
ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿԵԱՆ
Փետրուարի 18ը Ազատութեան Փետրուարի օր է: Բայց անկեղծ, նուիրեալ, գաղափարական մարդկանց ազատութեան համար պայքարի օր: 1921 թուականի Փետրուար 18ին այդ մարդիկ, այդ նուիրեալները ըմբոստացան ընդդէմ ապազգային, օտար ուժի: Խորհրդային դեռ չկազմաւորուած ողջ տարածքում առաջին ժողովրդային ապստամբութիւնն էր, որ պատահեց Փետրուար 18ին: ՓԱՌՔ նրանց: Այն խորհրդային պատմաբանները տարբեր մակդիրներով կոչեցին՝ աւանտիւրա (արկածախնդրութիւն-Խմբ.), խռովութիւն: Սակայն Փետրուար 18ը մեր ժողովրդի պատմութեան մէջ մնաց իրբեւ ՓԵՏՐՈՒԱՐԵԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹԻՒՆ: Այս նկարում այն նահատակներն էին, ում Երեւանի ազատագրումից յետոյ գտան քաղաքային բանտում: Նրանք հերոսներ էին, ովքեր տարիներ շարունակ տարբեր ճակատներում՝ Արեւմտահայաստանից մինչեւ Բաքու կռուել էին հայութեան անվտանգութեան համար, սակայն կացնահարուեցին Հայրենիքի, բոլշեւիկացած հայրենիքի մայրաքաղաքի բանտում, ադրբեջանցի մսագործի ձեռքով: