Թուրք յայտնի պատմաբան Թաներ Աքչամը թուրքական «Taraf» պարբերականում հրապարակուած յօդուածում անդրադարձել էր պոլսահայ նշանաւոր լրագրող Հրանդ Դինքի սպանութեան եւ 1915թ. Հայոց Ցեղասպանութեան միջեւ առկայ կապին: Յօդուածի երկրորդ մասը ներկայացնում ենք ստորեւ.
«1915ի համար մեր որոնածն ի՞նչ է: Հայ համայնքն ինչպիսի՞ արդարութիւն է փնտռում, մենք՝ Թուրքիայում բնակուողներս, ինչի՞ հետեւից ենք ընկել:
1915ի համար ի՞նչ ենք փնտռում:
Ողջ 2015ի ընթացքում՝ Ապրիլի 24ից առաջ ու յետոյ այս հարցն ենք քննարկելու:
Արդէն պէտք է համոզուենք, որ Հայոց Ցեղասպանութեան հարցի լուծումը քրդական հարցի ու ալեւիների հարցի նման մեր քաղաքականութեան կենտրոնում է:
Մեր քաղաքական կուսակցութիւններն այդ հարցում աւելի բաց ու յստակ կեցուածք պէտք է ընդունեն:
Ժողովրդա-հանրապետական կու-սակցութեան (CHP) ծրագրում «Ցեղասպանութեան անհիմն պնդումների դէմ պայքարը» ներառուած է:
ԺՀԿի ներսում պատգամաւորներ Սեզգին Թանրըքուլուին, Շաւաք Փաւէյին եւ Ումութ Օրհանին ցանկանում են կարգապահական պատժի ենթարկել՝ Հրանդ Դինքի յիշատակի միջոցառմանը մասնակցելու համար: Դենիզ Բայքալն ու մի խումբ ԺՀԿականներ Դողու Փերինչեքին (թուրք գործիչ, որի դատավարութիւնը վերջերս կայացել է Ստրասբուրգում՝ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում- Tert.am) պաշտպանելու համար Ստրասբուրգ են գնում: Սա կարող է վկայել ԺՀԿի ներսում այս հարցի առնչութեամբ քաղաքական վիճաբանութիւնների առկայութեան մասին:
Որքան էլ «Ազգերի դեմոկրատիա» կուսակցութեան համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշն ասում է, որ ճանաչում է Հայոց Ցեղասպանութիւնը, կուսակցութեան քաղաքական ծրագրում այդ հարցի առնչութեամբ որեւէ տեղեկութիւն չկայ:
Ո՞րն է Հայկական Հարցի լուծումը:
Հարցին նախ կառավարութեան տեսանկիւնից նայենք: Ես մտածում եմ, որ իշխող Արդարութիւն եւ զարգացում կուսակցութիւնը կառավարութեան հարցում լուծման առաջարկ ունի:
Թուրքիան գիտակցուած կամ անգիտակցաբար ԱՄՆ դառնալու ճանապարհին է. ինչպէս որ ԱՄՆն է բնիկների կոտորածներին առերեսւում, Թուրքիան էլ Անատոլիայի բնիկների հետ տեղի ունեցածին առերեսուելու ճանապարհով է շարժւում:
Այդ ռազմավարութեան էութիւնը «թողէք հարցը քաղաքացիական հասարակութիւնը լուծի» ասելն է:
Համաձայն այդ գաղափարի՝ հարցը միջպետական չէ: Հարցը բացառապէս Թուրքիայի պետութեան ու նրա հայ քաղաքացիների միջեւ պէտք է կարգաւորուի: Պարզ ասած՝ հարցը թուրք, քուրդ եւ հայ համայնքների միջեւ եղած հարց է: Այսինքն՝ այն Թուրքիայի ժողովրդավարացման մի մասն է: Այդ առումով՝ Թուրքիայի ներքին խնդիրն է:
Վարչապետ Դաւութօղլուի գլ-խաւոր խորհրդական Էթիէն Մահչուփեանը մի քանի անգամ արդէն բացայայտօրէն ասել է իր տեսակէտը. «Ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ մէկ այլ պետութիւն… Ի հարկէ, Սփիւռքը բարոյապէս հետաքրքրուած է, նրանց պապերն ու հայրերն են ապրել վերջիվերջոյ: Բայց ես չեմ կարծում, որ որեւէ պետութիւն, այդ թւում՝ Հայաստանը, այս հարցում որպէս կողմ պէտք է հանդէս գայ»:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.