ՀԱՐՑԱԶՐՈՅՑ «ՌՈՒՍ—ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ» ՆԱԽԱԳԱՀ ԵՈՒՐԻ ՆԱՒՈՅԵԱՆԻ ՀԵՏ
Զրուցեց՝ ԳՈՀԱՐ ՅԱԿՈԲԵԱՆ
ԵՈՒՐԻ ՆԱՒՈՅԵԱՆ.- Մենք հասարակական դիւանագիտութեան միջոցով նպաստում ենք ռուսաստանեան քաղաքական, վերլուծական շրջանակներին հայկական խնդիրների ներկայացմանը, հայկական պետականութեան շուրջ համայնքային ներուժի համախմբմանը եւ հայ-ռուսական տարբեր ծրագրերի իրականացմանը: Արցախի հարցն ու Հայոց Ցեղասպանութեան թեման նոյնպէս կարեւոր տեղ են գրաւում մեր աշխատանքներում: Մեր բոլոր միջոցառումները տեղի են ունենում բացառապէս ռուսաստանեան քաղաքական ու տեղեկատուական հարթակներում, քաղաքական կուսակցութիւնների, վերլուծական կենտրոնների եւ խոշոր հասարակական միաւորումների հետ համագործակցաբար: Միւս առանձնայատկութիւնը ծրագրերի՝ մասնագիտական հենքի վրայ մշակումն ու իրականացումն է: Օրինակ, «Զգոյշ, պատմական փաստեր» ծրագիրը ուղղուած է պատմական կեղծարարութեան դէմ, «Ռուս-հայկական համագործակցութեան գրադարան» մատենաշարը կոչուած է ռուսաստանեան լայն շրջանակներին ներկայացնելու հայկական քաղաքական խնդիրների վերաբերեալ աշխատութիւններ: Այսպէս, դրա շրջանակներում մոսկովեան ճանաչուած տարբեր հրատարակչութիւններում լոյս են տեսել Արցախին, հայերի Ցեղասպանութեանը, Հայաստանի եւ Ռուսաստանի պատմութեան տարբեր էջերին վերաբերող ուսումնասիրութիւններ: Մեր մատենաշարի հեղինակների թւում են Կիմ Բակշին, Ստանիսլաւ Տարասովը, Անտոնիա Արսլանը, Ռաֆայիլ Զինուրովը, Ալեքսանդր Կռիլովը, Լէոնիդ Ռեշետնիկովը: «Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագրի միջոցառումները նոյնպէս ուղղուած են Հայաստանի շուրջ բարեկամական դաշտի ապահովմանը: Քաղաքական բանավէճի «Երկխօսութիւն» ակումբը հիւրընկալում է քաղաքական գործիչների ու քաղաքագէտների, քննարկուող թեմաները հրատապ խնդիրների շուրջ են: Քաղաքագիտական կենտրոնների հետ համագործակցութիւնը, տարբեր հարթակներում քննարկուող թեմաների նկատմամբ հայկական տեսակէտի ապահովումը մեր ամէնօրեայ աշխատանքի մասն են կազմում: Անցեալ տարում կարելի է առանձնացնել յատկապէս Ռազմավարական հետազօտութիւնների ռուսաստանեան ինստիտուտի եւ Կովկասագէտների գիտական ընկերութեան հետ համագործակցութիւնն ու համատեղ միջոցառումները, ՀԱՊԿ Վերլուծական ընկերակցութեան շրջանակներում գործունէութիւնը, որի անդամ է մեր կազմակերպութիւնը: Մոսկուայի տնտեսական ֆորումի շրջանակում նախորդ տարուայ Մարտին մեր նախաձեռնութեամբ կազմակերպուել է Հայաստանին նուիրուած առանձին կլոր սեղան՝ «Եւրասիական ինտեգրացիայի հեռանկարները եւ Հայաստանը» խորագրով, ուր քննարկուել են ԵՏՄին Հայաստանի միանալու առաւելութիւններն ու մարտահրաւէրները: Իսկ Նոյեմբերին կազմակերպել ենք Արցախի տնտեսական զարգացմանը նուիրուած ֆորում՝ ԼՂՀ կառավարութեան մասնակցութեամբ: Նախորդ տարի յաջողուեց յարաբերութիւններ հաստատել նաեւ գիւղմեքենաշինութեան ռուսաստանեան առաջատար ձեռնարկութիւններից մէկի եւ ԼՂՀ կառավարութեան միջեւ, շուտով այն կ՛ունենայ իր գործնական արդիւնքները՝ ի նպաստ ԼՂՀ տնտեսութեան: Մեր աշխատանքների առանձնայատուկ մաս է հանդիսանում ՌԴ Պետական Դումայում խմբակցութիւն ունեցող կուսակցութիւնների հետ յարաբերութիւնները: Շարունակական բնոյթ է կրում ռուսաստանեան պատգամաւորներից, հասարակական գործիչներից եւ լրագրողներից բաղկացած խմբերի այցերի կազմակերպումը ԼՂՀ: Մեր հնարաւորութիւնների սահմաններում ըստ ամենայնի նպաստում ենք հայկական գործօնի ներկայացմանը, համագործակցութեան ծրագրերի զարգացմանը, հայկական համախմբուածութեան ամրապնդմանը: Համոզուած եմ, որ հայկական ներուժը հնարաւոր է համախմբել հայոց պետականութեան գաղափարի եւ հայկական մշակութային ժառանգութեան հիման վրայ:
ԳՈՀԱՐ ՅԱԿՈԲԵԱՆ.- Ի՞նչ աշխատանքներ էք նախատեսում հայերի Ցեղասպանութեան 100տարելիցի ուղղութեամբ:
ԵՈՒՐԻ ՆԱՒՈՅԵԱՆ.- Մոսկուայում աւանդաբար անցկացուող փոքրաթիւ պիկետի կողքին մենք նախաձեռնել ենք Ցեղասպանութիւնը դատապարտող ամէնամեայ միտինգի անցկացում՝ Մոսկուայի հրապարակներից մէկում: Ցեղասպանութեան դատապարտման եւ Թուրքիայի կողմից ճանաչման պահանջով հինգ միտինգ ենք անցկացրել, մէկն էլ՝ ադրբեջանա-հունգարական գործարքի դէմ: Դրանցում ներգրաւում ենք ռուսաստանեան քաղաքական առաջատար ուժերի պատգամաւորներին, ազգային համայնքների ներկայացուցիչներին, խոշոր հասարակական միաւորումներին: Զուգահեռաբար, իւրաքանչիւր տարի անց ենք կացնում Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած երեկոներ՝ դարձեալ քաղաքական ուժերի մասնակցութեամբ: Դրանից բացի, քաղաքագիտական կլոր սեղանի կամ գիտաժողովի կազմակերպման միջոցով էլ քննարկւում են Ցեղասպանութեան տարբեր դիտանկիւնները: Ահա, ամէն տարի այս համադրութեամբ միջոցառումների անցկացումը հնարաւորութիւն է տուել ձեւաւորելու մէկ համակարգ, որը ընդլայնել է թեմայի տարածման սահմանները եւ տարբեր լսարանների ընդգրկումը: 2013թ. Մայիսին ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ ձեւաւորուել է հայերի Ցեղասպանութեան 100րդ տարելիցի միջոցառումների համակարգման ռուսաստանեան յանձնաժողովը՝ ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրի տրամաբանութեամբ: Արդէն հաստատուել է յանձնաժողովի ծրագիրը, ընթացքի մէջ է դրա գործնականացումը:
ԳՈՀԱՐ ՅԱԿՈԲԵԱՆ.- Վերջին ամիսներին ակտիւացրել էք աշխատանքները Սիբիրի տարածաշրջանների հետ: Մասնաւորապէս, եղել էք Նովոսիբիրսկում եւ Տոմսկում, աշխատում էք Երեւանի եւ Տոմսկի պետական համալսարանների միջեւ համագործակցութեան ուղղութեամբ: Ի՞նչ արդիւնքներ կարելի է ակնկալել այդ բուհերի համագործակցութիւնից:
ԵՈՒՐԻ ՆԱՒՈՅԵԱՆ.- Մեզ Սիբիր է հասցրել հայկական քաղաքական գործը, բայց այս անգամ՝ կամաւոր կերպով: Այսպէս, նախորդ տարուայ Նոյեմբերի 8-9ին Նովոսիբիրսկում տեղի ունեցաւ հայկական երիտասարդական կազմակերպութիւնների համառուսաստանեան ֆորումը, որը հրաւիրուած էր Ցեղասպանութեան 100րդ տարելիցի միջոցառումների երիտասարդական միասնական ծրագրի մշակման օրակարգով: Երկօրեայ բովանդակային քննարկումների արդիւնքում, այս թեմայով վերջին տարիներին Մոսկուայում ձեւաւորուած համակարգը օրինակ ընդունելով, մշակուել է գործողութիւնների միասնական ծրագիր, որը իրականացուելու է ֆորումին մասնակից երիտասարդական միութիւնների կողմից ՌԴ տարբեր սուբյէկտներում՝ Մոսկուայից մինչեւ Ուֆա, Պերմից մինչեւ Կրասնոյարսկ, Նովոսիբիրսկից մինչեւ Ալթայսկ, Ուլեանովսկից մինչեւ Եկատերինբուրգ եւ ուրիշ խոշոր քաղաքներում: Դեկտեմբերի 16ին էլ այցելել եմ Տոմսկի պետական համալսարան, որտեղ դասախօսութիւն եմ կարդացել «Հայաստանն ու հայկական գործօնը միջազգային քաղաքականութիւնում» թեմայով եւ համալսարանի ղեկավարութեան հետ քննարկել ինչպէս մեր կազմակերպութեան հետ յետագայ համագործակցութեան զարգացման, այնպէս էլ ԵՊՀ հետ յարաբերութիւնների հաստատման հարցերը: Ի դէպ, Տոմսկի պետական համալսարանը Ռուսաստանի հնագոյն ուսումնական հաստատութիւններից է, հիմնադրուել է 1878թ.: Այն միջազգային համագործակցութեան հարուստ աւանդոյթներ եւ ազգային-հետազօտական հաստատութեան կարգավիճակ ունի: Ռեկտոր Էդուարդ Գալաժինսկու հետ հանդիպման ժամանակ պայմանաւորուել ենք, որ Տոմսկի եւ Երեւանի պետական համալսարանները գարնանը համագործակցութեան համաձայնագիր ստորագրեն, դա համաձայնեցրել ենք նաեւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնեանի հետ: Տոմսկի պետհամալսարանի ռեկտորը ընդառաջել է Մարտին իրենց մօտ հայերի Ցեղասպանութեան 100րդ տարելիցի թեմայով միջազգային գիտաժողովի կազմակերպման մեր առաջարկութեանը: Առաջարկել ենք նաեւ Տոմսկի համալսարանում հայկական կենտրոն ստեղծել: Ռեկտոր Էդուարդ Գալաժինսկին առաջարկել է ԵՊՀ հետ բնագիտական մասնագիտութիւններից մէկի ուղղութեամբ համատեղ լաբորատորիա ստեղծել, նկատի ունենալով երկու համալսարաններում առկայ ուժեղ դպրոցները եւ աւանդոյթները: Նաեւ նախատեսում ենք Փետրուարին ԵՊՀում համատեղ ձմեռային դպրոց կազմակերպել միջազգային յարաբերութիւնների թեմայով: Ռուսական կողմից ծրագրում կ՛ընդգրկուեն երիտասարդ միջազգայնագէտ-հետազօտողներ, որոնք միջազգային ու տարածաշրջանային հրատապ խնդիրներով արդէն հրապարակումներով հանդէս են գալիս ռուսաստանեան ճանաչուած հանդէսներում: Միջոցառումը տեղի կ՛ունենայ դրանցից մէկի՝ «Ռուսաստանը գլոբալ քաղաքականութիւնում» ամսագրի տեղեկատուական հովանաւորութեամբ եւ կ՛աւարտուի մասնակիցների՝ Արցախ այցելութեամբ:
ԳՈՀԱՐ ՅԱԿՈԲԵԱՆ.- Հայաստանը յաւակնութիւններ ունի Եւրոպական կրթական տարածքում իր տեղը զբաղեցնելու առումով, արդեօք ՌԴ բուհերի հետ կապուելը չի՞ հեռացնում մեր կրթական համակարգն այդ նպատակից:
ԵՈՒՐԻ ՆԱՒՈՅԵԱՆ.- Հայաստանի ու Ռուսաստանի բարձրագոյն կրթական համակարգերը նոյն կառուցուածքն ունեն, երկու երկրներն էլ Բոլոնիայի գործընթացի մասնակից են, ի հարկէ՝ տարբեր խորութեամբ: Եւրոպական կրթական գործընթացի հիմնական խնդրի՝ կրթութեան որակի ապահովման ուղղութեամբ իր ձեռքբերումները Հայաստանը կարող է ի գործ դնել միւս հարեւանների հետ համագործակցութիւնում: Աւելին, բարձրագոյն կրթութեան եւրոպական մի շարք հետազօտական ծրագրերի դրամաշնորհները տրամադրում են տարածաշրջանի երկրների համալսարանների հետ համագործակցութեան առկայութեան դէպքում: Շատ հայկական համալսարաններ նման ծրագրերի դիմելու համար յաճախ են ռուսաստանեան գործընկերներ փնտռում եւ հակառակը: Բացի դա, ԵՏՄում առկայ է ընդհանուր աշխատաշուկայ, որը սպասարկելու են մեր երկրների կրթական համակարգերը: Եւ վերջապէս, միջհամալսարանական համագործակցութեան միջոցով ռուսաստանեան խոշոր ուսումնական հաստատութիւններում հայկական ներկայութեան ապահովումը նոյնպէս բխում է Հայաստանի շահերից:
«Առաւօտ» օրաթերթ