(Իրական Պատմութիւն)
ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ
Հայրիկս յամառօրէն կառչած էր այն գաղափարին, որ իմ ապագան լաւագոյնս կարող է դասաւորուել միայն ու միայն հայ մշակոյթի եւ գրականութեան անդաստանում.
– Ի՞նչ ես ընկել երաժշտութեան ետեւից,- ասում էր նա,- քո իսկական կոչումը գրականութիւնն է, ո՞վ է տեսել, որ որեւէ մէկը երաժիշտ դառնայ 17 տարեկանից յետոյ, էն էլ դիրիժոր (խմբավար-Խմբ.): Էլի՛ սիրիր երաժշտութիւնը, ազատ ժամերիդ զբաղուիր դրանով:
Ես, ի հարկէ գիտէի, որ նա իրաւացի էր, սակայն անյագ մղումը դէպի դասական երաժշտութիւնը ինձ հանգիստ չէր տալիս, չէր թողնում որոշում կայացնել:
Շատ պատահական իմացայ, որ Արաբկիրի «Կանազ»ին (ռուս. յապաւում՝ Քանաքեռի ալիւմինի գործարան) կից ստեղծուել է գիշերօթիկ դպրոց՝ հիմնականում գործարանի բանուորների համար: Ասել կ՛ուզի տարիքային սահմանափակում չկար դպրոց ընդունուելու համար:
Մի գեհենական միտք ծագեց իմ գլխում. «Հը՜, Հենրի՛կ, ի՞նչ ես ասում, չգնա՞մ ընդունուեմ այդ դպրոցը, մի աւարտական վկայական էլ այնտեղից ձեռք կը բերեմ, մէկով կը դիմեմ համալսարան, իսկ միւսով՝ երաժշտական ուսումնարան»:
Մի քանի օրուայ խառն մտածումներից յետոյ գործի անցայ: Գիշերօթիկի տնօրէնը, բարեհամբոյր, 40-50ի մօտ, վտիտ մարմնով, սլացիկ հասակով մի տղամարդ, դիմումս կարդալուց յետոյ հարցրեց.
– Տղայ ջան, էդ ի՞նչ պատճառով ես թողնում ցերեկային, նորմալ ուսումդ եւ ցանկանում աւարտական վկայական ստանալ ինչ որ մի անյայտ գիշերօթիկ դպրոցից: Դա քեզ նեղութիւն կը տայ բարձրագոյն ընդունուելիս:
– Ըստ իս, ընկեր Սուքիասեան, կարեւորը գիտելիք ունենալն է: Ես աշխատանքի պէտք ունեմ, մեր ընտանիքի նիւթական վիճակը շատ ծանր է (որն իրականութիւն էր), հայրիկիս հանել են աշխատանքից պատերազմի ժամանակ գերի եղած լինելու պատճառով:
Այս խօսքերիս վրայ տնօրէնը բաւական ժամանակ լուռ էր: Քիչ անց, հակուած գլուխը բարձրացնելով սեղանից՝ ասաց.
– Ամէն ինչ պարզ է երիտասարդ, դու ընդունուած ես, թուղթ-մուղթ պէտք չէ, վաղուանից արի դասերիդ: Միայն իմացիր, որ քո տարիքին աշակերտ չկայ աւարտական դասարանում, բոլորը 30ից վեր են, ընկեր չես ունենայ…
Բայց ես գտայ, գտայ իմ ընկերոջը, աւելի ճիշդ՝ ընկերուհուն: Էգլանտինա էր անունը, տարօրինակ մի անուն, որ երբեւէ չէի լսել եւ չեմ լսել առ այսօր: Ես, որ
ահաւոր մոռացկոտ եմ անուններ յիշելու մէջ, 60 տարի այն մեխուած է ուղեղումս, այդ բարի, գորովագութ, երկու զաւակների տէր ֆրանսահայ կնոջ անունը, նրա շնորհիւ էլ՝ ամուսնու անունը, որ էր Սարգիս:
32 տարեկան էր Էգլանտինան, ինչպէս ինքն էր ասում, հիանալի ամուսին ունէր, խառատի մասնագիտութեամբ, դարձեալ ֆրանսահայ, որի խելքն ու միտքը Ֆրանսիան էր, ուր թողել էր իր ողջ ընտանիքը, եւ հետեւելով նշանածի ընտանիքին՝ ներգաղթել էր Հայաստան.
– Հոն, Հայաստան, Էջմիածնոյ տաճարին մէջ պիտի ամուսնանանք,- երդման նման ասել էր նա Հայաստան մեկնելուց առաջ:
Անմիջական, անբռնազբօս բարեկամութիւն ստեղծուեց իմ եւ Սարգիսի ընտանիքի միջեւ: Յաճախ, երեկոյեան ուշ ժամերին, դասերից յետոյ, ես էի ուղեկցում Էգլանտինային դէպի իր բնակարանը, որ հեռու չէր դպրոցից: Ոչ շատ յաճախ, բարձրանում էի իրենց նեղլիկ, մէկ սենեականոց բնակարանը, ուր, ինչպէս ասում են «ասեղ գցելու տեղ չկար», մէկ բաժակ թէյ ըմպելու:
Եկան 1953ի տարեմուտի օրերը: Ընդամէնը 5-6 ամիս էր անցել երկրային ճիւաղի՝ Ստալինի մահից, ու մի տեսակ մաքուր օդ կարելի էր շնչել:
Իւրաքանչիւր հայ ընտանիք այս կամ այն կերպ, իր ընտանեկան յարկի տակ նշեց 1954ի տարեմուտը:
Նոր Տարուայ երկրորդ օրն է՝ գնում եմ գիշերօթիկ դպրոց: Էգլանտինան չկայ, չի եկել դասի: Նման բան երբեք չէր եղել: Անհանգստացած եմ. «Կարո՞ղ է մի բան է պատահել», մտածում եմ ես, ու թոյլտւութիւն խնդրելով ուսուցչից՝ դուրս եմ գալիս դասասենեակից:
Բնակարանի մուտքին երկար սպասեցի մինչեւ դուռը բացուեց.
– Եկո՜ւր, տղաս, եկուր Հենրիկ, տես թէ ինչ փորձանքի եկած են մերինները։
– Ի՞նչ կայ, ի՞նչ եղած է… պատմեցէք նայիմ… հա՛յդէ, արագ, Սարգիս, քեզմէ սկսինք,- մտահոգուած ասացի ես:
– Ծօ՜… սկսինք, ի՞նչ սկսինք, եղբայր, վերջացնել պէտք է այս ամէնուն… այս ի՞նչ երկիր է, Աստուած իմ… հալլա՜յ, հալլա՜յ…
– Ի՞նչ եղած է, բարեկամ, բան մը ըսէ հասկնանք… դուն ըսէ, Էգլան, փաղաքշական շեշտ դնելով կնոջ կրճատուած անուան մէջ՝ դիմեցի նրան:
– Ամօթ է… ես չեմ կրնար պատմել, թող ինքը պատմէ եղածը:
– Հայրիկ, մայրիկ, ի՞նչ կ՛ըլլայ, քանի մը վայրկեանի համար տղոց հետ խոհանոց գացէք,- հաշտուողական տոնով (շեշտով-Խմբ.) ասաց Սարգիսը:
– Սիրով, տղաս, ինչո՞ւ չէ… յայտէ՜, Կարապե՛տ, տղա՛ք, դուք ալ,- ասաց Էգլանտինայի մայրը եւ ամուսնու ձեռքից բռնելով առաջնորդեց խոհանոց:
Երկար լռութիւնից յետոյ այսպէս սկսեց իր պատմութիւնը վարպետ Սարգիսը. «Բնաւ չ՛ընդմիջես, Հենրիկ, կ՛աղաչեմ: Այսպէս ուրեմն: Ինչպէս ամէն հայու ընտանիքի մէջ, մեր տունին մէջ ալ Նոր Տարին եկաւ: Սովորաբար 31ին գիշերը, 12էն ետք ամէն մարդ քովի դրացիին կ՛այցելէ: Մենք ոեւէ մէկը չունինք այցելութիւն տալու: Մեր դրացիները պաղապուր մարդիկ են, գիւղէն եկած: Իրենք մեզմէ չեն ախորժիր, մենք ալ՝ իրենցմէ: Մենք ալ որոշեցինք էրիկ-կնիկ, ձեռք-ձեռքի բռնած ելլալ դուրս եւ քիչ մը պտըտիլ մեր, սա քովի այգի չըլլալիք աղբանոցին մէջ:
– Է՜… վերջը, մօտաւորապէս հասկցայ, թէ ինչ եղած պիտի ըլլայ,- ընդմիջեցի ես:
– Բան մըն ալ չհասկցար, շարունակութիւնը մտիկ ըրէ: Հազիւ քանի մը վայրկեան նստած էինք կոտրած-թափած նստարանի մը վրայ, երբ վրանիս խուժեցին երկու ոստիկան, որոնցմէ մին բրտօրէն ձեռքս վար առաւ կնոջս ուսին վրայէն եւ սկսաւ պոռալով լուտանքներ թափել վրաս.
– Էդ ի՞նչ ես անում, այ մարդ, չես ամաչո՞ւմ, մի հլա տարիքիդ նայի՜ր…
– Ի՞նչ ըրած ունիմ, պարոն ոստիկան,- փորձեցի ձեւով մը պաշտպանուիլ:
– Ի՞նչ, պարո՞ն… պարոնը քեռիդ ա… ինչպէս երեւում ա նրանցից էք, հա՞… մի խօսքով, ախպարներից էլի՜…
– Հա, այո, ախպարներէն, ի՞նչ է, ամօ՞թ է ախպար ըլլալը,- հպարտութեամբ ասացի ես, յուսալով, որ ձեւով մը մեղմած կ՛ըլլամ իր անհասկնալի զայրոյթը:
– Չէ՜, ի հարկէ ամօթ չէ, բայց հետաքրքիր է իմանալ, ո՞ր երկրից էք:
– Ֆրանսիայից,- սա արդէն յուսահատութիւնից կուչ եկած Էգլանտինան էր:
– Հա՜, դէ էդպէս ասէք էլի… դրա համար էլ հասարակական վայրում լրբութեամբ էք զբաղւում: Սա ձեր Փարիզը չէ: Էստեղ կա՛րգ կայ, օրէ՛նք կայ…
– Ի՞նչ լրբութիւն, ինչ բան, մենք ի՞նչ ըրած ենք, մենք ամուսիններ ենք…
– Լսէ՜ք, վե՛ր կացէք գնանք ոստիկանատուն: Էնտեղ կը պարզենք, թէ ինչ «սորտի» (տեսակի-Խմբ.) մարդիկ են սրանք,- սա էլ միւս ոստիկանն էր:
– Լա՜ւ, լա՜ւ, Խոսրով,- դիմելով ընկերոջը՝ ասաց ոստիկանը,- գուցէ իսկապէս ամուսիններ են: Նոր Տարուայ գիշեր է, մեղք են, թողնենք թող գնան:
– Բա չպարզե՞նք, թէ ովքեր են: Հլա հարցնեմ. պասպորտ-բան, որեւէ փաստաթուղթ ունէ՞ք ձեզ մօտ:
– Բարեկամս, Նոր տարուան գիշերը ո՞վ փասփորթ կը պտտցնէ իր հետը:
Ընդհանուր յայտարարի չգալով, ամուսիններին տանում են ոստիկանատուն: Մինչեւ առաւօտեան ժամը չորսի կողմերը մեր հերոսներին չի յաջողւում դուրս պրծնել ոստիկանատնից: Տանից բերուած անձնագրերի եւ ամուսնութեան
վկայականի շնորհիւ նրանք ազատւում են ժամանակաւոր կալանքից:
Իմ երկրորդ աւարտական վկայական ստանալու երազանքը յօդս ցնդեց Յունուարի կէսերին: Գիշերօթիկ դպրոցի տնօրէնը ինձ կանչեց իր աշխատասենեակը, եւ մեր միջեւ տեղի ունեցաւ հետեւեալ զրոյցը.
– Անասեա՜ն, էդ ո՞նց, ուզում էիր երկու աւարտականի տէր դառնա՞լ, չէ, չեղաւ, դու այդքան միամիտ տղայ չես երեւում, բայց ես բարեացակամ եմ տրամադրուած քո հանդէպ: Քո միամտութիւնն էլ բարութիւնից է գալիս: Ես Լուսաւորութեան նախարարութիւնից ստացել եմ այս ուսումնական տարին աւարտող բոլոր շրջանաւարտների անունները: Քո անունը Շիրվանզադէի անուան դպրոցի ատեստատ ստացողների ցանկի մէջ է, ի՞նչ կ՛ասես:
– Ես ներողութիւն եմ խնդրում, որ ձեզ գցել եմ թիւրիմացութեան մէջ:
– Ինձ համար ոչ մի վտանգաւոր հարց չկայ: Ես, քեզ հետ ունեցած փոքրաթիւ զրոյցների ժամանակ հասկացել էի, որ դու արդէն կազմաւորուած անհատ ես, ի՞նչ պէտք ունէիր զուր ժամանակ կորցնելու:
Իմ սրտբաց պատմութիւնից յետոյ նա ներեց ինձ, եւ մենք դարձանք բարեկամներ: Յետագայում, երբ նա մի այլ ուսումնական հաստատութեան տնօրէն էր, 1957ին ինձ հրաւիրեց իր մօտ՝ ուսանողական երգչախումբ կազմելու եւ իմ ուսումնառութեան չորս տարիներն անցան նրա հաստատութեան միջոցների հաշուին ինձ ամէն ամիս տրուող աջակցութեան ներքոյ:
Էգլանտինան եւ Սարգիսը մնացին որպէս մտերիմ բարեկամներ եւ ինձնից առաւել հրճւում, ուրախանում էին երաժշտական աշխարհում ձեռք բերած իմ ամէն մի նոր յաջողութեամբ:
Եւ մի օր, 60ականների սկզբներին, երբ ես էլ արդէն ընտանիքի տէր էի, Սարգիսն եկաւ մեր տուն: Տեսայ, որ շատ անտրամադիր էր: Նստեց լուռ, անզգայացած, սուրճ խմեցինք, որից յետոյ լեզուն բացուեց.
– Դիմում տուած եմ Ֆրանսա տեղափոխուելու համար…
– Ի՞նչ, ինչո՞ւ, դու ունես լաւ աշխատանք, լաւ ընտանիք, յարգուած ու սիրուած ես քո շրջապատում:
– Հենրիկ, դուն իրաւացի ես, այդ ամէնը կայ, բայց ես տուն չունիմ, տո՜ւն: Եղածը մէկ սենեակ է, գիտես, չորս հոգիով մէկ սենեակին մէջ կը քնանանք, եթէ ադ ալ քուն կարելի է սեպել: Դուն չես կրնար հասկնալ, թէ ինչ հոգեկան իրավիճակի մէջ ենք մենք ամէնքս, ընտանիքի բոլոր անդամները: Այս տարիքիս, այսքան տարիներ դեռ կնոջս հետ անկողինին մէջ պառկած չկամ, դուն կրնա՞ս հասկնալ, թէ ինչ ըսել է ատիկա: Ոստիկանութեան դէպքը յիշէ: Մենք ի՞նչ գործ ունէինք ձմեռուան ցուրտին, Նոր Տարուան գիշերը փողոցները թափառելու:
– Բարեկամս, նոյն վիճակն է եղել նաեւ մեր ընտանիքի պարագային: Մեր տան մի սենեակը մշտապէս զբաղուած է եղել վարձակալներով: Եւ մինչեւ ձեզ հետ
ծանօթանալը, այսինքն 1954 թուականը, գրեթէ տասը տարի մեր ընտանիքը ապրել է մէկ սենեակի մէջ: Թէ ինչ հասկացան ծնողներս, իրենց երկրորդ երիտասարդութեան տարիներին… բառերով չես արտայայտի: Բնակարանային նման վիճակ ունեն բազմահարիւր ընտանիքներ, բայց դա պատճա՞ռ է, որ թողնես հայրենիքդ ու գնաս անյայտ ուղղութեամբ:
– Ինչ ըսի՞ր,- ի հարկէ պատճառ է, եւ լուրջ պատճառ, դուն չես հասկնար, դուն պատկերացնում չունիս, թէ ինչ ըսել է կնոջդ համբուրելու համար ծառազուրկ,
