«Ամերիա» ընկերութիւնների խումբը Դեկտեմբերի 12ին Երեւանում կազմակերպեց աւանդական, արդէն հինգերորդ բարեգործական աճուրդը, որի ողջ հասոյթը կ՛ուղղուի քաղցկեղային, հեմատոլոգիական, իդէոպաթիկ արթրիտ եւ հրատապ օգնութիւն պահանջող այլ հիւանդութիւններ ունեցող երեխաների բուժմանը:
Աճուրդի արդիւնքում հաւաքուեց 30,600,000 ՀՀ դրամ, որը կրկնապատկուեց «Ամերիա» ընկերութիւնների խմբի կողմից, եւ ընդհանուր գումարը կազմեց 61,200,000 ՀՀ դրամ: Մի շարք անհատներ եւ տարբեր կառոյցներ, միանալով «Ամերիա»ի նախաձեռնութեանը, գումարներ են փոխանցում բարեգործական հաշուեհամարին:
Այս տարի աճուրդը կրում էր «Սպորտը կեանքի համար» խորհրդանշական անուանումը, որի շրջանակներում աճուրդի են հանուել ինչպէս հայազգի, այնպէս էլ այլազգի միջազգային ճանաչում ունեցող մարզիկների ստորագրութեամբ նուիրաբերած 20 լոտ սպորտային իր, մասնաւորապէս՝ Արթուր Աբրահամի, Վիկ Դարչինեանի, Ռոնդա Ռուզիի, Օսկար Դէ Լա Հոյայի, Ալեքսանդր Միսկիրտչեանի բռնցքամարտի ձեռնոցներ, Եուրի æորկայեֆի, Հենրիխ Մխիթարեանի, Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի ստորագրութեամբ ֆուտբոլի գնդակներ, սպորտային շապիկներ՝ «Մանչեստր Սիթի» ֆուտբոլային ակումբի, Մարկոս Պիցցելիի, Անդրես Ինիեստայի, Արթուր Սարկիսովի, Լեւոն եւ Արսէն Ջուլֆալակեանների, Ռոման Բերեզովսկու ստորագրութեամբ, Զինեդին Զիդանի, Պելէի, Մարադոնայի, Ուսէին Բոլտի, Կրիստիանօ Ռոնալդոյի բացառիկ նկարներ՝ կատարուած խաղի ընթացքում:
«Ամերիա» ընկերութիւնների խմբի կողմից կազմակերպուած բարեգործական հինգ աճուրդի եւ ուղղակի ֆինանսական աջակցութիւնների շնորհիւ «Ամերիա» ընկերութիւնների խմբի, աշխատակիցների, գործընկերների եւ յաճախորդների համատեղ ուժերով հաւաքուել է աւելի քան 361 մլն. ՀՀ դրամ, որի շնորհիւ փրկուել է 100ից աւել երեխայի կեանք:
Այս տարի, առաջին անգամ, աճուրդը շարունակւում է նաեւ առցանց: Բոլոր այն մարդիկ, ովքեր անտարբեր չեն հայազգի փոքրիկների ճակատագրերի նկատմամբ, հնարաւորութիւն ունեն մինչեւ Դեկտեմբերի 25ը ներառեալ մասնակցելու առցանց աճուրդին
(www.auction.ameriagroup.am):
Այն անձինք կամ կազմակերպութիւնները, որոնք ցանկանում են մասնակցել բարեգործական նախաձեռնութեանը, կարող են գումարներ փոխանցել «Ամերիաբանկ» ՓԲԸում բացուած 1570036910764400 բարեգործական հաշուեհամարին կամ կատարել առցանց նուիրաբերութիւն http://csr.ameriagroup.am/ կայքի միջոցով:
Միաւորե՛նք մեր ուժերը եւ օգնենք այն մանուկներին, որոնց իւրաքանչիւր օրը լի է սպասումով, ովքեր ամէն օր կեանքի համար պայքար են մղում՝ սպասելով հրաշքի:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.