
Yerkir.am-ին նոր մանրամասներ են յայտնի դարձել Կոտայքի մարզի հանգստավայրերից մէկում ընթացող՝ «օրէնքով գողեր»ի մեծ հաւաքի վերաբերեալ:
Նախ նշենք, որ այն տեղեկութիւնը, թէ իբր հաւաքն անցկացուել է ՀՖՖ նախագահ Ռուբէն Հայրապետեանին պատկանող «Հարսնաքար»ում չի համապատասխանում իրականութեանը: Պարզապէս հաշուի առնելով նրա հետ որոշ քրէական հեղինակութիւնների եւ «օրէնքով գողեր»ի կապը՝ փորձ է արուել ընդգծելու Հայրապետեանի դիրքն ու ունեցած համբաւը: Չի բացառւում, որ «Հարսնաքար» ռեստորանում հաւաքի մասնակիցներին պատուած լինեն, ինչը շատ տրամաբանական է:
Մենք արդէն նշել էինք, որ հաւաքը տեղի է ունենում Կոտայքի մարզի հանգստավայրերից մէկում: Մեր աղբիւրների պնդմամբ՝ հաւաքի համար ընտրուած վայրը շատ համեստ, ոչ շատ յայտնի, բոլորի աչքից հեռու հանգստավայր է: (Անուանումը առայժմ, որոշ հանգամանքներից ելնելով, նպատակայարմար չենք համարում նշել):
Նշենք, որ հաւաքի գլխաւոր քննարկումն արդէն աւարտուել է: Գողական աշխարհում յարաբերական կարգուկանոնի հաստատման համար մի քանի յայտնի «օրէնքով գողեր» զրկուել են տիտղոսներից, ոմանք էլ խիստ հրահանգներ են ստացել: Ինչպէս եւ սպասւում էր, տիտղոսից զրկուել է Ասլան Ուսոյեանի (Դեդ Հասան) սպանութիւնը պատուիրելու մէջ կասկածուող ադրբեջանցի Ռովշան æանիեւը (Ռովշան Լենքորանսկին): Թէեւ ադրբեջանական լրատուամիջոցները, յղում կատարելով Լենքորանսկու մերձաւոր շրջապատի աղբիւրներին, հերքեցին այդ տեղեկութիւնը՝ նշելով, թէ իբր հաւաքի կազմակերպիչ Շաքրոն դէմ է եղել դրան, սակայն մեր աղբիւրները հաստատապէս հակառակն են պնդում: Աւելին՝ իրականում æանիեւը «թագից» դէ ֆակտօ զրկուել էր դեռեւս երկու տարի առաջ, երբ Դեդ Հասանի համակիրների անցկացրած սեփական հետաքննութեան, մասնաւորապէս՝ հեռախօսային ձայնագրութիւնների միջոցով պարզուել էր, որ ադրբեջանցի գողը սպաննութեան պատուիրատուներից է, իսկ արդէն հայաստանեան որոշումն ընդունելը ընդամէնը դրա հաստատումն է:
æանիեւը դեռ այդ ժամանակուանից է կորցրել դիրքերը քրէական աշխարհում, նրա ամբողջ կլանը գրեթէ ոչնչացուել է: Յիշեցնենք, որ նրա նկատմամբ մահափորձ էր կատարուել 2013ի Փետրուարին Թուրքիայում, սակայն ձեւական բնոյթ էր կրել, քանի որ դեռեւս նրա հետ չմաքրած որոշ հաշիւներ կային: Երբեմնի ամենահարուստ «օրէնքով գողերից» մէկը համարուող æանիեւի ողջ մնալը պայմանաւորուած է նրա հետ դեռ ամբողջովին չլուծուած ֆինանսական հաշիւներով: Ըստ միջազգային մամուլի՝ նրա դրամական ռեսուրսներն արդէն սպառւում են, եւ չի բացառւում, որ մօտ ժամանակներս իրագործուի սպանութիւնը:
Ինչեւէ, քրէական աշխարհում կատարուած լուրջ փոփոխութիւններին մանրամասն կ՛անդրադառնանք առաջիկայում, իսկ մինչ այդ ներկայացնենք հաւաքի յաջորդ՝ ոչ պակաս կարեւոր փուլը: Մեզ հասած հաւաստի տեղեկութիւններով՝ այս օրերին սկսուել է «օբշեակ»ի (համայնքի) դրամահաւաքը: Քանի որ հաւաքն անցկացւում է Հայաստանում, բնականաբար, ըստ կարգի, դրամական «փոխանցումներ» կատարում են հայ օլիգարխները, այդ թւում՝ նաեւ յայտնի պաշտօնեաներ: Որոշ տեղեկութիւնների համաձայն՝ յայտնի մեծահարուստներից մէկը կէս միլիոն դոլար է «հանգանակել» «օբշեակ»ին: Սակայն սրա վրայ չէ, որ կը ցանկանայինք կենտրոնանալ:
