
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Արեւմտահայ Գրողների Յիշատակին
Ապրիլի 23ին Երեւանում, Գրողների տանը տեղի ունեցաւ 1915ին նահատակուած արեւմտահայ գրողների յիշատակին նուիրուած երեկոյ, որին մասնակցում էին գրողներ, գիտնականներ, արուեստագէտներ, մտաւորականութեան ներկայացուցիչներ:
Բացելով երեկոն, Ստեփան Զօրեանն ասաց, որ յիսուն տարի առաջ նահատակուած հայ գրողների յիշատակը իր սրտում սրբութեամբ է պահում հայ ժողովուրդը: Նշելով նրանց յիշատակը, մենք պէտք է նոր եւ բարձրարուեստ գործերով հարստացնենք մեր մշակոյթը, բոլորանուէր ծառայենք հայրենիքին:
Արեւմտահայ գրողների մասին խօսք ասացին Վաղարշակ Նորենցը, Գէորգ Էմինը, Անահիտ Սահինեանը, Գրիգոր Քեշիշեանը, Հրաչեայ Յովհաննիսեանը, Սիլվա Կապուտիկեանը:
«Սովետական Հայաստան», թիւ 96, Շաբաթ, 24 Ապրիլի, 1965:
Ծանօթ. Լուրը դրուել է վերջին, չորրորդ էջում՝ ամէնից նուազ աչքի ընկնող մասում:
***
… Միայն Հոկտեմբերեան սոցիալիստական մեծ ռեւոլիուցիան, կոմունիստների լենինեան պարտիան հայ ժողովրդին փրկեցին համազգային աղէտից:
… Հայաստանը դարձաւ առաջաւոր արդիւնաբերութեան եւ գիւղատնտեսութեան, համատարած գրագիտութեան, ձեւով ազգային, բովանդակութեամբ սոցիալիստական, զարգացած կուլտուրայի երկիր:
… Յիսուն տարի առաջ աշխարհը ցնցուեց Օսմանեան կայսրութեան կառավարող կլիկի կատարած ահաւոր ոճրագործութիւնից: 1915 թուականին երիտթուրքական կառավարութիւնը կազմակերպեց արեւմտահայութեան զանգուածային տեղահանումն ու բնաջնջումը:
… Չէ որ գենոցիդի (ցեղասպանութեան) քաղաքականութիւնը մեծ մաշտաբներով գործնական հիմքի վրայ է դրւում պատերազմների ժամանակ:
… 1909 թուականի աշնանը դաշնակների եւ «Իթթիհադ»ի միջեւ կնքուած «ուխտը», որով «օսմանեան նուիրական հայրենիքի» գաղափարներն էին սրբագործւում, զգալի չափով թուլացրեց հայ ժողովրդի դիմադրական ոգին: 1915-1916 թուականների ընթացքում ամենայն վանդալութեամբ (վայրագութեամբ-Խմբ.) ոչնչացուեց մէկուկէս միլիոն մարդ:
… Այն, ինչ կատարուեց արեւմտահայութեան հետ Առաջին համաշխարհային պատերազմի դժնդակ տարիներին, նոր ժամանակների պատմութեան մէջ ամենամասսայական գենոցիդի քաղաքականութեան սկիզբն էր, որն աւելի մեծ մասշտաբներով եւ աւելի կատարելագործուած մեթոդներով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կրկնեցին գերմանական ֆաշիստները հրեաների, սլաւոնական եւ այլ ժողովուրդների նկատմամբ:
… Սովետական Ռուսաստանի կառավարութիւնը Վ. Ի. Լենինի ստորագրած «Թուրքահայաստանի մասին դեկրետ»ով հռչակեց, որ պաշտպանում է Արեւմտեան Հայաստանի «ազատ ինքնորոշման իրաւունքը»:
… Անդրկովկասի հակառեւոլիւցիոն պարտիաները՝ (հակայեղափոխական կուսակցութիւնները-Խմբ.) մենշեւիկները, մուսաւաթականները, դաշնակները, դաւաճանելով աշխատաւորների շահերին, երկրամասն անջատեցին Սովետական Ռուսաստանից եւ հեշտացրին թուրքական եւ միւս իմպերիալիստների ինտերվենցիան (միջամտութիւնը-Խմբ.):
Գ. Գալոյեան, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր
Ջ. Կիրակոսեան, պատմական գիտութիւնների թեկնածու
«Սովետական Հայաստան», թիւ 96, Շաբաթ, 24 Ապրիլի, 1965:
Ծանօթ. Յօդուածը դրուել է երկրորդ եւ երրորդ էջերում: Յօդուածում խօսւում է նաեւ Խորհրդային Հայաստանի նուաճումների, բնակչութեան աճի, քաղաքների ու աւանների շէնացման, գիութեան, արդիւնաբերութեան զարգացման, ռուս եւ խորհրդային միւս ժողովուրդների միջեւ բարեկամութեան մասին:
***
Գենոցիդը Ամենածանր Յանցագործութիւնն Է Մարդկութեան Հանդէպ
… Յիսուն տարի առաջ երիտթուրքերի կառավարութիւնը բնաջնջեց մօտաւորապէս մէկուկէս միլիոն հայ:
Մ. Ներսիսեան, Հայկական ՍՍՌ գիտութիւնների ակադեմիայի ակադեմիկոս
Ն. Ուշակով, Իրաւաբանական գիտութիւնների դոկտոր
«Սովետական Հայաստան», թիւ 97, Կիրակի, 25 Ապրիլի, 1965:
Ծանօթ. Յօդուածը, որ թարգմանութիւն է «Պրաւդա» թերթի Ապրիլի 24ի համարից, դրուել է երրորդ էջում: Յօդուածը գրուել է Ապրիլի 24ի առիթով, բայց աւելի շատ նուիրուած է աշխարհի այլ ցեղասպանութիւնների, ինչպէս նաեւ՝ գենոցիդին, որպէս ծանրագոյն եւ ծայրագոյն յանցագործութիւն:
***
Երեւանի Հասարակայնութեան Ներկայացուցիչների Ժողովը
Ապրիլի 24ին լրացաւ սուլթանական Թուրքիայի կառավարողների կազմակերպած հայկական կոտորածների 50ամեակը: 1915 թուականի Եղեռնի զոհերի յիշատակին էր նուիրուած Երեւան քաղաքի հասարակայնութեան ներկայացուցիչների ժողովը, որը տեղի ունեցաւ երէկ Ալ. Սպենդիարեանի անուան Լենինի շքանշանակիր օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում:
Ժողովի նախագահութիւնում էին Եա. Զարոբեանը, Ն. Յարութիւնեանը, Ա. Քոչինեանը, Բ. Մուրադեանը, ռեսպուբլիկայի (հանրապետութեան-Խմբ.) մինստրներ, անուանի գրողներ, գիտութեան եւ արուեստի ականաւոր գործիչներ:
Օթեակում էր Ամենայն Հայոց կաթողիկոս, Ծայրագոյն պատրիարք Վազգէն Առաջինը:
Ժողովը հակիրճ ճառով բացեց Հայկական ՍՍՌ Գերագոյն սովետի նախագահութեան նախագահ ընկեր Նագուշ Յարութիւնեանը. «Հայ ժողովուրդը այսօր առաջին անգամ արժանավայել նշում է Մեծ Եղեռնի տարելիցը, նրա բիւրաւոր անմեղ զոհերի պայծառ յիշատակը… Մենք ամբողջ հոգով ու էութեամբ դատապարտում ենք գենոցիդը՝ ժողովրդասպանութիւնը»:
Ժողովի մասնակիցները մէկ րոպէ լռութեամբ յոտնկայս յարգում են զոհերի յիշատակը:
Ընկ. Ն. Յարութիւնեանը 1915 թուականի Եղեռնի զոհերի յիշատակին նուիրուած ժողովը յայտարարում է բացուած:
Զեկուցման համար խօսք է տրւում Հայաստանի գիտութիւնների ակադեմիայի պրեզիդենտ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումեանին. «Կէս դար է անցել այն օրից, երբ սուլթանական Թուրքիայի գաղութարարներն անցան վաղօրօք նախապատրաստուած իրենց ծրագրի իրականացմանը: Նրանք սկսեցին ցեղասպանութեան հրէշաւոր գործը՝ հայ ժողովրդի բնաջնջումը Արեւմտեան Հայաստանում»:
«Սովետական Հայաստան», թիւ 97, Կիրակի, 25 Ապրիլի, 1965:
Ծանօթ. Յօդուածը դրուել է երկրորդ էջում:
***
Մտորումներ
… Դա Հոկտեմբերի արեւն էր: Նա ծագեց Հիւսիսից, որ ջերմացնի մեր մոլորակի կեանքը… Եւ Հայաստանի դաշտերում կրկին վերստին լսուեց հայկական հորովելը, քաղաքներում կրկին բարձրացան դղեակներ: Եւ նոր քաղաքներ ծնուեցին…
Հր. Քոչար
«Սովետական Հայաստան», թիւ 96, Շաբաթ, 24 Ապրիլի, 1965:
Ծանօթ. Յօդուածը դրուել է չորրորդ էջում: Այն հրապարակախօսական ժանրով է գրուած: Խօսւում է Սուլթան Համիդի, Երիտթուրքերի, Կարաբեքիրի, Էնվեր եւ æեմալ փաշաների գործած յանցագործութեան մասին: Գովք կայ Լենինի, խորհրդային կարգերի, ռուս ժողովրդի հասցէին: Սա Քոչարի վերջին գիրն է: Նա մահացաւ օրեր անց՝ Մայիսի առաջին օրերին:
***
Փարիզի Հայ Համայնքի Ժողովը
ՓԱՐԻԶ, 26 Ապրիլի (ՏԱՍՍ).- Փարիզի հայ համայնքը այս օրերին նշում է Թուրքիայում հայերի ողբերգական կոտորածի 50րդ տարեդարձը:
«Դա 20րդ դարում գենոցիդի առաջին յանցագործութիւնն է: Դրա հետեւանքով զոհուեցին օսմանեան կայսրութեան հպատակ մէկուկէս միլիոն հայեր», ասուած է այդ տարեդարձին նուիրուած ցոյց կազմակերպած կոմիտէի յայտարարութեան մէջ:
«Սովետական Հայաստան», թիւ 98, Երեքշաբթի, 27 Ապրիլի, 1965:
Ծանօթ. Լուրը դրուել է երրորդ էջում: