ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Խօսելով ծրագրերի մասին, դոկտոր Աղախանեանն առանձնացնում է Բրբենքի դպրոցներում հայոց լեզուի դասաւանդման հարցը: «Մեր մշակոյթը, առաջին հերթին մեր լեզուն է: Շատերս մտահոգուած ենք նոր սերնդի շրջանում հայկական ինքնութեան պահպանման հարցով, եւ այս խնդրի լուծման լաւագոյն ձեւը մեր երեխաներին մայրենի լեզուով կրթութիւն ապահովելն է: Ընտրուելու դէպքում, իմ առաջնահերթութիւնը լինելու է հայոց լեզուի ներմուծումը Բրբենքի դպրոցական համակարգում»,- նշում է Աղախանեանը:
Արմոնդ Աղախանեանն այն թեկնածուն է, ով գործով է վկայել հայ համայնքին իր նուիրուածութիւնը: Նրա մասնագիտական կենսագրութիւնն ու յաջողութիւններն էլ վկայում են ոլորտում մեծ փորձառութեան եւ տեղեկացուածութեան մասին: Կրթութիւնը, ինչպէս Աղախանեանն է խոստովանում, իր ընտանիքի համար մշտապէս առաջին տեղում է եղել: Պատանի հասակում գաղթելով Միացեալ Նահանգներ, Արմոնդ Աղախանեանը Արուեստների եւ քաղաքագիտութեան Պսակաւոր աստիճան է (Bachelors of Art in Political Science) ստացել Նորթրիջի համալսարանից, Բիզնես կառավարման մագիստրոսի աստիճան՝ Վուդբըրի համալսարանից եւ դոկտորականը պաշտպանել է Փեփերդին համալսարանի Կրթութեան եւ Հոգեբանութեան դպրոցում: Դոկտ. Աղախանեանը տասը տարի է դասաւանդում է Վուդբըրի համալսարանում, միաժամանակ ակտիւօրէն ներգրաւուած է հայ աշակերտների եւ ուսանողների յառաջադիմութեանն ուղղուած տարբեր ծրագրերում: Արմոնդ Աղախանեանը «Էլեւէյ»չ անուանումը կրող ամենամեայ ձեռնարկի կազմակերպչական խորհրդի անդամ է: Այս նախագծի նպատակն է բացայայտել երիտասարդ առաջնորդների եւ խրախուսել, որպէսզի ամերիկահայ երիտասարդները լիարժէք մասնակցեն երկրում տեղի ունեցող քաղաքական-հասարակական գործընթացներին եւ ակտիւօրէն ներգրաւուեն հայ համայնքի կեանքում:
Արմոնդ Աղախանեանը նաեւ ներգրաւուած է քաղաքական-հասարակական կեանքում: Գործունէութեան վաղ շրջանում, Աղախանեանն աշխատել է Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի խօսնակի գրասենեակում որպէս աւագ խորհրդական. եղել է խորհրդարանի մեծամասնութեան նախկին ղեկավար Դարիոյ Ֆրոմերի ներկայացուցիչը Բրբենքում եւ Գլենդելում: Բազմաթիւ կազմակերպութիւնների անդամ է եղել եւ իր ծառայութիւնների համար արժանացել է մրցանակների ու պատուոյ գրերի, այդ թւում՝ նախագահ Օբամայի «Նախագահի կամաւորական ծառայութիւն» մրցանակին:
Աղախանեանին այսօր սատարում են՝ Բրբենքի Հայ Դատի յանձնախումբը, կոնգրեսական Ադամ Շիֆը, Բրբենքի քաղաքապետը, Բրբենքի Կրթական միացեալ խորհրդի նախագահը, Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանեանը եւ շատ ուրիշներ:
Հարկ է նկատել, որ վերջին 12 տարիներին, Բրբենքում չի եղել որեւէ ընտրուած հայ պաշտօնեայ: Հաշուի առնելով կրթութեան ոլորտի նշանակութիւնը, առաւել կարեւորւում է հայազգի թեկնածուի յաղթանակն այս պաշտօնի համար: «Ես կը դառնամ մեր համայնքի ձայնը Կրթական միացեալ խորհրդում եւ լիարժէք կը ներկայացնեմ բոլոր այն հարցերը, որ մտահոգում են հայ աշակերտներին ու ծնողներին»,- հաւաստիացնում է հայազգի թեկնածուն: Ծրագրերն իրականացնելու համար, Արմոնդ Աղախանեանին անհրաժեշտ է հայ ընտրողի քուէն, ինչպէս Աղախանեանն է ասում՝ «կերտենք պատմութիւնը միասին»:
Բրբենք քաղաքում բնակւում է շուրջ 15 հազար հայ, որոնցից մօտ վեց հազարը գրանցուած է ընտրութեան համար: «Այս տարի Մարտի վերջին կայացած նախնական ընտրութիւններին մասնակցել են հազարից աւելի հայեր: Ի հարկէ ուրախալի է մեր հայրենակիցների մասնակցութիւնը, սակայն եթէ հաշուի առնենք արձանագրուածների եւ բնակիչների թիւը՝ սա շատ քիչ է: Օրինակ, Արմոնդ Աղախանեանն առաջին փուլում ստացել էր շուրջ 3700 ձայն, որից միայն 1150ն էր հայերինը»,- նշում է Բրբենքի Հայ Դատի յանձնախմբի համանախագահ Կայծակ Շահբազեանը: Նա կոչ է անում Բրբենքի հայ բնակիչներին ակտիւօրէն մասնակցել Ապրիլի 14ի ընտրութիւններին եւ քուէարկել Հայ Դատի յանձնախմբի սատարած թեկնածուների օգտին. Կրթական միացեալ խորհրդի համար՝ Արմոնդ Աղախանեանին, Բրբենքի քաղխորհրդի համար՝ Էմիլի Գեբել Լադիին եւ Խուան Գուէնին: Այս ընտրութիւնը յանձնախումբը կատարել է նշուած անհատների գործունէութիւնն ու ծրագրերը մանրամասն ուսումնասիրելուց յետոյ, տեղեկացնում է Շահբազեանը:
ՏԵՂԵԿԱՆՔ
Բրբենքում ընտրութիւնները տեղի են ունենում երկու փուլով: Քուէարկութիւնն անցկացւում է տանից՝ փոստով: Ապրիլի 14ին նախատեսուած են ընդհանուր ընտրութիւններ: Ապրիլի 9ից յետոյ քուէաթերթիկը չպէտք է ուղարկել սովորական փոստով, քանի որ ժամանակին տեղ չի հասնի: Ապրիլի 10ից մինչեւ 14ը ներառեալ, քուէաթերթիկը կարող էք յանձնել ընտրութիւնների համար ստեղծուած հետեւեալ կենտրոններում.
Բրբենքի քաղաքապետարանի քարտուղարի գրասենեակին (City Clerk՛s Office), որ գտնւում է 275 East Olive Avenue հասցէում: Գրասենեակը բաց է լինելու առաւօտեան 7ից մինչեւ երեկոյեան 7ը:
Ապրիլի 11ին, Շաբաթ առաւօտեան ժամը 9ից մինչեւ 4ը՝ քուէաթերթիկը կարող էք յանձնել նաեւ հետեւեալ հասցէներով.
Joslyn Center-1301 W. Olive Avenue
Tuttle Center-1731 N. Ontario Street
City Clerk՛s Office-275 E. Olive Avenue
Buena Vista Branch Library-300 N. Buena Vista Street
McCambridge Recreation Center1515 N. Glenoaks Blvd
Ապրիլի 14ին, ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՕՐԸ՝ առաւօտեան ժամը 7ից մինչեւ երեկոյեան 7ը, քուէաթերթիկը կարող էք յանձնել այստեղ.
City Clerk՛s Office-275 E. Olive Avenue
Joslyn Center-1301 W. Olive Avenue
Tuttle Center-1731 N. Ontario Street
Burbank Adult School-3811 W. Allan Avenue
John Muir Middle School-1111 N. Kenneth Road
Buena Vista Branch Library-300 N. Buena Vista Street
Edison Elementary School-2110 Chestnut Street
Եթէ օգնութեան կամ տեղեկութիւնների կարիք ունէք, զանգահարէք Հայ Դատի յանձնախմբի Բրբենքի գրասենեակ հետեւեալ հեռախօսահամարով՝ 818-671-4560 կամ 818-562-1918: