Վրաստանում գործող հայկական հոգեւոր եւ աշխարհիկ հասարակական կազմակերպութիւնները դիմել են երկրի խորհրդարանին պահանջով, որպէսզի Վրաստանում սկսուեն 1915-1923թ.ին հայ ժողովրդի Ցեղասպանութեան փաստի ճանաչման պաշտօնական քննարկումները:
«1915-1923թթ.ին կատարուած յանցագործութեան արդիւնքում հայ ժողովուրդը կորցրեց աւելի քան 2,000,000 իր որդիներին ու դուստրերին, իսկ Հայաստանի մեծ մասը գրաւուեց հայ ժողովրդի կոտորածն իրականացնող Թուրքական պետութեան կողմից: 1915-23թթ. Թուրքիայի կողմից կատարուած յանցագործութիւնը գնահատւում է որպէս Ցեղասպանութիւն՝ յանցագործութիւն մարդկութեան դէմ:
Դեռեւս 1915թ.ի Մայիսին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը համատեղ յայտարարութեամբ ներկայացան, որի տակ ստորագրած ուժերը Թուրքիայի յանցագործ գործողութիւնները բնութագրում են որպէս «նոր յանցագործութիւն մարդկութեան եւ քաղաքակրթութեան դէմ»: Հայ ժողովրդի ոտնահարուած իրաւունքների վերականգնման՝ հատուցման հարցը քննարկուել է նաեւ 1919թ.ին Փարիզեան խաղաղ կոնֆերանսի ժամանակ, որի աշխատանքների շրջանակներում ստեղծուել է խաղաղ հայ բնակչութեան դէմ Թուրքիայի կողմից իրականացրած յանցագործութիւնը հետաքննող դատական ատեան: Դատական ատեանի աշխատանքների արդիւնքում 1919թ.ին Թուրքիայի ղեկավարութիւնը մեղաւոր է ճանաչուել եւ մահապատժի դատապարտուել:
Արեւմտեան Հայաստանի տարածքների ապաբռնագրաւման հարցն արտացոլուած է եղել 1920թ.ի Սեւրի պայմանագրի դրոյթներում՝ դառնալով Փարիզեան խաղաղ կոնֆերանսի արդիւնքների մի մասը: 1915-23թթ. Հայոց Ցեղասպանութեան փաստը հիմք դարձաւ հրէական ծագումով լեհ փաստաբան Ռաֆայէլ Լեմկինի 1943թ. մշակած եւ 1948թ. ՄԱԿի Գերագոյն Ասամբլէայի ընդունած բանաձեւի համար, ըստ որի ընդունուեց «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիան»: Հարկ է նշել, որ 1993թ.ին, Հոկտեմբերի 11ին Վրաստանը վաւերացրեց այս կոնվենցիան:
Այսօր 1915-23թթ. Հայոց Ցեղասպանութեան փաստը ճանաչուել է, իսկ նրա կազմակերպիչ Թուրքիան դատապարտուել է աւելի քան 20 երկրների կողմից (Կանադա, Իտալիա, Ֆրանսիա, Շուէյցարիա, Արգենտինա, Լիբանան, Նիդերլանդներ, Ռուսաստան, Լեհաստան, Վատիկան եւ այլն): Հայ ժողովրդի հանդէպ Ցեղասպանութեան իրականացման փաստը ճանաչել է նաեւ ԱՄՆի 50 նահանգներից 46ը, ինչպէս նաեւ միջազգային կազմակերպութիւնների մի ամբողջ շարք, այդ թւում նաեւ Եւրոպական խորհրդարանը, Եւրախորհուրդը, Եւրոպական ժողովրդական կուսակցութիւնը եւ այլն:
Մենք ներքոստորագրեալ Վրաստանում գործող հայկական հասարակական կազմակերպութիւններս, յանուն արդարութեան եւ ժողովրդավարական արժէքների, կոչ ենք անում ձեզ՝ միանալ համաշխարհային քաղաքակիրթ հանրութեանը, յարգել Վրաստանի Հանրապետութեան քաղաքացիների կամքը եւ Վրաստանի խորհրդարանում նախաձեռնել Օսմանեան Թուրքիայի տարածքում հայ ժողովրդի Ցեղասպանութեան փաստի ճանաչաման հարցի քննարկումը», ասուած է Վրաստանում գործող հայկական հասարակական կազմակերպութիւնների՝ խորհրդարանին, Վրաստանի նախագահին եւ վարչապետին ուղղուած դիմումի մէջ:
Վրաստանում գործող հայկական աշխարհիկ-հասարակական եւ հոգեւոր կազմակերպութիւնները նաեւ կոչ են արել Վրաստանի խորհրդարանի ազգութեամբ հայ երեք պատգամաւորներին՝ ներկայանալ համատեղ յայտարարութեամբ եւ կոչ անել Վրաստանի խորհրդարանին առաջիկայ նիստի ժամանակ մէկ րոպէ լռութեամբ յարգել 1915-23թթ.ի Ցեղասպանութեան անմեղ զոհերի յիշատակը:
Յիշեցնենք, որ Վրաստանում գործող հայկական հասարակական կազմակերպութիւնները արդէն 10րդ անգամ են դիմում երկրի իշխանութեանը 1915-23թթ.ի Ցեղասպանութեան փաստի՝ Վրաստանի կողմից պաշտօնական ճանաչման խնդրանքով: Մինչդեռ, չնայած բազում դիմումներին, Վրաստանի իշխանութիւնն ամէն կերպ անտեսում է երկրի բնակչութեան ընդհանուր քանակի աւելի քան 6 տոկոս կազմող իր քաղաքացիների կամքը:
1915-23թթ. Ցեղասպանութեան փաստի ճանաչման հարցի քննարկումները Վրաստանում սկսելու կոչով խորհրդարանին ուղղուած դիմումը ստորագրել են՝ Վիրահայոց թեմը, Վրաստանի հայ համայնքը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը, Սամցխէ-Ջաւախքի հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը, Թբիլիսիի պետական հայկական թատրոնը, Աջարիայի հայերի միութիւնը, «Վրաստան» թերթը, Վիրահայերի միութիւնը, Թբիլիսահայերի վեհաժողովը, Թբիլիսահայերի միութիւնը, Ախալցխայի երիտասարդական կենտրոնը՝ ընդամէնը 30 կազմակերպութիւններ եւ մտաւորականութեան ներկայացուցիչներ՝ Գիւի Շախնազար, Անահիտ Բոստանջեան եւ այլոք:
ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄԼՈՅ ԴԻՒԱՆ