ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
Մենք այնքան ենք տարուած թուրքերի կատարած ոճիրը իրենց հաստատելու, որ վախենում ենք ամենափոքր շեղումը նրանք օգտագործեն պատասխանատուութիւնից փրկուելուն: Այնինչ, գերմանական արխիւների թէկուզ ոչ ամբողջական բացայայտումը, Թուրքիային ոչ միայն չի փրկում պատասխանատուութիւնից, այլ աւելի է հաստատում հայերին ոչնչացնելու նրա քաղաքական ծրագիրը, է՛լ աւելի է պարտաւորեցնում թուրքերին ընդունելու իրենց գործած յանցանքը: Միաժամանակ Գերմանիային էլ պարտաւորեցնում է իր յանցանքն ընդունելու, որպէս կատարուած Ցեղասպանութեան ականատեսի ու այն քօղարկողի:
Այդ բացայայտուած-հրատարակուած փաստաթղթերը ոչ թէ յիշողութիւններ են, գրուած պատահական անձերի, հայերի կամ միսիոներների կողմից, այլ՝ փաստացի տեղեկատուութիւններ են գերմանական ճշդապահ ժամով, օրով, թուականով գրուած, անմիջական գերմանացի ականատես քաղաքական գործիչների, ուղղակի եւ անուղղակի իրենց մասնակցութիւնը բերած բարձրաստիճան զինուորականների, դիւանագէտների, հիւպատոսների կողմից:
Արդէն հրատարակուած գերմանական արխիւային փաստաթղթերը հաստատում են, որ Գերմանիան իր մասնակցութիւնը ունի հայերի Ցեղասպանութեան մէջ, որպէս ականատեսի, որպէս կատարուած ոճիրը թաքցնող-չբացայայտողի, որոշ շրջաններում նաեւ որպէս մասնակցի եւ վերջապէս դատապարտուած Ցեղասպանութեան պարագլուխներին իր երկրում ապաստանողի:
Գերմանիան՝ Ցեղասպանութեան սկզբից մինչեւ վերջ իր զինուորական ուժով Թուրքիայում լինելով, անմիջականօրէն տեղեակ է եղել երկրում կատարուող իրադարձութիւնների մանրամասներին՝ հայերի մասսայական կոտորածին, տեղահանութուններին, կիրառուող սպաննութեան բոլոր ձեւերին, յաճախ էլ եղել է մասնակիցն ու տեղահանութեան-ոչնչացման հրամանագիրը հաստատող-ստորագրողը:
100 տարուայ իր լռութեամբ, Գերմանիան ոչ միայն թաքցրեց Թուրքիայի կատարած յանցանքը, քօղարկեց ականատես-մասնակցի իր յանցանքը, այլ խոչնդոտեց հայերի պահանջատիրութեան առաջընթացը, ինքն իրեն ազատագրելով պատասխանատուութիւնից:
Իրենց շահի համար այդ քօղարկումը այնքան վարպետօրէն օգտագործեցին մեծ տէրութիւնները, որ Ցեղասպանութիւնից յետոյ մինչեւ օրս, հայերին երբեք քաղաքական հնարաւորութիւն եւ միջոցներ չտրուեցին յանցագործներին մարդկութեան դատին ներկայացնելու, իրենցից խլուած իրաւունքները, տարածքներն ու ունեցուածքները ետ ստանալու: Ընդհակառակը, հայերի տարածքներից ռուսական մասն էլ կրկին խլեցին ու յանձնեցին նոյն թուրքերին եւ Թուրքիային էլ դարձրին հզօրների գործակից:
Մեր ժողովրդին, բացի անսահման կորուստներից, բաժին ընկաւ 100 տարի ցիր ու ցան եղած փաստերի, լուսանկարների, նամակների, կինոժապաւէնների պատառիկները հաւաքել, իրար փակցնելով փորձել վերականգնել ե՛ւ իրենցից խլուած անցեալը, ե՛ւ քրէականօրէն հաստատել Թուրքիայի ծրագրումով իրագործած ոճիրը:
Բայց, քանի որ այս 100 տարիների ընթացքում աշխարհը այնքան թաթախուեց ոճիրների մէջ, որ ամենամեծը՝ Հայոց Ցեղասպանութիւնը, զոհաբերուեց դրանք կոծկելուն:
Սակայն, վերջերս բացայայտուած եւ մասամբ հրատարակուած փաստաթղթերը՝ Վատիկանի արխիւները, ուր 2000 էջ տեղեկագրութիւններ է յայտնաբերել գերմանացի գրող Մ. Հիսմընը, մէկ այլ գերմանացի լրագրող, հրատարակիչ Յ. Գոթշլիխը փաստագրութիւններով եւ իր հաւաքած տեղեկագրութիւններով այս տարի գերմաներէն հրատարակած իր գրքում, կրկին փաստում է Գերմանիայի դերակատար լինելը այդ ոճիրի կազմաւորմանն ու իրագործմանը: Իսկ գերմանացի պատմաբան, գրող, ժուռնալիստ Վոլֆգանգ Գաստը 2005թ. գերմաներէն հրատարակել է մի հաւաքածու, որ հիմնուած է 240 գերմանական հիմնական աղբիւր փաստաթղթերի վրայ, անմիջական Գերմանիայի պետական արխիւից վերցուած: Գրքի առաջին անգլերէն թարգմանութիւնը՝ «Հայոց Ցեղասպանութիւնը. Վկայութեամբ Գերմանիոյ Արտաքին Գործոց Արխիւի, 1915-1916» վերնագրով, Զօրեան ինստիտուտի կողմից լոյս է տեսել 2014թ.։ Զարմանալիօրէն, գերմանացի մտաւորականներն են ուզում բացայայտել ճշմարտութիւնը, հաւանաբար ազատագրուելու՝ արդէն 100 տարի շրջող, բայց հասարակայնօրէն չբացայայտուած, ոճրագործին հովանաւորած լինելու իրենց վիճակից:
Առանց մտնելու թուրք-գերմանական դաշնակցութեան մանրամասների մէջ եւ շրջանցելով հայութեան պատմութեան Թուրքիայի ճնշումների տակ ապրած շրջանը, ուզում եմ աւելի կենտրոնանալ հրատարակուած փաստաթղթերում արծարծուած տեղեկութիւնների վրայ:
Այդ փաստաթղթերը անառարկելիօրէն հաստատում են Թուրքիայի ծրագրած ցեղասպանութիւնը եւ միաժամանակ՝ ամբողջական պատկերացում տալիս Գերմանիայի սարսափի մասին, որպէս համագործակցի: Նոյնիսկ գերմանացի պատմաբանի համար նորութիւն են եղել այն բոլոր եղելութիւնները, որ բացայայտուել են արխիւային թղթապանակներում: Իր գրքի առաջաբանում, իբրեւ հաւատարիմ գերմանացի, նա անկեղծօրէն խոստովանում է. «Ես սահմռկել էի իմանալով, որ Գերմանիան բացի Երկրորդ Աշխարհամարտ հրեաների դէմ գործած ցեղասպանութիւնից, մասնակից է եղել նաեւ Առաջին Աշխարհամարտի ժամանակ Թուրքիոյ գործած հայերի Ցեղասպանութեանը» (Վ. Գաստ, «Հայոց Ցեղասպանութիւնը»)։
Այդ փաստաթղթերից տեղեկանում ենք, որ Վիլհելմ II կայսրը անձամբ ջանք չի խնայել քօղարկելու հայերի դէմ կատարուող ջարդերը: Թէեւ այդ մասին թաքցրել են ժողովրդից, սակայն գերմանական զինուորական եւ դիւանագիտական սպասարկուները, որոնք հսկայական թիւ են կազմել Թուրքիայում, ամէնօրեայ տեղեկագրութիւններ են ուղարկել գերմանական Արտաքին գործոց նախարարութեան:
Գերմանիան Առաջին Աշխարհամարտին Թուրքիայում ունեցել է 800 սպայական կազմ եւ 12,000 զօրք: Պատկերացրէք, թէ որքան տեղեկագրութիւն է հոսել Թուրքիայից դէպի Բերլին:
Ըստ Բերլինի Դիւանագիտական արխիւների ներկայացուցիչ Մարթին Քրոգըրի՝ «Հայերի Ցեղասպանութեան» վերաբերող փաստաթղթերը գրանցուած են «Թուրքիա 183 թղթածրար»ում: Այդ փաստաթղթերը կազմում են 20 հաստ հատորներ (1915-1920թթ.) եւ աւելացնում է, «որ դրանք ամբողջովին դեռ չեն բացայայտուած»։
Պատերազմի ընթացքին, Գերմանիայի Արտաքին գործոց նախարարութիւնը, բանակի բարձրագոյն հրամանատարութիւնը, Վիլհելմ II Կայսրն անձամբ, Պրուսիայի պատերազմի նախարարը, այլ նախարարներ, հիւպատոսներ, դիւանագէտներ ակընդէտ հետեւել են Թուրքիայի ներքին գործողութիւններին: Տեղեկագրերը բացայայտում են, որ այս բոլոր պաշտօնական անձինք ամենայն մանրամասնութեամբ տեղեակ են եղել Թուրքիայի Հայկական տարածքներում կատարուող իրադարձութիւններին՝ Զէյթունից մինչեւ Ուրֆա, Վան, մինչեւ հայերի մահուան վերջակէտը՝ Տէր Զօր եւ Մուսուլ:
Կահիրէի Գերմանական հիւպատոսարանի նախկին կցորդ Մաքս Օպենհայմը իր Օգոստոս 29, 1915 տեղեկագրում պաշտպանում է հայերի ոչնչացման թուրքերի ծրագիրը: Նա նշում է, որ «թուրքերը արդարացի են հայերին ոչնչացնելու իրենց այս ծրագրում, եւ մենք որպէս Թուրքիոյ դաշնակից չպէտք է արգիլենք» (Վ. Տատրեան, «Գերմանիոյ Պատասխանատուութիւնը Հայոց Ցեղասպանութեան Մէջ», հր. 1996, էջ 71)։
Ըստ դոկտ. Աքսենֆիլդի, գերմանացիները համաձայնուել եւ նոյնիսկ հաստատել են Թուրքիայի այդ ծրագիրը. «Այնքան ժամանակ, մինչեւ որ տեղահանութիւնները հիմնուած են ռազմական պահանջի վրայ, Գերմանիոյ մասնակցութիւնը արդարացւում է: Տեղահանութիւնները հնարաւոր չէր իրագործել առանց Թուրքիոյ մէջ սպասարկող գերմանացի սպաների գիտութեան» (նոյն գրքում, էջ 45)։
Պրոֆ. Եուլիուս Ռիխտըրը «æեներըլ Միշըն» թերթում գրել է. «Գերմանացի սպաներն են խորհուրդ տուել թուրքերին սահմանագծային շրջաններից անվստահելի հայութեան տեղահանելու» (Վ. Գաստ, «Հայոց Ցեղասպանութիւնը» էջ 109, #467)։
Ըստ Բաւարիայի գնդապետ, Գերմանիայի ռազմական պատուիրակ Օտտօ վոն Լոսսոյի տեղեկագրութեան՝ «հայերի Ցեղասպանութիւնը ղեկավարւում էր 2րդ Բաժանմունքի կողմից, Թուրքիայի Պատերազմական հաստատութեան տակ: Այդ բաժանմունքը ղեկավարում էր գերմանացի գնդապետ Զայֆին» (նոյն գրքում, էջ 50)։
Գերմանացի սպաները նշանակուել են հսկելու օսմանեան 3րդ բանակը, որը հսկում էր հայկական ամենամեծ շրջանները՝ Էրզրում, Վան, Բիթլիս, Հարփութ, Դիարբեքիր (Տիգրանակերտ), Սեբաստիա, որտեղից հայերը ամբողջովին արմատախիլ եղան: Այլ խօսքով, գերմանացի սպաները ծառայել են հայերի ոչնչացման էպիկենտրոնում եւ որոնց պարտականութիւնն է եղել ամէնօրեայ տեղեկագրութիւններ ուղարկել Գերմանիայի գլխաւոր կենտրոն:
Գերմանիան Թուրքիայում ունեցել է իր հաղորդակցութեան կենտրոնը, որտեղից միայն գերմանացի դիւանագէտները, հիւպատոսները, բարձրաստիճան զինուորականները ամէնօրեայ ծածկագիր տեղեկագրեր են հեռագրել Բերլինի Գերմանիայի Արտաքին գործերի նախարարութիւն, առանց թուրքերի գրաքննութեան: Այս առաւելութիւնը գերմանացիներին հնարաւորութիւն է ընձեռել ամէն օր, ժամ առ ժամ տեղեկութիւն հաղորդել Թուրքիայում կատարուող իրադարձութիւնների մասին:
Ահա թէ ինչու Բոննի Գերմանիայի արխիւը լեցուն է հեռագրերով, ձեռագիր նամակներով, հաղորդագրութիւններով՝ Թուրքիայում կատարուող եղեռնագործութիւնների մասին:
Յունիս 17, 1915թ., Կոնստանդնուպոլսի Գերմանիայի հիւպատոս Բարըն վոն Վանգնհէյմը տեղեկացնում է Բեռլինին. «Դիարբեքիրի հայերը, որոնք տեղահանուելու եւ ղրկուելու էին Մուսուլ, բոլորը մորթուած են»։
12 օր յետոյ կրկին հաղորդում է. «Տեղահանուածները յանկարծակի անգթօրէն սպաննուած են»։
Յուլիս 7ին, նոր տեղեկագրութիւն. «Այն միջոցները, որոնք օգտագործւում են տեղահանութեան համար, ցուցադրում է, որ կառավարութիւնը փաստօրէն հետապնդում է Թուրքիայից հայերին ոչնչացնելու նպատակը»։
Յուլիս 12ի տեղեկագրութեամբ յայտնում է, որ «Մարտինից տեղահանուած հայերը ոչխարների պէս մորթուած են» (նոյն գրքում, էջ 22)։
Այս հաղորդագրութիւնը փոխանցողը, Վանգնհայմը, նոյն այն անձն է, որը գերադասելով իր երկրի շահերը, միշտ պաշտպանել է թուրքերին այնքան, որ կտակել է թաղուել Թուրքիայում եւ այդտեղ էլ՝ ըստ իր կտակի, թաղուել է:
Թուրքիայում ծառայող գերմանացիները պարտադրուած են եղել թուրք բարձրաստիճան անձերի հետ ունեցած իրենց անձնական զրոյցներն էլ փոխանցելու Բեռլինի Արտաքին գործերի նախարարութեան:
Փոխդեսպան Հոֆմանը փոխանցել է իր զրոյցը Էյուբ Պէյի հետ, որը հետեւեալն է. «Դուք դեռ չէք հասկանում, թէ մենք ինչ ենք ուզում: Մենք ուզում ենք մէկընդմիշդ ջնջել հայ անունը» (Վ. Գաստ, «Հայոց Ցեղասպանութիւնը», հր. 2014, էջ 69, #290)։
Հալէպի դեսպան դոկտ. Վ. Ռոսլերը գրել է. «Երբ Կոստանդնուպոլսից Տեղահանութեան յանձնակատարը եկաւ, ես դիմեցի նրան խնդրանքով, որ որոշ հայերին ազատէ, որոնք վարձուած էին գերմանացիների համար աշխատելու: Նա մերժեց իմ խնդրանքը այնպիսի արհամարհական ժեստով, որը ես երբեք չեմ մոռանայ: Նա ասաց. «Դուք չէք հասկանում մենք ինչ ենք ուզում: Մենք ուզում ենք Հայաստանը առանց հայերի»» (Վ. Գաստ, «Հայոց Ցեղասպանութիւնը», հր. 2014, էջ 69, #291)
Ես ընդգծում եմ այս նախադասութիւնը, որովհետեւ մենք երբեք աշխարհի ուշադրութիւնը չենք կենտրոնացրել թուրքերի այս արտայայտութեան վրայ, որը Ցեղասպանութեան հիմնական նպատակն էր: Թուրքերը որքան էլ ծրագրուած ու թաքուն էին կազմակերպել հայերի ոչնչացումը, հակառակ դրան, երբեք չեն թաքցրել իրենց այս գերնպատակը՝ «Հայաստանը առանց հայերի» ունենալը: Ոչ մէկ անգամ, որեւէ տեղ չի արձանագրուած, որ ուզում են Թուրքիան առանց հայերի:
Մեր Ցեղասպանութեան այս ամենակարեւոր մեխը, որը հաստատում է մեր տարածքներին տիրանալու, Թուրքիան միայն թուրքերով բնակեցուած մէկ ամբողջական երկիր դարձնելու թուրքերի ձգտումը, եղել է Ցեղասպանութեան հիմքը, որը մինչեւ օրս դիտաւորեալ թաքցւում է աշխարհից, Թուրքիային ազատագրելով հայերի հողային պահանջատիրութիւնից:
Մինչեւ իսկ մենք՝ հայերս, ոճրագործների կողմից բազում յայտարարուած այդ նախադասութիւնը դրօշ չենք դարձրել ու ծածանել, որ արեւմտահայութեան ոչնչացման նպատակը ոչ թէ կրօնական մոլեռանդութեան կամ փոքրամասնութեան հանդէպ ունեցած ատելութեան արդիւնք է, այլ՝ աշխարհաքաղաքական, (geopolitical) մեր տարածքների բռնագրաւմամբ մէկ ընդհանուր Թուրքիա ստեղծելու նրանց օրինագիծը:
Գերմանացի մի շարք սպաներ ոչ միայն համաձայնուել են թուրքերի հայերին ոչնչացնելու ծրագրին, այլ նաեւ ստորագրել են թուրքերի այդ հրամանագրերի տակ իրենց յաւելումներով:
Գեներալ Բրոնսարտը՝ Թուրքիայի Գլխաւոր շտաբի հրամանատարը, որը յայտնի է եղել իր հայատեացութեամբ, ոչ միայն համաձայնուել է Թալէաթի տեղահանման հրամանագրին, այլ նաեւ՝ ստորագրել է այդ հրամանագիրը:
Մէկ այլ ռազմական ներկայացուցիչ՝ ենթասպայ Բոթրիխը, միայն ստորագրութեամբ չի բաւարարուել, այլ աւելացրել է. «Օգտագործել ոչնչացման ծայրայեղ միջոցներ»։
Այս հրամանը տրուել է Բաղդադ-Բերլին երկաթուղու ձրիաբար օգտագործուող հայ աշխատաւորներին ոչնչացնելու համար:
Այդ հրամանագրերի ստորագրման լուրը սարսափով են ընդունել Բերլինում, քաջ գիտենալով, որ դա պարտաւորեցնելու է Գերմանիային՝ օրէնքի առջեւ թուրքերի յանցանքը կիսելուն:
Գերմանացի որոշ գործիչներ գրել են. «Սա լուրջ մեղադրանք է, որից ազատագրելու ենք ինքներս մեզ, որը նոյնպէս նիւթական է: Հակառակ դէպքում մենք պատասխանատու ենք լինելու վնասների համար» (Վ. Տատրեան, «Գերմանիոյ Պատասխանատուութիւնը Հայոց Ցեղասպանութեան Մէջ», էջ 22, #44)։
Թէեւ այդ երկու ստորագրեալները՝ Բրոնսարտը եւ Բոթրիխը, պատերազմի աւարտին Թուրքիայում դատուել են՝ Ցեղասպանութեան գլխաւոր գործիչների Էնվերի եւ միւսների հետ, բայց Գերմանիան նրանց էլ փախցրել է միւսների հետ:
Ըստ ռումինական հաղորդագրութեան, իրենք տեղեկացրել են Անգլիայի գործակալութեանը, որ գերմանացի դիւանագէտները տոպրակների մէջ թաքցրած թունաւոր գազ են փոխադրել Թուրքիա: Այդ գազը տօքթ. Ալի Զահիբը օգտագործել է Տրաբիզոնի հայ երեխաների վրայ: Նրանց լցրել է դպրոցի լողարանը, «հականեխելու» պատրուակով, եւ գազախեղդ է արել բոլորին: (Մ. Յակոպեան, «Գերմանիան Եւ Գաղտնի Ցեղասպանութիւնը»)։
Յայտնի քաղաքական գրող Փօլ Րորբախը գրել է. «Այս դէպքերը անհնար են դարձնում շարունակել կրելու միասնական պատասխանատուութիւնը Թուրքիոյ հետ, որպէս դաշնակցի: Երբ այս փաստերը բացայայտուեն, գերման ժողովուրդը ամօթով է կանգնելու ամբողջ աշխարհի առջեւ» (Վ. Գաստ, «Հայոց Ցեղասպանութիւնը», էջ 122, #522)։
Ամենազաւեշտականն այն է, որ դեռ Առաջին Աշխարհամարտին գերմանացի դիւանագէտները օգտագործել են Ցեղասպանութիւն բառը, գերմ.-Vorkermord, որը միայն 29 տարի յետոյ լեհ փաստաբան Ռաֆայէլ Լեմկինը դարձրեց Միջազգային իրաւագիտութեան հիմք, ընդունելով որպէս Ոճիր Մարդկութեան Դէմ: Իսկ այսօր, նոյն Գերմանիայի խորհրդարանը, հայութեան պարագային դեռ յապաղում է այդ բառը օգտագործել:
Այն, ինչ խլեցին եւ դեռ շարունակում են խլել աշխարհի դիւանագէտները ոչ միայն մեր միլիոնաւոր զոհերն են, այլ՝ մեր գալիք սերունդների խաղաղ կեանքը:
Սակայն մի բան պարզ է: Այսուհետեւ ինչ ընթացք էլ ստանայ աշխարհի քաղաքականութիւնը, միեւնոյնն է, Հայոց Պահանջատիրութիւնը նոր փուլ է մուտք գործում: Մեր ծրագրուած Ցեղասպանութեան համար բացի գլխաւոր պատասխանատու Թուրքիայից, պարտաւոր են պատասխան տալ նաեւ բոլոր մասնակից ու այն թաքցնող պետութիւնները նոյնպէս:
100ամեայ այս տարելիցը շրջադարձային կէտ ենք դարձնելու մեզ համար: Մենք պարտաւոր ենք նոր պահանջներով, նոր մօտեցումով գործելու: Մեր պահանջատիրութիւնը ոչ թէ խնդրանք է կամ մուրալ, այլ՝ իրաւունք: Իրաւունք՝ մեր միլիոնաւոր զոհերի խլուած կեանքի, մեզնից յափշտակուած հայրենի երկրի տարածքների, մեր կողոպտուած ունեցուածքների, մեր կորստեան մատնուած պատմութեան եւ մեր գալիք սերունդների մարդկային իրաւունքների վերականգման համար:
Սան Ֆրանսիսքօ
———————————————————————————————————————-
ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
Վիքթորիա, Պերճուհի,
Էլիզապէթ, Այտա
Աղուինեաններու
Յովհաննէս եւ Հռիփսիմէ
Աղուինեաններու
Յակոբ եւ Վիքթորիա Պուչաքճեաններու
Խաչեր, Էլիզապէթ, Արաքսի Աղուինեաններու կողմէ
Գարեգին Նաճարեանի յիշատակին
Տոքթ. Վարդգէս եւ Մերի Նաճարեաններ
In loving memory of 1.5 million innocent Armenians who parished for their faith!
“Let justice roll on like a river, rightousness like a never-failing stream”(Amos 5:24)
Armenian Evengelical Ubion of North America
————————————————————————————————————————-