Փասադենայի «Մեմորիալ Փար-ք»ում Ապրիլի 18ին տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեանը նուիրուած յուշահամալիրի բացման հանդիսաւոր արարողութիւնը, որին հայ համայնքի հետ միասին ներկայ էին կոնգրեսականներ, Լոս Անջելես գաւառի կառավարիչը, Փասադենայի, Գլենդելի քաղաքապետերը, Մուշեղ արք. Մարտիրոսեանն ու Յովնան արք. Տէրտէրեանը, հայ աւանդական կուսակցութիւնների, Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանի ղեկավարներ, հոգեւորականներ, տարբեր քաղաքներից հասարակական քաղաքական գործիչներ, մտաւորականներ՝ շուրջ 2000 մարդ:
«Շնորհաւորում եմ Փասադենային եւ հայ համայնքին՝ նման յուշարձանի առիթով: Հայոց Ցեղասպանութիւնը 20րդ դարի առաջին ցեղասպանութիւնն էր, որ այլ քրիստոնեաների նկատմամբ շարունակւում է մինչ այսօր: Լոս Անջելեսի կառավարիչների խորհրդի անդամները Վաշինգտոնում բարձրաձայնելու են հարցը, որ նախագահը ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը: Անպատասխանատու եւ անզգոյշ քայլ է՝ մի կողմ քաշուել եւ չընդունել, որ 1.5 միլիոն մարդ է սպաննուել: Ճանաչման ժամանակն է», նշեց Լոս Անջելեսի գաւառի կառավարիչների խորհրդի ղեկավար Մայք Անտոնովիչը:
Բացման ձեռնարկի ներկաներին դիմեց նաեւ Փասադենայի քաղաքապետ Բիլ Բոգարդը. «Դժուար է հասկանալ, ընկալել 1.5 մլն. մարդու մահը: Մենք այսօր պատասխանատուութիւն ենք կրում, որ բոլորը տեղեակ լինեն մարդկութեան պատմութեան այդ ողբերգական եւ վարկաբեկող իրադարձութիւնից»:
Հանդիսավար Դաւիթ Ջորջ Գէորգեանն այնուհետեւ ներկայացրեց յուշարձանի հեղինակ, Փասադենայի Արուեստի կենտրոնի ուսանող Քեթրին Մենարդին, ով խօսեց իր գաղափարի մասին՝ նշելով, որ «նախագիծը սիրոյ, ներման եւ ճշմարտութեան մասին է: Մեր սրտերը յաւէրժ միասին են», յայտարարեց Մենարդը:
Ելոյթներով հանդէս եկան Փասադենայի յուշահամալիրի ստեղծման յանձնախմբի համանախագահ, Փասադենայի նախկին ոստիկանապետ Բեռնար Մելեքեանը, Հայ Դատի յանձնախմբի խորհրդի անդամ Րաֆֆի Համբարեանը, Հայ աւետարանչական ընկերակցութեան գործադիր տնօրէն Լեւոն Ֆիլեանը: Ասմունքեցին եւ երաժշտական կատարումներով ներկայացան «Յովսէփեան» կրթօջախի սաները, ՀՄԸՄի պատանի սկաուտները:
Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիրի բացումը կատարուեց աղօթքով եւ տէրունական օրհնութեամբ:
Յուշարձանը 16 ոտնաչափ բարձրութեամբ մետաղեայ եռոտանի է, որ նմանեցուած է թուրքերի կողմից կիրառուած կախաղաններին, որոնց վրայ սպաննուել են հայ մտաւորականները: Եռոտանին հիմնուած է քարէ շրջանի՝ աւազանի վրայ, որի մէջ եռոտանու վերնամասից 21 վայրկեանը մէկ թափւում են ջրի կաթիլներ՝ մէկ տարում 1.5 միլիոն կաթիլ: Յուշահամալիրի կողքին տնկուել է 12 նռնենի, որոնք խորհրդանշում են Արեւմտեան Հայաստանի կորսուած նահանգները:
Յուշահամալիրի նախաձեռնութիւնն ու իրականացումը պատկանում է Փասադենայի Հայոց Ցեղասպանութեան Յիշատակման յանձնաժողովին, որի կազմում են դաշնային դատարանի պաշտօնաթող դատաւոր Տիգրան Թեւրիզեանը, Ռոբերտ Քալունեանը, Աւօ Քեշիշեանը, Սանդրա Սիրագանեանը, Շողիկ Եփրեմեանը, Գրեգորի Աֆշարեանը, Գերի Ջերջերեանը, Լեւոն Ֆիլեանը, Հայ Դատի Գլենդելի յանձնախմբի խորհրդի անդամ Դաւիթ Ջորջ Գէորգեանը եւ նահանգային խորհրդարանի նախկին անդամ Էնթընի Փորթանթինօն: Այս խմբի ջանքերով, դրամահաւաքների միջոցով իրականութիւն դարձաւ Հայոց Ցեղասպանութեան մէկ ու կէս միլիոն զոհերի յիշատակին նուիրուած կոթողն ամերիկեան ե՛ւս մէկ քաղաքում:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.