Հայ Օգնութեան Միութեան Հոլիվուդի «Մայր» մասնաճիւղի բազմավաստակ ու ազգանուէր գործունէութեան արգասիքն է Շաբաթօրեայ դպրոցը, որն արդէն չորս տասնամեակ եւ աւելի կատարում է հայակերտման իր առաքելութիւնը, այն է՝ հայեցի կրթել եւ դաստիարակել հայորդիներին, որոնք հեռու գտնուելով մայր հայրենիքից, սովորում են մայրենի լեզու, գրականութիւն, ծանօթանում են իրենց ակունքներին, աւանդոյթներին, երգ-երաժշտութեանը:
Աշակերտների մէջ ամէն շաբաթ հետեւողականօրէն ներարկւում է համոզմունք, որ մեծ արժանապատուութեամբ է պէտք կրել ՀԱՅ կոչումը, որ իրենց վարք ու բարքով ամէնուր պէտք է բարձր պահել հայ մարդու անունը: Աշակերտներին ուսուցանւում է ապրել հպարտ եւ մեծ գիտակցումով, որ իրենց մէջ կրում են մի հինաւուրց ժողովրդի պատմութիւն եւ յիշողութիւն: Դպրոցի նպատակն է բարձր պահել աշակերտների ազգային ինքնագիտակցութիւնը, որպէսզի նրանք հասկանան, որ բացի ամերիկացի լինելուց, իրենք նաեւ հայ են: Ահա թէ ինչու, ամէն Շաբաթ առաւօտ դպրոցի բակում թնդում է «Հայ Աշակերտի Ուխտը»:
Առանց անցեալի՝ ժողովուրդը չունի ապագայ: Երբ մարդիկ կորցնում են իրենց ակունքները, լեզուն, հեռանում են արմատներից, նրանք չեն կարող գոյատեւել որպէս ազգ: Յատկապէս Սփիւռքում, եթէ մեր զաւակները չունենան հիմնաւոր կրթութիւն եւ դաստիարակութիւն, վայրագ հողմերի դէմ անկարող կը լինեն դիմակայելու:
Նրանց այդ գործում օգնում են դպրոցի բազմավաստակ եւ փորձառու ուսուցիչները, որոնք հայրենիքում սկսած իրենց գործը շարունակում են ԱՄՆում: Դպրոցի բոլոր ուսուցիչներն էլ մեծ պատասխանատուութեամբ են վերաբերւում իրենց առաքելութեանը: Բոլորն էլ քաջ գիտակցում են, որ հայրենիքից դուրս մենք կանք որպէս ազգ, քանի դեռ խօսում ենք հայերէն:
Սոյն տարուայ Սեպտեմբերի 6ի առաւօտեան դպրոցն իր հիւրընկալ դռները կրկին անգամ բացեց նոր ուսումնական տարեշրջանի համար: «Մայր» մասնաճիւղի շաբաթօրեայ դպրոց են յաճախում 4ից 17 տարեկան աշակերտներ: Դպրոցի աշխատանքներին իր անմիջական հոգածութեամբ մշտապէս սատարում է «Մայր» մասնաճիւղի վարչութիւնը: Մի շարք նուիրեալ ընկերուհիներ միշտ դպրոցի կողքին են եւ ներգրաւուած են դպրոցի բոլոր ձեռնարկներում:
Ահա այդպիսի մի ձեռնարկ էր Դեկտեմբերի 27ին կայացած դպրոցի Ամանորի ուրախ խրախճանքը՝ «Հանդիպում Կաղանդ պապի հետ»: Հոլիվուդի Հայ կենտրոնի դահլիճում տիրում էր աննկարագրելի եւ անբռնազբօսիկ խանդավառութիւն: Դահլիճը մի կերպ էր տեղաւորել խրախճանքի հարիւրաւոր մասնակիցներին, որոնք մի մեծ ընտանիքի նման հաւաքուել էին միասնական տօնելու Ամանորի հանդէսը: Աշակերտները, նրանց ծնողները, «Մայր» մասնաճիւղի վարչութիւնը եւ մասնաճիւղի մի շարք ՀՕՄական ընկերուհիներ եւ այլ հիւրեր ներկայ եղան մի իւրօրինակ տօնակատարութեան:
Աշակերտներն իրենց ուրախ երգերով դիմաւորեցին Կաղանդ պապին, որից յետոյ իրար յաջորդեցին մէկը միւսից հետաքրքիր մրցոյթները, խաղերը եւ վիկտորինաները (գիտելիքներու վերաբերեալ հարցում-պատասխանի խաղ-Խմբ.): Աւագ դասարանի աղջիկները ցոյց տուին իրենց հնարամտութիւնը «Խնձորի մաքրման» մրցոյթում, տղաները կարողացան ցուցադրել իրենց շնորհքը «Հնարամիտ պարող» մրցոյթում, «ժիւրի»ի դատին էին յանձնուած «Շնորհալի հրուշակագործներ»ի մրցոյթի մասնակիցների թխուածքաբլիթները: «Երաժշտական աթոռ» մրցոյթը մեծ խանդավառութիւն առաջացրեց դահլիճում: Բոլոր յաղթողներին յանձնուեցին մրցանակներ եւ նուէրներ:
Շատ յուզիչ էր, երբ ուսուցիչները, հանդէսի աւարտին կողք-կողքի կանգնելով, իրենց վրայ ամրացուած մէկական տառերի համադրումով կազմեցին «ՀԱՅՐԵՆԻՔ» բառը: Շա՜տ ուրիշ մանրամասնութիւններ գեղեցկացրին միջոցառումը, որը կազմակերպուել էր դպրոցի ուսուցիչների, վարչութեան ընկերուհիների եւ դպրոցի Ծնողական աջակցութեան յանձնախմբի նուիրեալ ծնողների ուժերով:
ՀՕՄի «Մայր» մասնաճիւղի վարչութեան ատենապետուհի Մայդա Շահինեանը իր ամանորեայ շնորհաւորական ուղերձը յղեց դահլիճում բոլոր հաւաքուածներին: Նա շնորհակալական խօսքեր ասաց նաեւ դպրոցի բոլոր ուսուցիչներին, որոնց միահամուռ աշխատանքով իրականացաւ եւս մէկ ձեռնարկ: Մասնաճիւղի վարչութեան ընկերուհիները շատ հանդիսաւոր ներս մտան դահլիճ եւ ուսուցիչներին յանձնեցին գեղեցիկ յուշանուէրներ:
Վերջում մատուցուեց հիւրասիրութիւն, եւ բոլորն ուրախ հեռացան դահլիճից Կաղանդ պապի նուէրներով՝ ակնկալիքով, որ Նոր Տարին կը լինի նորանոր յաջողութիւնների եւ բարձունքներ նուաճելու տարի:
ՇՆՈՐՀԱՒՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ: