
«Հայկական ճամբորդութիւն. քանդուած (shattered) անցեալից դէպի բարգաւաճում», այսպէս է կոչւում Կալիֆորնիայի թանգարանում Մարտի 31ին բացուած ցուցահանդէսը, որ կը գործի մինչեւ Օգոստոսի 2ը: Սակրամենտոյում անցկացուող այս ցուցադրութեան միջոցով ներկայացւում է ամերիկահայերի նպաստը նահանգի պատմութեանն ու մշակոյթին: «Իրենց հայրենիքում վերապրելով աղքատութիւն, ցեղասպանութիւն եւ բնական աղէտներ, Հայաստանից ներգաղթեալները 1880 թուականից ապրել ու բարգաւաճել են Կալիֆորնիայում», գրուած է թանգարանի կայքէջում:
Ցուցահանդէսում, պատմական լուսանկարների, մշակութային իրերի եւ հազուագիւտ առարկաների միջոցով ներկայացւում են Կալիֆորնիայի հայերի նշանակալի ձեռքբերումները՝ սկսած Ֆրեզնոյի ֆերմաներից մինչեւ հոլիվուդեան բեմեր ու նահանգային խորհրդարան: Ներկայացուած են նաեւ հայկական ծագում ունեցող յայտնի անձինք՝ Պուլիցերեան մրցանակի դափնեկիր, գրող Վիլեամ Սարոյեանը, երգչուհի Շերը, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Ջորջ Դոքմեջեանը եւ այլք:
Կալիֆորնիայի թանգարանում ներկայացուած է նահանգի պատմութիւնն ու կալիֆորնիացիների ներդրումն աշխարհում: Թանգարանի հոգաբարձուների խորհրդի պատուաւոր անդամների թւում են Ջերի Բրաունը, Ջորջ Դոքմեջեանը, Նենսի Ռէյգանը, Արնոլդ Շուարցնեգերը եւ այլոք: