
«ԱԿՕՍ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԿԱՆԱԴԱՀԱՅ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ԱՐՍԻՆԷ ԽԱՆՋԵԱՆԻ ՀԵՏ
Կանադահայ դերասանուհի Արսինէ Խանջեանը «Սէր եւ մի ուրիշ աշխարհ» միջազգային կինօփառատօնի 2015թ. ժիւրիի երեք անդամներից մէկն է եւ այդ նպատակով այցելել է Ստամբուլ: «Ակօս» թերթի հետ զրոյցում յայտնի դերասանուհին ներկայացրել է իր պատկերացումները Թուրքիայի հայերի եւ թուրքերի մասին, խօսել Հայոց Ցեղասպանութեան եւ հայկական Սփիւռքի առանձնայատկութիւնների մասին: Նա կարեւորել է «Սիվիլիթաս» հիմնադրամի եւ «Անադոլու Կուլտուր»ի կազմակերպած «Սարն ի վեր» ծրագիրը, որն օգնել է իրեն աւելի լաւ ճանաչելու Թուրքիայի հայութեանը: Հարցազրոյցը թարգմանաբար եւ կրճատումներով ներկայացուած է ստորեւ։
«ԱԿՕՍ».- Երբ ժամանում էիք Թուրքիա, ասում էիք, որ սկզբում մշտապէս լարուած էք լինում, այս անգա՞մ էլ է այդպէս:
ԱՐՍԻՆԷ ԽԱՆՋԵԱՆ.- Թուրքիա կատարած հինգերորդ, իսկ Ստամբուլ՝ երրորդ այցելութիւնս է: Առաջին այցելութիւնս պլանաւորած չէր, անգամ երազել չէի կարող, որ կը լինեմ այստեղ: Թուրքիայից հեռու էի մնում, քանի որ չէի կարողանալու ասել այն, ինչ մտածում էի, ինձ նեղուած էի զգալու, ինքս ինձ նման չէի լինելու: Ինձ համար, սակայն, երրորդ այցելութիւնը չափազանց զգացմունքային էր:
«Սիվիլիթաս» հիմնադրամի եւ «Անադոլու Կուլտուր»ի «Սարն ի վեր» կոչուող ծրագրի շրջանակում Ֆեթհիյէ Չեթինի («Մեծ Մայրս» յուշագրական վէպում պատմում է իր հայ տատի մասին-«Սիվիլնե»չ) հետ դէմ առ դէմ նստել եւ զրուցում էինք մեր հայկականութեան մասին: Հանդիպումն անչափ կարեւոր էր ինձ համար. առաջին անգամ հանդիպել էի «թուրքի», որը սեփական կամքով կասկածի տակ է դնում իր թուրք լինելը: Թուրքերն, ամէն առաւօտ արթնանալով, հասկանում են, թէ ինչ է նշանակում թուրք լինել եւ իրենց թրքութիւնը կասկածի տակ դնելու անհրաժեշտութիւն չեն զգում: Մինչդեռ Թուրքիայի պատմութիւնը թէկուզ մէկ անգամ պէտք է նման հարցի պատճառ դառնայ: Ես տեսայ պետութեան կողմից սահմանուած թրքութեան շրջանակից դուրս եկած մարդու փորձառութիւնը:
«ԱԿՕՍ».- Առաջին այցելութիւնից մինչ օրս «թուրքի» ձեր ընկալումներում ի՞նչ է փոխուել:
ԱՐՍԻՆԷ ԽԱՆՋԵԱՆ.- Թուրքերի հետ դէմառդէմ խօսելու հնարաւորութիւն ունեցայ եւ հասկացայ, թէ ինչու է թուրք ժողովուրդը Ցեղասպանութեանը նման կերպ մօտենում: Տեսայ, որ թուրքերը չգիտեն սեփական պատմութիւնը: Թուրքիայում մատուցւում է Ցեղասպանութեան ժխտման հիման վրայ ձեւաւորուած եւ իրականութեան թելը կտրած պատմութիւն, որը խոչընդոտում է Հայոց Ցեղասպանութեան հետ առերեսումը: Հասկանում եմ՝ շատ դժուար է. ձեզ մեղադրում են անցեալի համար, մի անցեալի, որ ձեզ այլ կերպ է մատուցուել, եւ դուք դրա վերաբերեալ նոյնիսկ տարրական պատկերացում չունենք:
«ԱԿՕՍ».- Սփիւռքից դիտելիս՝ ինչպիսի՞ն են Թուրքիայի հայերը:
ԱՐՍԻՆԷ ԽԱՆՋԵԱՆ.- Մեծացել եմ՝ իմանալով, որ Թուրքիայի հայերից շատ բան չես կարող ակնկալել: Սփիւռքը գիտի, որ Թուրքիայի հայերը վախի մէջ են: Այնպիսի վախ է, որ այն, ինչ մենք անում ենք Սփիւռքում, նրանք չեն կարող անել Թուրքիայում, նրանց ձեռքերն ու ոտքերը կապուած են, նրանք ճնշման տակ են:
Սակայն 2013թ. Ապրիլի 24-ին, երբ եկայ Թուրքիա՝ մասնակցելու անցկացուող ոգեկոչման արարողութեանը, չէի մտածում, որ նման բանի ականատես կը լինեմ: 1915 թուականից մինչ օրս կատարուածի համար հաշիւը պահանջելիս, մոռանում ենք նշել մի շատ կարեւոր բան. Սփիւռքը կորցրել է կապը Թուրքիայի հայութեան հետ: Եթէ կորցնենք մեր ժառանգականութիւնը, լեզուն, մշակոյթը, սովորութիւնները, Թուրքիայում մնացած հայութեան հետ շփումներ հաստատելով՝ կարող ենք վերականգնել այն:
Թուրքիայում ապրում են իսլամացուած եւ իրենց հայ լինելու մասին չիմացող եւ հակառակը՝ իրենց հայ համարող մարդիկ: Վերջին այցելութեան ընթացքում սկսեցի հասկանալ, թէ ինչ է նշանակում թուրքահայ լինել Ստամբուլի պէս վիթխարի քաղաքում: Չեմ կարող ասել ամբողջովին հասկացել եմ, սակայն՝ առնուազն սկսել եմ հասկանալ:
«ԱԿՕՍ».- Իսկ Սփիւռքը բացարձակ չի՞ վախենում:
ԱՐՍԻՆԷ ԽԱՆՋԵԱՆ.- Սփիւռքը Ցեղասպանութիւնից մի հնարով փրկուածների մոխիրներից յառնեց: Ցեղասպանութիւնից մազապուրծ՝ Մերձաւոր Արեւելք հասած կանայք եւ երեխաները, մահացածների եւ կորսուածների մոխիրներից ստեղծեցին Սփիւռքը: Նրանք վախին յաղթել էին, նրանց համար վախը նշանակութիւն չունէր: Նրանց համար ապրելն էր կարեւոր: Եւ կեանքին դիմագրաւելու համար հաւատացած էին, որ ինչքան ուժեղ լինեն, այնքան աւելի շատ կը կարողանան անել այն, ինչ անհրաժեշտ է:
Հինգ տարեկանում լիբանանեան որբանոցում ապաստանած պապս ուժեղ երեխայ չէր: Չի կարող ուժեղ երեխայ լինել մէկը, որի աչքի առջեւ կացնով կտրել են հօր գլուխը: Մեր աշխարհայեացքն էլ ձեւաւորուեց այդ ամէնի շուրջ. մենք յաղթել ենք մահուանը, կենդանի ենք մնացել, այժմ եկել է ուժեղ լինելու ժամանակը: Խիզախութիւնը Սփիւռքում փոխանցւում է սերնդէ սերունդ, վախն անընդունելի երեւոյթ է:
«ԱԿՕՍ».- Սփիւռքի խիզախութեան եւ քայլերի պատճառով տուժո՞ւմ է Ստամբուլի հայութիւնը:
ԱՐՍԻՆԷ ԽԱՆՋԵԱՆ.- Ֆեթհիյէ Չեթինի հետ «Սարն ի վեր» ծրագրի շրջանակում ներկաներից մէկն ասաց. «Սփիւռքի արածների պատասխանը այստեղ մենք ենք տալիս»: Անչափ վիրաւորուեցի՝ լսելով նման արտայայտութիւն, արիւնս սառեց, յատկապէս, որ դա ասում էր հայ մարդը: Սակայն ժամանակի ընթացքում հասկացայ Թուրքիայի հայութեան իրական վիճակը. ձայն չբարձրացնել, չխախտել հաւասարակշռութիւնն ու համեմատական ներդաշնակութիւնը: Եթէ Թուրքիայի հայերը իրենց խաղաղութիւնը գտել են լռելեայն վարելով իրենց կեանքը, մեր ապրելու եւ յարատեւելու ճանապարհն աւելին է, քան սոսկ՝ «Մենք այստեղ ենք ապրում» արտայայտութիւնը: Հակառակ դէպքում դատապարտուած ենք կորստեան: Մենք չենք ուզում անհետանալ Սփիւռքում, մենք կորսուելու իրաւունք չունենք. մենք զոհերի ժառանգներն ենք:
«ԱԿՕՍ».- Ի՞նչ են անելու հայերը Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցից յետոյ:
ԱՐՍԻՆԷ ԽԱՆՋԵԱՆ.- 100րդ տարելիցի արարողութիւնները կեանքի են կոչւում պատմութիւնը կենդանի պահելու համար: Երբ գայ 101րդ տարին՝ շարունակելու ենք անել նոյնը, շարունակելու ենք աշխատանքը: Հասել ենք մի կէտի, երբ վերջապէս կարող ենք խօսել Թուրքիայի քաղաքացիական հանրութեան հետ: 50 տարի առաջ Ցեղասպանութեան մասին չէինք խօսում: Սակայն հիմա այդպէս չէ: Եւ սա այն գլխաւոր պատճառներից մէկն է, որի համար կարեւորում եմ յիշատակման արարողութիւնները:
«Սիվիլնեթ»