ցանցառ այգիներուն մէջ երազախաբ ըլլալը…
– Լա՜ւ, ինչո՞ւ բնակարանի համար դիմում չես տալիս:
– Ինչպէ՞ս չէ, 15 տարի է տուած եմ, անընդհատ կը խաբեն՝ ըսելով. «ԱՅՍ ՏԱՐԻ, ԳԱԼ ՏԱՐԻ», եւ այդպէս շարունակ: Հաւատայ, բարեկամս բնակարանի պատճառաւ ալ պիտի մեկնիմ հայրենիքէս:
… Երկար տարիներ անց, 1990ին, իմ «Սիփան» երգչախմբով համերգների էինք գնացել Հայաստան: Նախքան համերգներն սկսելը որոշեցինք գնալ Վազգէն
վեհափառի մօտ՝ նրա օրհնութիւնն ստանալու: Եւ, ի՞նչ էք կարծում, ում եմ հանդիպում եկեղեցու հրապարակում. մեր Սարգիսին: Գրկախառնւում ենք ու հարցերի տարափով փորձում յագեցնել 30 տարուայ մեր կարօտը: Էստեղ են ասել՝ ԱՇԽԱՐՀԸ ՈՐՔԱՆ ՓՈՔՐ Է…
– Սարգի՜ս, դու այստե՞ղ, ե՞րբ ես եկել: Ես վաղուց գիտեմ, որ դու Ֆրանսիայում ես ապրում:
– Մաեստրօ ջան, մէկ շաբաթ է, որ հոս եմ: Տարբեր տեղեր տեսայ համերգներուդ մասին յայտարարութիւններ: Շատ ուրախ եմ, որ մասնագիտութեամբդ կ՛աշխատիս:
– Ուրեմն երկու օր յետոյ կը հանդիպենք համերգին:
– Ափսո՜ս, Հենրիկ ջան, չեմ կարող ներկայ լինել, վաղը պիտի մեկնիմ: Ըսի, ո՞վ գիտէ, ինչ կ՛ըլլայ, չ՛ըլլար, վերջին անգամ երթամ Էջմիածին, բայց ափսոս, որ վեհափառը չկար պատարագին:
– Հոգ մի արա, Սարգիս ջան, մենք ժամադրութիւն ունենք վեհափառի հետ, դու էլ մեր խմբի հետ կը գաս:
– Ինչ լա՜ւ, ինչպէ՞ս ես, Հենրիկ ջան, ինչպէ՞ս ես քեզ զգում Ամերիկայում: Ես գիտեմ, որ 70ականների վերջերուն գացիր Լոս Անջելես:
– Ինչպէս տեսնում ես՝ վատ չեմ, ահա երգչախումբիս հետ էլ եկել եմ հայրենիք… բայց դու, դու ուրա՞խ ես Ֆրանսիա տեղափոխուելուդ համար:
– Ի՞նչ ըսեմ, մաեստրօ ջան, ճիշդ է, ընկերական այն միջավայրը չկայ, որուն մենք վարժուած էինք, բայց մարդկային բնականոն ապրելակերպն ու կենցաղային պայմանները անհամեմատ բարձր են այստեղէն:
– Այդ ամէնը լաւ, Սարգիս, քանի՞ սենեակ ունես…
– Երեք ննջարան, հիւրասենեակ, փոքր այգի, եւ ի հարկէ՝ հայկական խորովածի կրակարան:
– Դէ ասա, բոլոր հարցերդ լուծուած են էլի, եւ, ամենակարեւորը՝ կնոջդ՝ Էգլանտինայի հետ մէկ անկողնում անցկացնելը ստացուե՞ց,- կատակով հարցրի ես:
– Էլ մի ըսե՜ր… Հենրիկ: Ես Ֆրանսա հասկցայ, թէ ինչ ըսել է ամուսնական անկողին, բայց, ափսո՜ս, փոքր ինչ ուշացած…
——————————————————————————
ԼԱՍ ՎԵԿԱՍ
Ս. Կարապետ Հայց. Առաք. եկեղեցւոյ Հովիւ եւ Հոգաբարձութիւն
St. Garabed Armenian Church of Las Vegas
Wishes the Armenian Community a Healthy and Prosperous Year
«Koujakian» Hall, adjacent to the church, is available for all occasions and events.
Կը շնորհաւորեն Ձեր Նոր Տարին Եւ Ս. Ծնունդը
Եկեղեցւոյ կից «Գուճաքեան»սրահը տրամադրելի է ձեր բոլոր ուրախ առիթներուն համար
2054 E. Desert Inn Rd., Las Vegas, NV 89169