Այս օրերին տարբեր լրատուամիջոցներ գրեցին հաւաքի բուն նպատակի մասին՝ այն կապելով Հայաստանի՝ ԵՏՄին անդամակցութեան, պուտինեան պատուէրի, քրէական հեղինակութիւն Կայարանցի Թեւոսիկի (երկաթուղայինների Թեւոսիկ) ազատ արձակման եւ այլնի հետ:
Վերջինիս կապն ընդհանրապէս աղերս չունի իրականութեան հետ, քանի որ, չնայած Թեւոսիկի համբաւին, նա «օրէնքով գողեր»ի համայնքի անդամ չէ, աւելին՝ երբեք չի ձգտել եւ չի ցանկացել անդամակցել այդ համայնքին, դառնալ տիտղոսակիր: Այնպէս որ՝ յօրինուածք է, թէ նրան կալանքից ազատելու համար են 150ից աւելի գողեր ժամանել Հայաստան:
Իսկ ԵՏՄի մասով ճշմարտութեան հատիկ կայ: Յիշենք՝ այս կառոյցը ստեղծուել է բացառապէս տնտեսական հիմքի վրայ, իսկ այն, որ այս ոլորտը խորհրդային ժամանակներից ի վեր գտնուել է «օրէնքով գողեր»ի վերահսկման տիրոյթում, թերեւս գաղտնիք չէ: Իսկ գողերի հայաստանեան հաւաքն առիթ է, որ «եղբայրական երկրներ»ի ներկայացուցիչները բանակցեն առաջիկայ անելիքների մասին:
Սակայն, մեր տեղեկութիւններով, հաւաքի բուն նպատակն այլ է, կարելի է ասել՝ մեր երկրի համար յոյժ կարեւոր: Այն, որ հաւաքն իրականացուել է եթէ ոչ պետական հովանաւորութեամբ, ապա գոնէ պետական թոյլտուութեամբ, արդէն իսկ ակնյայտ է: Դրա մասին փաստում են նաեւ համապատասխան մարմինների արձագանգները:
Մեզ հասած որոշ տեղեկութիւնների համաձայն՝ Հայաստանի վերին ատեաններից հաւաքի կազմակերպմանը հաւանութիւն են տուել՝ հաւաքի ժամանակ երկրի համար կարեւորագոյն նշանակութիւն ունեցող մի հարցի շուրջ քննարկում ունենալու պայմանով: Խօսքը արտաքին քաղաքական խնդրի մասին է: Ճիշդ է, համաձայն գողական օրէնքների՝ «օրէնքով գողերը» քաղաքականութեան մէջ խառնուել, առաւել եւս՝ դրանով զբաղուել չեն կարող, սակայն իրար մէջ որոշակի հարցեր քննարկելը եւ դրանք համապատասխան մարմիններին հասցնելն արգելուած չէ: Աւելին՝ փաստերը վկայում են, որ որոշ հարցեր լուծուել եւ լուծւում են այս շրջանակների կողմից, անգամ թշնամական երկրների միջեւ հիմնական կապ պահողները, ինչպէս նախկինում, այնպէս էլ այսօր նրանք են:
Այսպէս՝ որոշ տեղեկութիւնների համաձայն՝ հաւաքին մասնակից Հայաստանի համար երկու ոչ այնքան ցանկալի «սուրհանդակ-հիւրեր»ի յանձնարարուել է նախորդ տարուայ, աւելի կոնկրետ՝ վերջին օրերի լարուածութիւնը մեղմող «կարգուկանոն»ի մեսիջ ուղարկել իրենց երկիր, հակառակ դէպքում՝ խոստանում են անցանկալի «ռազբորկաներ» (հաշուեյարդարներ-Խմբ.), իսկ, որպէս երաշխիք, արել են դեռեւս 2012ին չարած գործը՝ հաստատելով նրանց «խառոշ»իի (լաւագոյնի) թագազրկումը:
Ի դէպ, չար լեզուներն ասում են, որ մեր հիւրերն անարգել Հայաստան են եկել «տուրիստ»ի կարգավիճակով: Եւ քանի որ ԱԱԾն տեղեակ է նրանց այցից, իսկ ոստիկանութիւնն ասում է, որ Հայաստանը բաց երկիր է, որտեղ օրէնսդրօրէն պաշտպանուած է մարդու ազատ տեղաշարժի իրաւունքը, երկու «տուրիստներն» էլ այստեղ իրենց շատ ապահով են զգում: Ասում են՝ նմանօրինակ հիւրեր, ինչպէս նաեւ գողերի նման բազմութիւն վերջին անգամ Հայաստան էր եկել 22 տարի առաջ՝ ԽՍՀՄ «օրէնքով գողեր»ի կնքահայր Ռաֆայէլ Բաղդասարեանի՝ Սվոյ Ռաֆի յուղարկաւորութեան ժամանակ:
Յ.Գ.- Yerkir.am-ի տեղեկութիւններով՝ այս օրերին՝ հիմնականում գիշերները, Հայաստանում գտնուող օրէնքով գողերը խումբ-խումբ այցելում են Սվոյ Ռաֆի շիրիմին եւ յարգանքի տուրք մատուցում նրա յիշատակին: