Ռոստոմ Սարգսեանը ընտանիքին նուիրուած հայր է, եւ երկար տարիներ է, որ բնակւում է Լոս Անջելեսում: Նա ութ տարեկանում դարձել է սկաուտ, եւ բնակուելով Հոլիվուդում, յաճախել է Ռամոնա նախնական դպրոց: Նա վերադարձել է այստեղ տարիներ անց՝ աշխատելու Measure K School Bond-ում, որտեղ ներգրաւուած է եղել տասնեակ վարժարանների նորոգման եւ Լոս Անջելեսի տարածքում նորերի կառուցման գործում: Այդ վարժարաններից մէկը՝ Kingsley Elementary-ին, կառուցուել է Սարգսեանի մանկութեան թաղամասում՝ ալկոհոլային խմիչքների վաճառասրահի վայրում:
Սարգսեանը Հարվարդի համալսարանի (Harvard University) Քենետիի անուան Կառավարման ակադեմիայից (Kennedy School of Government) ստացել է մագիստրոսի աստիճան՝ Հանրային քաղաքականութիւն մասնագիտութեամբ: Պսակաւոր արուեստի աստիճան ստացել է Օքսիտենտալ քոլեջից (Occidental College):
Ռոստոմ Սարգսեանն երկու անգամ արժանացել է Richter կրթաթոշակին՝ Հայաստանում միջազգային հետազօտութիւններ անցկացնելու համար, որի շրջանակներում ուսումնասիրութիւններ է կատարել՝ ներառեալ պատրաստելով æաւախքի մասին իր թէզը, որ հրապարակուել է եւրոպական տարբեր պարբերականներում: Սարգսեանն արժանացել է նաեւ CoroFellow մրցանակին: 2001 թուականին Միացեալ Ազգերի Կազմակերպութիւնում (ՄԱԿ) եղել է գիատաշխատող:
Նախորդ քսան տարիների ընթացքում, Սարգսեանն ակտիւօրէն աշխատել է քաղաքական դաշտի տարբեր անհատների եւ կազմակերպութիւնների հետ՝ հայ համայնքի շահերին առնչուող տարբեր ծրագրերում: Դրանց թւում են երիտասարդների համար ծրագրերը, քաղաքացիների քաղաքական ակտիւացման շարժումները Լոս Անջելես գաւառում, նաեւ՝ մասնակցել է տեղական, նահանգի եւ դաշնային մակարդակում Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանն ուղղուած նախաձեռնութիւնների:
Իր գործունէութեան ամենայատկանշական պահերից է համարում մասնակցութիւնը Հայոց Ցեղասպանութեան յիշատակմանն ուղղուած՝ «Ճանաչում եւ Յարութիւն» (Recognition and Resurrection) արշաւին 2011 թուականին: Այս ծրագիրը խորհրդանշական էր, քանզի 150 տարուայ մէջ առաջին անգամ Արեւելեան եւ Արեւմտեան եկեղեցիներում Սուրբ Զատկի տօնը զուգադիպել էր Ապրիլի 24ին: Ողջ աշխարհում, միլիոնաւոր քրիստոնեայ հաւատացեալներ, Զատկի տօնին յիշատակեցին նաեւ Հայոց Ցեղասպանութիւնն ու մէկ ու կէս միլիոն նահատակներին: Հայ համայնքը միահամուռ նշեց Ցեղասպանութիւնից հայ ազգի յառնումը որպէս փիւնիկ այն նոյն օրը, որը խորհրդանշում էր Քրիստոսի յարութիւնը: Նոյն տարում, նաեւ ԱՄՆ Սենատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը 43 կողմ եւ 1 դէմ ձայներով ընդունեց «Եկեղեցիների վերադարձ»ի մասին բանաձեւ, որ աննախադէպ էր՝ հաշուի առնելով Թուրքիայի շահերի օգտին աշխատող մեծաթիւ օրէնսդիրների ջանքերը:
««Ճանաչում եւ Յարութիւն» արշաւը խթանեց Հայոց Ցեղասպանութեան շուրջ քննարկման ձեւաչափ հայ համայնքի համար համաշխարհային մակարդակով, սակայն այդ շարժումը սկսուեց Լոս Անջելեսում», նշում է Ռոստոմ Սարգսեանը եւ յաւելում. «2011ի Ապրիլի 24ին, մեր համայնքը ոչ միայն սգաց ազգի կորուստը, նաեւ՝ տօնեց մեր ազգի վերածնունդը՝ Ցեղասպանութիւնից վերապրածների միջոցով: Սա զօրաւոր ուղերձ է, որ մենք պէտք է զարգացնենք»:
Ռոստոմ Սարգսեանն ունի փոքր բիզնես, եւ վերջին վեց տարիներին աշխատել է տեղական ոչ շահութաբեր ընկերութիւնների հետ՝ նրանց համար գրելով դրամաշնորհների ծրագրեր (grants), տրամադրելով մարքեթինգային խորհրդատուութիւն (marketing consulting) եւ օգնելով ընտրելու հանրային շահերին ծառայող ղեկավարներ Լոս Անջելեսի տարածքում: Սարգսեանը մասնակցել է քաղաքական տարբեր արշաւների Միացեալ Նահանգների տարբեր նահանգներում՝ Օրեգոնում, Քոլորադոյում, Ֆլորիդայում եւ Մասաչուսեթսում: Նա նաեւ մասնակցել է նախագահ Բարաք Օբամայի եւ æոն Քերիի՝ նախագահի պաշտօնի համար ընտրապայքարներին:
Ռոստոմ Սարգսեանը ամուսնացել է 2013թ.ին: Կինը՝ Լիլիթը, ով մասնագիտութեամբ բուժքոյր է, աշխատել է Cedars Sinai հիւանդանոցի մանկաբարձութեան բաժնում մինչեւ դստեր՝ Անոյշի ծնունդը 2014 թուականի Սեպտեմբերի 11ին: Սարգսեան ընտանիքը բնակւում է Շըրմըն Օքսում (Sherman Oaks):
Սարգսեանը հայախօս է, տիրապետում է նաեւ իսպաներէն լեզուին:
Լոս Անջելեսի քաղաքապետական խորհրդի 4րդ ընտրաշրջանն ընդգրկում է՝ Լոս Ֆելիզի, Հոլիվուդի, Շըրմըն Օքսի, Սիլվըր Լէյքի, Թոլուքա Լէյքի, Լարջմոնթի, Հանքոք Փարքի եւ Միրըքըլ Մայլի (Los Feliz, Hollywood, Sherman Oaks, Silver Lake, Toluca Lake, Larchmont, Hancock Park, and Miracle Mile) շրջանները:
Այս շրջանից քաղխորհրդի անդամի համար իրենց թեկնածութիւնն են առաջադրել 14 անձինք, որոնցից միայն Ռոստոմ Սարգսեանն է հայ:
Նախնական ընտրութիւնները տեղի կ՛ունենան 2015 թուականի Մարտի 3ին:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.