ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Ջոն Հոդեանը ստեղծագործում է տարբեր ժանրերում՝ դասականից աւանգարդ, ռոք, օգտագործում է ջազի էլեմենտներ եւ յաճախ զուգակցում այս ամէնը: «Ջոն Հոդեանը, միախառնելով իր հայկական արմատներն ու երաժշտական դասական կրթութիւնը ազատ իմպրովիզացիաներով՝ ստեղծել է իւրայատուկ երաժշտութիւն», գրուած է երաժշտի կայքում: «Ես մեծացել եմ հայկական ամուր աւանդոյթներ ունեցող ընտանիքում, եւ մինչեւ ինը տարեկան լսել եմ միայն հայկական երաժշտութիւն՝ հօրս պատկանող ձայնապնակների վիթխարի հաւաքածուից», իր արուեստում հայկական երաժշտութեան ազդեցութեան մասին նշում է Հոդեանը:
Տաղանդաւոր երաժիշտն իր ստեղծագործական տարբեր դրսեւորումներն արտայայտում է մի քանի խմբերի միջոցով, որոնց թւում են՝ «Ֆեմիլի Սըրքըս Բենդ»ը, «Էփիֆընի Փրոջեքթ»ը, «Նաղաշ համոյթ»ը եւ այլն: Այս նախագծերի շրջանակներում, Ջոն Հոդեանն ու իր երաժշտական խմբերի անդամն ու կինը՝ երգչուհի Բեթ Ուիլիամսը, շրջագայում են ողջ աշխարհում:
Լոս Անջելեսում, «Ֆեմիլի Սըրքըս Բենդ»ի Մարտի 27ին նախատեսուած բացառիկ համերգի կազմակերպիչն է «Հայկ Փրոջեքթ»ը, որի համահիմնադիր, բժշկական մարդաբան Աստղիկ Վարդանեանը նշում է, որ երաժշտական ճանաչուած ընտանիքը սիրով է համաձայնել իրենց առաջարկին. «Այս տարի լրանում է «Հայկ» նախագծի տասնամեակը, եւ ողջ տարուայ ընթացքում նախատեսում ենք մշակութային ձեռնարկներ: Ջոն Հոդեանը բացառիկ երաժիշտ է՝ ընդունուած եւ ճանաչուած երաժշտական համաշխարհային ընտանիքում, եւ ներկայացնելով մեր կազմակերպութիւնը՝ առաջարկեցի նրանց մասնակցել մեր ձեռնարկին: Հոդեանն ու Ուիլիամսը որոշեցին իրենց լոսանջելեսեան համերգը նուիրել «Հայկ Փրոջեքթ»ին, քանզի կիսում են մեր կազմակերպութեան գաղափարն ու նպատակները՝ ուղղուած բնական ծննդաբերութեանն ու երեխային բնական միջավայրում դաստիարակելուն», նշում է Վարդանեանը:
«Ֆեմիլի Սըրքըս Բենդ»ի համերգը տեղի կ՛ունենայ «Սոնաֆէ» սրահում, որ գտնւում է 8134 Ֆութհիլ բուլվարդ, Սանլենդ հասցէում, Ուրբաթ օրը, երեկոյեան ժամը 8ին: Տոմսեր կարելի է ձեռք բերել՝ զանգահարելով 818 392-4245, կամ այցելել http://www.acwf.net/2015/02/25/family-circus-band-concert/ կայք:
Տեղեկանք. Ջոն Հոդեանը որպէս խմբավար հանդէս է եկել Ֆիլադելֆիայի Նոր երաժշտական նուագախմբում եւ Ֆիլադելֆիայի Երիտասարդական նուագախմբում, երաժշտութեան տեսութիւն է դասաւանդել Արուեստների համալսարանում: Հոդեանը երաժշտութիւն է գրել շուրջ հարիւրաւոր վաւերագրական, գեղարուեստական ֆիլմերի, թատերական ներկայացումների, նուագախմբերի համար: Նա մի շարք մրցանակների, այդ թւում՝ Նիւ Եորքի «Էմմի»ի մրցանակակիր է: Որպէս «Սանդենս» թատրոն-ինստիտուտի մշտական երգահան, նա համագործակցել է առաջատար արուեստագէտների հետ, ինչպիսիք են Անն Բոգարտն ու Իսրայէլ Հորովիցը: Հոդեանի կինը՝ Բեթ Ուիլիամսն օժտուած է չորս օկտաւա ընդգրկող ձայնով:
«Հայկ Փրոջեքթ»ը (Haik Project.org) կրթական ծրագիր է, որ գործում է «Հայ երեխայի բարօրութեան» հիմնադրամի շրջանակներում 2005 թուականից: Այն իր տեսակով բացառիկ ծրագիր է, որի նպատակն է ծնողներին կրթել մի քանի առանցքային հարցերի շուրջ, հիմնականում՝ բնական ծննդաբերութեան, յետծննդաբերական շրջանի եւ նորածնի խնամքի հետ կապուած: «Հայկ Փրոջեքթ»ը, հիմնադրման տասնամեակի հետ կապուած տարուայ ընթացքում, նախատեսել է կրթական եւ մշակութային բազմապիսի ձեռնարկներ ամէն ամիս: