ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հանրային ծառայութիւնների ոլորտում գործող շուրջ հինգ հարիւր ամերիկահայ եւ օտար աշխատակիցներ հաւաքուել էին Դեկտեմբեր 14ի ամանորեայ ձեռնարկին: Հանրային ծառայութիւնների ամերիկահայ աշխատակիցների (ՀՈԱՀԱՄ- AAPSE) միութեան աւանդական դարձած այս նախաձեռնութիւնը բացառիկ առիթ է հայկական միջավայրում համախմբելու Լոս Անջելեսի գաւառի, քաղաքապետարանի, դատարանների, մասնաւոր բազմաբնոյթ ընկերութիւնների հայ աշխատակիցների:
2006 թուականին հիմնելով այս միութիւնը, հիմնադիր նախագահ Յարութ Եդալեանը նպատակ ունէր ստեղծել միջավայր, որտեղ հանրային ծառայութիւնների ոլորտից ամերիկահայերը կը ծանօթանան միմեանց, նոր կապերի շնորհիւ հնարաւորութիւն կը ստանան մասնագիտական առաջխաղացման, միաժամանակ՝ տարբեր մասնագէտներ համախմբուելով կը նախաձեռնեն ծրագրեր ուղղուած հայ համայնքի բարօրութեանը: «Արդէն ութերորդ տարին անցկացուող մեր տօնական խնջոյքը գեղեցիկ առիթ է հանդիպելու ընկներներին ու հաստատելու նոր կապեր, ինչպէս նաեւ՝ անձնական եւ մասնագիտական ծանօթութիւնների համար: Միաժամանակ, հնարաւորութիւն ենք ունենում մեծարելու մեր անդամներին ու ղեկավարների, ում նուիրուած աշխատանքն ու ջանքերը հանրային ծառայութիւնների ոլորտում դրական ազդեցութիւն են ունեցել Հարաւային Կալիֆորնիայի միլիոնաւոր բնակիչների կեանքում», իր խօսքում նշեց Եդալեանը:
Դեկտեմբեր 14ի միջոցառման բացումը կատարեցին «Դայնամիկ Դուօ Դենս Սթուդիօ» համոյթի պատանիները՝ հայկական գեղեցիկ պարերով: Այնուհետեւ, Յարութ Եդալեանը ներկայացրեց օրուայ մեծարեալներին. Լոս Անջելես գաւառի Առողջապահական ծառայութիւնների բաժնի (LA County Department of Health Services) տնօրէն Նինա Վասիլեանը 26 տարի է տարբեր պաշտօններ է զբաղեցրել՝ գլխաւորելով բազմաթիւ, այդ թւում, ներկայում՝ Բազմազանութեան եւ մշակութային իրաւասութեան ծրագրերի գրասենեակը: Գերի Ակոբեանը Լոս Անջելես գաւառի Հանրային սոցիալական ծառայութիւնների բաժանմունքի (LA County Department of Public Services) ղեկավարն է: Գաւառում աշխատանքային 26 տարիների ընթացքում Ակոբեանը ղեկավար պաշտօններում մշտապէս հանդէս է եկել բարեփոխումներով:
Մեծարուեց նաեւ Ամերիկահայ խաղաղապահ սպաների միութիւնը (ԱՀԽՍՄ Armenian American Peace Officers Association): 2003 թուականին ստեղծուած այս կազմակերպութիւնը միաւորում է դաշնային, նահանգի, քաղաքի իրաւապահ մարմինների աշխատակիցներին:
Օրուայ մեծարուողներին տրուեցին երախտագիտական հաւաստագրեր Հանրային ոլորտի ամերիկահայ աշխատակիցների միութեան, կոնգրեսական Ադամ Շիֆի, Կալիֆորնիայի խորհրդարանի անդամ Ադրին Նազարեանի, Մայք Գատոյի կողմից, Մեթ Դաբաբնէյի կողմից, ով անձամբ յանձնեց հաւաստագրերը: Նինա Վասիլեանը, Գերի Ակոբեանն ու ԱՀԽՍՄի ներկայացուցիչ, Լոս Անջելեսի Ոստիկանապետի գրասենեակից Գաբրիէլ Աքչեանը նշեցին, որ Հանրային ոլորտի ամերիկահայ աշխատակցիների միութեան կողմից կազմակերպուած մեծարման երեկոն իրենց համար առանձնայատուկ նշանակութիւն ունի: Ձեռնարկի եւ միութեան գործունէութեան մասին հիացմունքով էին արտայայտւում նաեւ հիւրերը, որոնք նաեւ անդամակցութեան յայտ ներկայացրին:
Յատկանշական է, որ «Արբատ» սրահում անցկացուած տօնական խնջոյքին ներկայ էին հանրային ծառայութիւնների ոլորտներում գործող բազմաթիւ այլազգի աշխատակիցներ, ում համար այս ձեռնարկը տարուայ սպասուած առիթներից է: Նրանք վայելեցին հայկական երաժշտութեամբ ու պարով յագեցած երեկոն՝ ստանալով նաեւ խոշոր շահումներ, որ վիճակախաղի միջոցով սահմանել էին ձեռնարկի հովանաւորները:
Յարութ Եդալեանը ուրախալի է համարում փաստը, որ կազմակերպութեան անդամների թիւն ամէն տարի ընդլայնւում է, եւ նոր հնարաւորութիւններ են ստեղծւում առաւել օգտակար լինելու հայ համայնքին:
Տեղեկացնենք, որ Հանրային ոլորտի ամերիկահայ աշխատակցիների միութիւնը ակտիւ է ողջ տարուայ ընթացքում: Այս կազմակերպութեան կամաւորների ջանքերով 2014 թուականին տեղի են ունեցել մի շարք ձեռնարկներ, այդ թւում՝ կրթական-տեղեկատուական Վուդբըրի համալսարանի հետ միասին, Գլենդելի Գանձավարկային միութեան հետ համատեղ՝ սեմինար, որտեղ ներկայացուել է վարկային համակարգը: Ուսուցիչների երախտագիտութեան շաբաթի շրջանակներում մեծարուել են ոլորտի յայտնի ամերիկահայ գործիչներ, ֆինանսական խնդիրներ ունեցող հայ աշակերտներին եւ ուսանողներին է ներկայացուել «Ֆուլֆիլմընթ» հիմնադրամի աջակցող ծրագիրը:
Տեղեկանք: Ձեռնարկի ընթացքում ներկայացուեց Pulse Point ծրագիրը, որը սրտի հիւանդութիւն ունեցողներին շտապ օգնութիւն տրամադրելու համար է: Հեռախօսի վրայ ներբեռնելով ծրագիրը, սրտաթոքային վերականդենացման հմտութիւններին (CPR) տիրապետող անձը Pulse Point-ի տագնապի ազդանշանով տեղեկանում է մօտակայքում օգնութեան կարիք ունեցող անձի մասին եւ կարող է փրկել հիւանդին՝ մինչ մասնագիտական օգնութեան ժամանումը:
Հանրային ոլորտի ամերիկահայ աշխատակիցների միութեան մասին մանրամասների եւ անդամակցութեան համար կարող էք այցելել հետեւեալ կայք՝ http://www.myaapse.org/: