Գրի Առաւ՝ ՆԱՐԻՆԷ ԴԱՆԵՂԵԱՆ
Ալ. Եսայեանը ճանաչուած գործարար եւ ներդրող է: Նրա ջանքերով Հայաստանում ստեղծուել են ՏՏ ոլորտի մի շարք ընկերութիւններ եւ աշխատատեղեր, իսկ 2010թ. նրա հիմնադրած «Integrien» ընկերութիւնը ձեռք է բերուել ամպային տեխնոլոգիաների առաջատար «Vmware» միջազգային ընկերութեան կողմից: Վերջինս նախատեսում է առաջիկայ 4 տարիներին 100 մլն. դոլարի ներդրում կատարել Հայաստանում:
Ներկայացնում ենք հատուածներ Ալ. Եսայեանի դասախօսութիւնից:
Ստարտափը խմբակային սպորտաձեւ է
Ստարտափը խմբակային սպորտաձեւ է. այն ֆուտբոլ է, ոչ թէ թենիս: Եթէ ստեղծել էք պրոդուկտ, որը միայն ձեր թիմն է օգտագործում, պէտք է հասկանաք, որ դրա հետ ինչ որ բան այն չէ: Սկզբում փորձէք ինքներդ հասկանալ, եւ յետոյ միայն հասկացուած լինել:
Հայաստանեան շուկայ գոյութիւն չունի, կայ միայն գլոբալ շուկայ: Երբ մարդիկ ասում են, որ պատրաստւում են ինչ որ ծրագիր ստեղծել հէնց Հայաստանի համար, ես ասում եմ, որ դա լաւ գաղափար է, բայց ինչո՞ւ չստեղծել նոյնը ամբողջ աշխարհի համար:
Հնարաւորութիւնները նման են ծովի ալիքների. դու դրանք կա՛մ կը բռնես, կա՛մ բաց կը թողնես: Բայց եթէ նոյնիսկ մէկ հնարաւորութիւն բաց թողնես, յաջորդելու է մէկ ուրիշը: Դրանք անընդհատ գալիս են: Այսօր ձեզանից իւրաքանչիւրն ունի ինչ որ նոր բան ստեղծելու հրաշալի հնարաւորութիւն: Գուցէ մտածում էք, որ ձեր գլխում ամէն ինչ կազմակերպել էք եւ գաղափարը մշակել, բայց եթէ ռեալ քայլեր չանէք, դա ոչնչի չի յանգեցնի:
Ինչ էլ որ պատահի, պէտք է ունենալ թիրախ եւ նպատակ: Շատերը կեանքի տարբեր փուլերում ձեզ խելագար կ՛անուանեն եւ կը համոզեն չանել այն, ինչ դուք ցանկանում էք անել, պատճառաբանելով, օրինակ, ձեր փորձի պակասը, քիչ գումարը կամ այլ բաներ, իսկ երբ դուք ապացուցէք, որ իրականում դա կարող էք անել, «միջնամատ» ցոյց կը տաք նրանց:
Կեանքում ձախողումներ չեն լինում, լինում են դասեր
Յաջողութեան սահմանումները տարբեր են իւրաքանչիւրի պարագայում: Ինձ համար յաջողութեան մի քանի բաղադրիչ կայ: Օրինակ, հոգատարութիւնը: Չես կարող ստեղծել մի բան, եթէ այն քեզ համար իսկապէս մեծ նշանակութիւն չունի: Հոգատարութիւնը գալիս է ներսից: Պէտք է սիրես այն, ինչ անում ես:
Եթէ սիրում ես մի բան, պէտք է պարտաւորուած զգաս այն իրականացնելիս: Յիշէ՛ք, կեանքում ձախողումներ չեն լինում, լինում են միայն դասեր: Նայում ես անցեալին, տեսնում քո սխալները, եւ ապագայում աւելի լաւ որոշումներ կայացնում: Անհնար է յաջողութեան հասնել առանց ձախողման: Եթէ ցանկանում ես ձախողուել, թող դա մեծ ձախողում լինի, որովհետեւ կ՛ապացուցի, որ ձախողման հեռանկարից, այնուամենայնիւ, չես վախեցել: Աւելին, այն կը դառնայ քո նոր յաջողութեան հիմնաքարը:
Ես շատ աւելին եմ սովորել իմ սխալներից, քան յաջողութիւններից
Յաճախ եմ կրկնում՝ ստարտափ հիմնադրել կարող են ոչ բոլորը: Բայց հաճելի է, երբ, այնուամենայնիւ, անում ես այդ քայլը, ապա հետ ես նայում ու տեսնում, թէ այդ ընթացքում որքան բան ես սովորել: Այո, այդ գործընթացում իւրաքանչիւր պահի մտավախութիւն ես ունեցել, որ ինչ որ բան, հնարաւոր է, սխալ ընթանայ: Այս ամէնով հանդերձ կեանքը չէր կարող աւելի զուարճալի լինել: Ի դէպ, ես շատ աւելին եմ սովորել եմ իմ սխալներից, քան յաջողութիւններից: Նոր ընկերութիւն ստեղծելիս վախը պէտք է բացառել: Այն միայն ձեզ հետ է մղելու նշանակէտից եւ հոգեպէս ընկճելու է:
Լաւ գաղափարը միշտ գտնում է ֆինանսաւորում
Այսօր ոչ ոք չի կարող ասել, որ իրեն հասանելի չեն կրթութիւնը կամ ռեսուրսները: Աշխարհն այլեւս բաց է, ոչ ոք մեկուսացուած չէ:
Հայաստանում գործում է վենչուրային հիմնադրամ, որը լաւ նախագծեր է փնտռում: Բայց նման ֆինանսաւորում ստանալու պատրաստ ընդամէնը 3-4 ընկերութիւն կայ: Մի՛ ասէք, որ ունէք լաւ գաղափար, բայց չունէք ֆինանսաւորում: Լաւ գաղափարը միշտ գտնում է ֆինանսաւորում:
Պէտք չէ 12 ժամ անցկացնել համակարգչի առաջ, եւ ինքներդ ձեզ համոզել, որ շատ էք աշխատում, մանաւանդ որ այդ 12 ժամից 6ը երեւի սոցցանցերում էք անցկացրել:
Ստեղծագո՛րծ եղէք: Ուրիշների ստեղծածը կրկնօրինակելը հաճելի չէ: Արէ՛ք մի բան, որը կ՛արտայայտի ձեր թիմի ստեղծագործ ոգին: Հիանալի զգացում է, երբ ստեղծել ես մի բան եւ գիտես, որ էլ ոչ ոք դա չի արել:
Խնդիրների մասին ուրիշների հետ կիսուելը ուժեղութեան նշան է
Սկզբում ձեռնարկէք ամենակարեւոր գործերը: Սա ձեզ կ՛օգնի կենտրոնացած եւ նպատակաուղղուած դառնալ:
Մի՛շտ պատկերացրէք, թէ ինչ է կատարուելու յետոյ: Ինքներդ ձեզ հարց տուէք, որ եթէ ունենաք այդ ստարտափը, եւ երկու տարի շարունակ այն զարգացնէք, ինչերի այն կարող է հասնել: Կառուցէ՛ք ապագայ, որը ձեզ ոգեւորելու է: Եւ երբ մտնէք այդ գործընթացի մէջ, այն կը սկսի ձեզ իր հունով տանել:
Դուք Հայաստանի տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներն էք: Յաճա՛խ հանդիպէք, քննարկէք, խորհուրդներ տուէք միմեանց: Խնդիրների մասին ուրիշների հետ կիսուելը ոչ թէ թուլութեան, այլ ուժեղութեան նշան է: Եթէ ցանկանում էք Հայաստանում ինչ որ բան փոխել, պէտք չէ այդ մասին գոռալ. եթէ 100 հոգուցդ իւրաքանչիւրն իր շրջապատում 10 հոգու կարողանայ ոգեւորել, որ հարկաւոր է ինչ որ բան փոխել, այդ գործընթացն ինքնըստինքեան տեղի կ՛ունենայ: Ցո՛յց տուէք նրանց, թէ ինչ էք անում դուք:
Եթէ Հայաստանն ունենայ 50 հազար որակեալ ՏՏ մասնագէտ, ապա մէկ օրում այն աշխարհում առաջինը կը դառնայ: