Ներկայումս Ռաուլ Վալենբերգի անուան միջազգային հիմնադրամի գիտաշխատողները տեղեկութիւններ են հաւաքագրում՝ բացայայտելու համար այլ հայերի եւս, որոնց սխրանքները մինչ այժմ պատշաճ կերպով չեն փաստագրուել: Ռաուլ Վալենբերգի անուան միջազգային հիմնադրամի նախագահ Էդուարդօ Էռնեկեանն իր ելոյթում նշել է. «Չնայած հայ ազգն աշխարհի մասշտաբով փոքր է, բայց նշանակալի է հայ փրկիչների մասնաբաժինը հրեաների փրկութեան գործում՝ արտացոլելով այս հնագոյն ժողովրդի միասնութեան ոգին: Վալենբերգի հիմնադրամը հպարտ է, որ ձեռնամուխ է եղել այս երկկողմ որոնմանը՝ բացայայտելու հրեայ ժողովրդին փրկելու հայերի գլխաւորած դեռեւս չբացայայտուած դէպքերը եւ յարգանքի տուրք մատուցելու բոլոր նրանց, ովքեր արդէն ճանաչուել են «Ազգերի առաքեալներ» եւ նրանց, ովքեր դեռ սպասում են իրենց սխրանքի բացայայտմանը:
Ռաուլ Վալենբերգի անուան միջազգային հիմնադրամի որոշումը՝ ստեղծել յատուկ նախագծուած յուշատախտակ, այն միջոցն է, որով մենք ճանաչում ենք այդ մարդկանց գործած համարձակ քայլերը եւ շնորհակալութիւն յայտնում այդ հերոսներին»:
Յիշատակը յաւերժացնող յուշատախտակները կը տեղադրուեն աշխարհի խոշոր քաղաքներում: Թել Աւիւ-Եաֆայի հայկական ասոցիացիան, որի գլխաւոր գրասենեակը տեղակայուած է Ս. Նիկողայոս վանքին կից, կը լինի այն վայրը, որտեղ կը տեղադրուի յիշատակը յաւերժացնող յուշատախտակներից առաջինը: Վերջինիս բացումը տեղի կ՛ունենայ առաջիկայում, յատուկ արարողութեամբ:
«ՀԵՏՔ»