբ.) վարչութեան շէնքի դիմաց կայացել է բողոքի ցոյց: Ինչպէս յայտնում են տեղի զանգուածային լրատուամիջոցները, «սկզբում բողոքի ցոյցին մասնակցում էին Ախալքալաքի շուկայի մի քանի տասնեակ առեւտրականներ»: Բողոքող առեւտրականները պահանջում էին մունիցիպալիտետի իշխանութիւններից լուծել խնդիրը, որը գոյութիւն ունի արդէն վաղուց: Իսկ խնդիրը հետեւեալն է.
Ինչպէս յայտնի է, արդէն մի քանի տարի առաջ, Վրաստանում ներմուծուել են համապատասխան օրէնսդրական ակտեր, որոնք կարգաւորում են ձեռնարկատէրերի (գործարարների) եւ պետութեան միջեւ յարաբերութիւնները: Ըստ որում հարկ է նշել, որ այդ «փոխյարաբերութիւնների կարգաւորումների» մեծ մասը յանգում է մէկ հասարակ գործընթացի՝ հարկահաւաքութեանը: Այսինքն, ահա արդէն մի քանի տարի է, ինչ պետութիւնը վարում է դաժան քաղաքականութիւն ցանկացած ձեռնարկատիրոջ հանդէպ՝ հաւաքում է հարկեր: Ընդ որում, երկրում արդէն ստեղծուել է այնպիսի իրավիճակ, որ քչերն են մտածում, որ պետութիւնը եւս բացի հարկահաւաքութիւնից ունի որոշակի պարտականութիւններ քաղաքացիների հանդէպ, այդ թւում եւ ձեռնարկատէրերի… Բաւական է մէկ օրինակ բերել առօրեայ կեանքից:
Ընտանիքը կարտոֆիլ է աճեցնում: Վաճառելու համար այն տանում է Ախալքալաքի շուկայ, եւ այնտեղ յայտնւում են հարկայինի աշխատողները ու վաճառողից տեղեկանք, չեկեր եւ այլ օրէնքով սահմանուած փաստաթղթեր պահանջում: Բնականաբար տուեալ մարդը կարող է եւ չունենալ այդ փաստաթղթերը: Եւ որտեղից կարող են դրանք լինել, երբ ամէնօրեայ «ապրանքաշրջանառութիւնը» թոյլ է տալիս միայն մի քիչ այլ ապրանքներ գնել եւ ընտանիքին կերակրել: Դա էլ քիչ է, բացի հարկային ծառայութիւնից այլ մարմիններ էլ գոյութիւն ունեն: Առաջին հերթին շուկայի տնօրինութիւնը եւ այլն: Սակայն ոչ մէկը՝ ո՛չ պետութիւնը, ո՛չ շուկայի տնօրինութիւնը չեն օգնում տնկել, աճեցնել ու հաւաքել այդ կարտոֆիլը:
Բայց չէ՞ որ «ձեռներէցն» իր հաճոյքի համար չէ որ աճեցնում է կարտոֆիլը: Այդ կերպ նա փորձում է ապրել, այսինքն գոյատեւել երկրում, շրջանում, որտեղ ո՛չ պետութիւնը, ո՛չ շրջանային իշխանութիւնները փաստացիօրէն ոչ մի քայլ չեն ձեռնարկում սոցիալական խնդիրները լուծելու համար:
Մի խօսքով, ձեռնարկատէրը պարտք է բոլորին, իսկ իրեն ոչ ոք պարտք չէ: Ճիշդ այնպէս, ինչպէս միջնադարում…
Չնայած որ հարկահաւաքութեան պետական քաղաքականութիւնը «կանոնակարգուել էր» դեռեւս մի քանի տարի առաջ, Ախալքալաքում՝ աւելի ճիշդ Ախալքալաքի շուկայում առաջին խոշոր տուգանքները սկսել են գրառել միայն 2013-14թթ.: Հարկ է նշել, որ գործող օրէնսդրական կանոնների համաձայն՝ այն դէպքում, եթէ տուգանուած ձեռնարկատէրը հաստատուած ժամանակահատուածում չի վճարում տուգանքը, ապա տուեալ տուգանքը սկսում է «աճել», եւ ինչքան շատ ժամանակ է անցնում, այնքան այն աւելանում է…
Այդպէս էլ ստացուեց, որ Ախալքալաքի շուկայի «ձեռնարկատէրերի» մեծ մասը «կցել են» հարկային ծառայութիւններին ունեցած իրենց պարտքը: Ընդ որում, պարտքը հսկայական է: Դրուած տուգանքների չափսերը հասնում են 1000 մինչեւ 500,000 լարի։
