Նոյն օրը՝ Մարտի 26ին, ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միութիւնները կազմակերպելու են ցոյցեր աշխարհի տարբեր երկրներում գտնուող՝ Եւրոպական Միութեան գրասենեակների առջեւ:
Ցոյցերի ընթացքում Եւրոպական Միութեան գրասենեակներին յանձնուելու են նոյնաբովանդակ տեքստով պահանջագրեր: Համահայկական երիտասարդական-ուսանողական ցոյցերը նպատակ ունեն միաւորել Հայաստանում եւ Սփիւռքում ապրող հայ երիտասարդներին եւ նրանց միջոցով բարձրացնել հայ ժողովրդի բողոքի ձայնը:
Ստորեւ ներկայացնում ենք պահանջագրի հայերէն տարբերակը:
2015 թուականի Ապրիլի 24ը նշւում է որպէս Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցի օր, արդէն 100րդ տարին է, որ մենք որպէս Հայոց Ցեղասպանութիւնը վերապրածների ժառանգներ՝ յանուն մէկ եւ կէս միլիոն անմեղ զոհերի, կանգնած ենք մարդկութեան հանդէպ կատարուած յանցագործութեան միջազգային ճանաչման եւ պատմական արդարութեան վերականգնման գործընթացի առջեւ:
Թուրքիայի Հանրապետութիւնը մինչ օրս օգտւում է այն առաւելութիւնից, որը քաղել է մի յանցագործութիւնից, ինչը իրականացուել է իրենց նախնիների կողմից: Դեռ աւելին, Թուրքիան շարունակում է իր ցեղասպան քաղաքականութիւնը՝ ժխտելով ցեղասպանութեան փաստը եւ իրականացնելով պատմական իրողութիւնը աղաւաղելու համաշխարհային քարոզչութիւն:
Արդէն վաղուց գաղտնիք չէ, որ Անկարան գերազանցել է լոբիիստական խմբերի ձեւաւորման եւ քաղաքական շանտաժի իրականացման գործը:
Որպէս հայ երիտասարդներ ողջունում եւ աջակցում ենք Եւրոպական խորհրդարանի վերջին կոչը՝ Եւրոմիութեան անդամ երկրներին ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը:
Մենք ընդունում ենք վերոնշեալ դիրքորոշումը, որպէս Եւրոպական խորհրդարանի 1987թ.ի որոշման կրկնութիւն, որը ճանաչում է Հայոց Ցեղասպանութիւնը եւ հաստատում է. «Հայկական Հարցը եւ Թուրքիայի տարածքում ապրող այլ ազգային փոքրամասնութիւնների ազգային հարցերը պէտք է լուծուեն Թուրքիայի եւ Եւրոպական Միութեան փոխյարաբերութիւնների շրջանակներում»:
Մենք կոչ ենք անում Եւրոմիութեան ղեկավարութեանը, մասնաւորապէս, Եւրոպական խորհրդին, Եւրոմիութեան խորհրդին եւ Եւրոպական յանձնաժողովին պահպանել Եւրոպական խորհրդի կողմից սահմանուած բարոյական չափանիշը՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման հարցում:
Մենք յորդորում ենք Եւրոմիութեան ղեկավարութեանը խրախուսել իր անդամ պետութիւններին՝ ճանաչելու Հայոց Ցեղասպանութիւնը եւ քրէական պատասխանատուութեան ենթարկելու մերժողներին:
Մենք պահանջում ենք Եւրոպական Միութիւնից ճնշել Թուրքիային, որպէսզի ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը եւ նախաձեռնի քայլեր՝ բոլոր նիւթական եւ ոչ նիւթական կորուստների փոխհատուցման եւ հայ ազգի պատմական իրաւունքների վերականգնման ուղղութեամբ:
Մենք գտնում ենք, որ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը, արդարութեան հաստատումը եւ հայ ազգի պատմական իրաւունքների վերականգնումը նախապայմաններ պէտք է լինեն Եւրոպական Միութեանը Թուրքիայի անդամակցութեան համար:
Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցի օրուայ նախաշեմին, մենք՝ որպէս վերապրածների սերունդներ, յայտարարում ենք, որ վճռական ենք Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի եւ հայ ազգի անժամանցելի իրաւունքների համար մղուող արդար գործում:
26 ՄԱՐՏ 2015թ.
ՀՅԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵՒ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆՆԵՐ
www.yerkir.am