
ԵՐԵՒԱՆ.– «Վիւասել-Էմ.Թի. Էս.»ի եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն»ի համագործակցութիւնը այս տարի նոր թափ ստացած է. բնակարանաշինութեան ծրագիրի իրականացման համար «Վիւասել-Էմ.Թի.Էս.»ը 100 միլիոն դրամի ներդրում կատարած է (2014ին՝ 55 միլիոն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» ստանձնած է իրականացնել ծրագիրը: Հայաստանի 10 մարզերու մէջ 40 ընտանիքի երազանքն իրականութիւն պիտի դառնայ. 20 ընտանիք պիտի ունենայ բնակարանային բարելաւուած պայմաններ, եւս 20 ընտանիք աւարտին պիտի հասցնէ ունեցած կիսակառոյց տան շինարարութիւնը:
«Վիւասել-Էմ.Թի.Էս.»ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Եիրիկեան, ընկերութեան աշխատակիցները եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն»ի խումբը ծրագիրը մեկնարկեցին Արագածոտնի մարզի Շղարշիկ գիւղին մէջ՝ Համոյեաններու տան շինարարութեամբ:
«Մի ամբողջ կեանք՝ 20 տարի, իմ ընտանիքն ապրել է այս կիսակառոյց տանը, բետոնապատ յատակի վրայ, կաթացող տանիքով ու խոնաւ պատերով: Երեխաներիցս երկուսն առողջական լուրջ խնդիրներ ունեն. աղջիկս ծնուել է սրտի արատով, տղայիս մէկ աչքը կոյր է ի ծնէ, վերջինս նաեւ հիւանդ է բռուցելոզով: Կինս ու ես, կարծես, կորցրել էինք յոյսը, թէ մեր կեանքում կարող է մի լաւ բան լինել: Ու հիմա, երբ իրականանում է ընտանիքիս երազանքը, ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ», ըսած է ընտանիքին հայրը՝ Մուշեղ Համոյեանը:
«Վիւասել-Էմ.Թի.Էս.»ն ուրախութեամբ է աջակցում այս նախագծի իրականացմանը. բացի ռազմավարական նշանակութիւնից, այն իր մէջ կրում է նաեւ միասնականութեան, միմեանց օգնելու, ոգեւորելու գաղափարը: Առանձնակի ուրախութեամբ եմ լցւում, երբ տեսնում եմ, որ այդ գաղափարներով առաջնորդւում են մեր ընկերութեան աշխատակիցները եւ ցանկութիւն են յայտնում կամաւորական սկզբունքով շինարարական աշխատանքներ իրականացնել այս ընտանիքների համար: Սա վկայում է այն մասին, որ մեր ընկերութեան որդեգրած արժեհամակարգը տարածւում է՝ ընդունւում եւ կիրառւում է աշխատակիցների շրջանում», յայտնած է «Վիւասել-Էմ.Թի.Էս.»ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Եիրիկեան: