ՍՈՆԱ ՎԱՆ
ես ԿԸ ՄՆԱՄ ԱՅՍՏԵՂ
Ողջոյն քոյրեր իմ անապատի
անապատի հարսներ
բարէողջո՜յն
մի էգ պօէտ շերեփով
խառնում է
Դեր Զօրի հնոցը դժոխային
ու յառնում են լուսաւոր
ձեր դէմքերը
անթափանց ծխի միջից
յաջորդաբար
օգնիր ինձ մուսա անապատի
առանց քեզ չեմ կարող յանգաւորել
ոսկրերի
շխշխկոցը
անհամաչափ
մինչեւ իսկ քամու սվսվոցը՝
ընդունակ երգանալու –
մէկ ուրիշ տեղ
լսի՛ր
կարեւոր է պատմութիւնն իմ
թաղուած լռութեան մէջ
Աստծուց էլ մեծ
այստեղ՝
աւազի մէջ վատնուած
ինչպէս արծուի սերմը – քարի վրայ
սպասում է իր ծաղկունքի ժամին
սերմը ամենայն կատարեալի
կարո՞ղ ես լսել պատմութիւնն իմ
դո՛ւ – անհոգ յենուած սիրելիիդ
առանց հաշուելու յանգերը
կրկնուող տողերիս՝ հետ ու առաջ
քամին է ուսուցիչն իմ ու ցաւը
երկուսն էլ հակուած կրկնուելու
լսի՛ր… պարտաւոր ես
քանզի
ես եմ Դեր Զօրի վերջին հարսը
քօղս՝
աւազէ փոշեմրրիկ
վազում եմ
քաշելով անապատը
յաւելումի նման
հարսնաշորիս
ես եմ մազապուրծ փախչող հարսը՝
կարկափող ծնկներով
աւազներում
արնոտ հարսնաքօղով ուրուականը
ձեր երազների մղձաւանջում
թող ոչ մի կոյս անապատում
չկնանայ – բացի ինձնից
ես եմ Դեր Զօրի վերջին հարսը
կոյսը՝ ընդհատուած եաթաղանով
շատախօս ծնօտներով աղջիկը
ծնկներով խրուած աւազի մէջ
սակայն ես այդպիսին չէի միշտ.
ջրահարս էի ես առաջ
նախշուն պոչով
ծովից ծով ձգուող Հայաստանում
ընդհուպ մինչեւ լուսաբացը
չարաբաստիկ
երբ թափեցի թեփուկներս ու
յայտնուեցի
բոցակէզ դժոխքում անապատի
անթափանց գուլպաներով
գաղթականի
ես կոյսն եմ… հարճն եմ ու ծառան
կաւատ անապատի՝
կնավաճառ
ուրուականը նրանց ու պոէտը
ում մարմինը չլողաց ջրի վրայ
չօծուեց արեւով եւ կամ
ծաղկահոտ միւռոնով առատօրէն
յիրաւի՛
երանի հարսներին
դեռատի աղջիկներին
ջրաշուշան
որ սինխրոն (միաժամանակեայ-Խմբ.)
ինչպէս պարուհիներ
ձեռք-ձեռքի ցատկեցին Եփրատի մէջ
խառնելով փէշերի ծաղիկները
փայլուն փրփուրին ծիծաղաշատ
նրանց – որ բնազդով օրօրեցին
վարդոտ սրունքները արեւի տակ
լցնելով ստինքները
առատօրէն
կաթնագոյն լոյսով ցայգալոյսի
որ լողացին
ու յետո՛յ միայն անշարժացան
անթափանց աչքերով – ինչպէս նկար –
լուծուած գոյներով ջրաներկի
օգնիր ինձ մուսա անապատի
ես ուզում եմ երգել նրանց համար
փշոտած վարսերով նրանց
ովքեր սողացին
մինչեւ մահը
արնած ծնկներով – արեւի տակ
ու փոշոտ շուրթերով դեռ ըմպում են
դեղին խաւարը աւազների
տարանինա
տարանինա
երանի Անոյշին – վո՜ւշ – վո՜ւշ
հարսանիքի համար առանց հարսի
երանի Գիքորին ջերմող
տեսիլքի համար զառանցողի –
ցնորքներ չի բերում աչքերին
անտաղանդ արեւը անապատի
սոսկ փոշոտ միրաժներ
հերարձակ
վազող կոյսերի խելակորոյս
եւ ինչպէս Քրիստոսի ձկները
անվերջ բազմապատկուող
եաթաղաններ
դեղին հայելու մէջ տափաստանի
փշերը յիշում են – հարցրու
կարող են եւ յուշել եթէ լսես
պարզապէս դժուար է ուշք դնել
ականջով յենուելը նրանց վրայ
դէ ուրեմն ո՞վ պատմի
եթէ ոչ ես
ես՝ վերջին յոյսը
վերջին վկան
վերջին պոէտը անապատի
ես կոյսն եմ… հարճն եմ ու ծառան
կաւատ անապատի – կնավաճառ
երանի նրանց ում ծնկները
չեն բացուել ահից եաթաղանի
ես եմ Դեր Զօրի վերջին հարսը
միակ խմբավարը անդրաշխարհի
քամիները փչում են ու անվերջ
շրջում
ամէն ինչ
գլխի վրայ
ե՛ս եմ գլխիվայրը չափ տուողը
մէկուկէս միլիոնին
անդրաշխարհում
ճերմակ ֆրակով ուրուականը
ձեր երազների մղձաւանջում
փայտիկս շարժւում է աւազի տակ
Աստուած նայում է ու չի տեսնում
(զառամեալ ծերը կատարակտով)
նա
ով խօսում է դժոխքից
կարող է հայհոյել նաեւ Աստծուն
լսէ՛ք –
ես վերջին վկան եմ
վերջին հայեացքը անապատի
ես տեսել եմ ծարաւը աւազի
սուլթանի հեւացող աչքերի մէջ
եւ տատասկը նրա երակների
ուշադիր լսէք ինձ – քանզի
ես էպոսի կոյսն եմ
յաւերժական
իմ անկումը անկումն է կնոջ գենի
արեւելքի գենի
եւ
արեւմուտքի
պարտութիւնն իմ – պարտութիւնն է
անմեղութեան
իմ վերջը վերջն է տիեզերքի
բոլո՛ր սկիզբների երկնքի տակ
ես ուրուականն եմ հաւաքական
բոլոր կոյսերի – աւազի տակ
ազդրերս փոշի են հաւաքել
հարիւր տարի
սերմի փոխարէն սիրեցեալի
ես հարճն եմ անպտուղ անապատի
կոնքերիս մէջ տատասկ ու հող
տաս տասնամեակ շարունակ
փէշերս սոսկ փուշ են հաւաքել.
երկու տեսակ փուշ կայ անապատում
մէկը կծում է ոտքերդ
միւսը՝ յիշողութիւնդ ու… մնացածը
ես վերջին ժամապահն եմ
անապատի
ժամանակն աւարտւում է
կոպերիս տակ
ես աւազի ժամացոյցն եմ
բարակ մէջքով
ժամանակն ուրիշ է այստեղ
այն սորում է դեղին
ինչպէս աւազ
փայլեցրած ձագարներով կոկորդների
պահելով ոսկրէ սլաքները
մահուան ժամի վրայ – յաւերժօրէն
ես վերջին հարսն եմ Դեր Զօրի
վերջին գիտակը անապատի
ի զօրու գտնել փակ աչքերով
դժոխքի ճանապարհը՝
աւազներում
ուրեմն ուրիշ ո՞վ
եթէ ոչ ես
կը պատմէր պատմութիւնն այս
աւելի լաւ
ու եթէ քեզ չի յուզում
չքանալը
մէկուկէս միլիոնի – աւազի տակ
ապա… դու… դու ի՞նչ տեսակ մարդ ես
ի՞նչ տեսակ մարդ ես դու
իրականում
դէ լսի՛ր պատմութիւնս
յոյսս դու ես
աշխարհը թմրած է – Աստուած՝ ծեր
(նա ով խօսում է դժոխքից
կարող է հայհոյել նաեւ Աստծուն)
լսո՞ւմ ես…
գալիս է ոռնալով
քամին վերադառնում է
յանցանքի վայր
խառնելու ողջը կրկին անգամ
լսո՞ւմ էք – այդ ես եմ ճչացողը
փշոտ գանգուրներով
քեչակալած
այդ ես եմ մազապուրծ փախչող կոյսը
ձեր երազների մղձաւանջում
լսի՛ր – լսո՞ւմ ես – աւարտում եմ
ամփոփում եմ դարը քառեակի մէջ
… երկու տեսակ քամի կայ անապատում
մէկը փչում է հիւսիսից ու շարժում
ոսկրերը աւազի մէջ
միւսը փչում է հարաւից ու շարժում
աւազը – ոսկրերի մէջ…
յ.գ. օգնիր ինձ մուսա
չե՞ս տեսնում
երգեր չեն դառնում
փոշիներում
խեղդուած ճիչերը
անվերջօրէն
առասպել չի դառնում
անչափելի
ոսկրերի մեդուզան աւազի մէջ
————————————————————————————————————————–
ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
Professional Bookkeeping Services
1737 E. Washington Blvd., #5
Pasadena, CA 91104
626-791-4815
Mr. & Mrs.Vahe & Aida Yeghiazarian
Abrahamian Medical Center
Aznive A. Abrahamian M.D.
12507 Victory Blvd.,
North Hollywood, CA 91606
818.769.7540
Թիւֆէնքեան Ազգ. Մանկամսուր
Տէր եւ Տիկ. Րաֆֆի Ճիկէրեաններ Color Dots
ABA Insurance
Պետրոս եւ Մելինէ Մարոնեաններ
Սիամանթօ եւ Թամար Մարոնեաններ
————————————————————————————————————————-