Դեկտեմբերի 15ին պետութեանը պարտք ունեցողները, պետութեան, որն իր հերթին նրանց ոչինչ պարտք չէ, հաւաքուել են Ախալքալաքի մունիցիպալիտետային վարչութեան շէնքի դիմաց եւ սկսել են պահանջել, որպէսզի իրենց վրայ դրուած հարկերը չեղեալ յայտարարուեն: Ըստ ականատեսների՝ բողոքի ցոյցին հաւաքուել էր մօտ 100 մարդ:
Ախալքալաքը մեծ քաղաք չէ, եւ լուրն այն մասին, որ քաղաքում բողոքի ցոյց է անցկացւում արագ տարածուեց: Ցոյցին սկսել են միանալ աւելի ու աւելի շատ մարդիկ: Ցոյցին՝ նոր մասնակիցների միանալուն զուգահեռ, սկսել են փոխուել նաեւ պահանջները:
Եթէ հէնց սկզբում բողոքողները պահանջում էին չեղեալ յայտարարել տուգանքները, ապա շուտով բողոքողները եկան այն հասկացողութեանը, որ տուգանքներն ընդամէնը աւելի լուրջ, տարիների ընթացքում չլուծուած խնդիրների արդիւնք են… Սկսեցին հնչել աւելի լուրջ՝ հիմնարար պահանջներ: Ինչպիսիք օրինակ Սամցխէ-æաւախքի բնակչութեան սոցիալ-քաղաքական իրաւունքների պաշտպանութիւնն է:
Փաստացիօրէն ցոյցի մասնակիցները պահանջում էին, որպէսզի պետութիւնը կատարէր իր պարտականութիւնները բնակչութեան հանդէպ, եւ ոչ միայն հարկեր հաւաքէր:
Հէնց բողոքարարները սկսեցին ձեւակերպել իրենց արդար պահանջները, միանգամից, անսպասելի յայտնուեցին մունիցիպալիտետի վարչութեան ներկայացուցիչները… Շփուելով բողոքողների հետ՝ նրանք փորձել են ղեկը պտտել «ի շահ» շրջանի ղեկավարութեան եւ կենտրոնական իշխանութիւնների:
Իրօք: Տուգանքները կարելի է չեղեալ համարել եւ նման դէպքեր Վրաստանում քիչ չեն եղել, իսկ ահա լուծել իրական խնդիրներ՝ կապուած Սամցխէ-æաւախքի բնակիչների սահմանադրական իրաւունքներին հետեւելու հետ, տարածաշրջանային իշխանութիւնները դեռեւս պատրաստ չեն… Աւելի ճիշդ, Կենտրոնից դեռեւս չկան համապատասխան ցուցմունքներ:
Բողոքողների հետ ոչ երկար բանակցութիւններից յետոյ ձեւաւորուել է «պատուիրակութիւն», որի կազմում մտել են երեք «գործարար» եւ իշխանութեան երեք ներկայացուցիչ (շրջանային հաւաքի նախագահ Համլէտ Մովսիսեանը, Ախալքալաքի վարչութեան ղեկավար Էդուարդ Աղասարեանը եւ խորհրդարանի պատգամաւոր, Ախալքալաքի ոստիկանութեան նախկին պետ Սամուէլ Պետրոսեանը): Պատուիրակութիւնը խոստացել է բողոքողներին, որ կ՛ուղեւորուի Թբիլիսի, որտեղ տեղեակ կը պահի իշխանութիւններին բողոքողների պահանջները: Բայց ոչ Սամցխէ-æաւախքի բնակիչների իրաւունքների պահպանման վերաբերեալ պահանջը, այլ տուգանքները չեղեալ յայտարարելու խնդրանքը…
Պատուիրակութիւնը ուղեւորուել է Թբիլիսի, իսկ բողոքողները ցրուել են՝ խոստանալով նորից հաւաքուել Դեկտեմբերի 17ին:
«Ոչ մի միտինգ չի եղել: Հաւաքուել են մի քանի հոգի, որոնք խնդրում էին չեղեալ յայտարարել իրենց վրայ դրուած հարկերը: Այսօր մենք արդէն հանդիպել ենք հարկային ծառայութեան ներկայացուցիչների հետ: Նրանք խոստացել են զբաղուել այդ հարցով: Ընդամէնը տուգանուած է 40-50 մարդ, եւ մենք յուսով ենք, որ այդ տուգանքները կը վերանայուեն», «Միութեան» հետ զրոյցում ասել է Վրաստանի խորհրդարանի պատգամաւոր Սամուէլ Պետրոսեանը:
Հարցին, թէ ի՞նչ մարտահրաւէրներ են ծառացած Սամցխէ-æաւախքի բնակչութեան առջեւ, Սամուէլ Պետրոսեանը պատասխանել է. «Հիմա ամենակարեւորն է լուծել տուգանքների հետ կապուած հարցերը, մենք աշխատում ենք այդ ուղղութեամբ»:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.