
Երեւանեան հիւանդութիւնը յատուկ է ցեղասպանութիւն վերապրած ժողովուրդներին: Հոգեթերապեւտ Արմէն Ներսիսեանն իր ուսումնասիրութիւնների արդիւնքում պարզել է՝ այս հիւանդութեամբ հիւանդանում են հիմնականում արեւմտահայերի սերունդները: Նա պարզել է, թէ ինչպէս են Ցեղասպանութեան մասին յիշողութիւններն անդրադառնում այս հիւանդութիւնն ունեցողների վրայ: Դրանով հիւանդանում են հնագոյն ազգերը, որոնց նախնիները բնակուել են միջերկրածովեան աւազանում՝ հայեր, հրեաներ, արաբներ: Հազուադէպ այս հիւանդութիւնը յատուկ է նաեւ յոյներին, քրդերին, իտալացիներին, իռլանդացիներին: Այսինքն դա այն ազգերի հիւանդութիւնն է, որոնք բազմիցս ենթարկուել են համազգային սթրեսների, իսկ սթրեսը տուեալ դէպքում բռնութեան ուղղակի հետեւանք է: Նրա գիտական թէզը՝ «Հոգեմարմնական խանգարումները պարբերական հիւանդութեան ժամանակ», փորձում է վեր հանել այդ առանձնայատկութիւնը եւ ցոյց տալ, որ հիւանդութեան առկայութեան մէջ դեր է խաղում ոչ միայն ժառանգական նախատրամադրուածութիւնը, այլեւ անձի հոգեկան առանձնայատկութիւնները եւ սթրեսածին գործօնները: «Հիւանդները սովորաբար ունենում են գիշերային մղձաւանջներ, նոպայից առաջ զարգացող անհանգստութեան զգացում, տրամադրութեան անկում, քնի խանգարումներ, ընկճախտ, երբեմն՝ ագրեսիւ վարքագիծ են դրսեւորում, վախի, փախուստի զգացում են ունենում», ասում է հոգեթերապեւտը՝ Արմէն Ներսիսեանը. «Այդ նոյն ախտանիշներն ի յայտ են գալիս ցանկացած խոր սթրեսից յետոյ, ինչն էլ ենթադրում է պարբերական հիւանդութեան հոգեկանից բխող բնոյթը: Այս հիւանդները շատ գերզգայուն են բռնութեան, ագրեսիայի հանդէպ: Թւում է՝ մարմնական հիւանդութիւն է, բայց երբ նրանք բռնութեան տեսարաններ են դիտում, հիւանդութիւնը կրկին գլուխ է բարձրացնում՝ նոր նոպա է սկսւում: Պարբերական հիւանդութեամբ տառապող երեխաների նկարներում շատ է վառ կարմիր գոյնը… Ինչ խօսք, մեր՝ հայերիս մէջ այդ հիւանդութեան բուն պատճառը միայն Ցեղասպանութիւնը չէ: Մինչ այդ էլ մեր գենետիկական յիշողութեան մէջ «վնասուածքները» շատ էին՝ պետականութեան կորուստ, բարոյաֆիզիկական հալածանքներ, խոշտանգումներ մեր կեանքում շատ են եղել, որոնց գագաթնակէտը դարձաւ 1915ի հայկական ջարդը, որի հետեւանքով մի հինաւուրց ազգ տրոհուեց եւ տարածուեց աշխարհով մէկ՝ նրա մէջ թողնելով այդ գերհզօր ազդակի հետեւանքները՝ իբրեւ յետ տրաւմատիկ սթրեսային խանգարումներ»: