ԳՈՀԱՐ ԽԱՆՈՒՄԵԱՆ
1915-1923թթ. Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով հազարաւոր հայ երեխաներ որբացան եւ կրօնափոխ եղան: Նրանց մեծ մասը հարազատների կորստից յետոյ յայտնուեց անմարդկային պայմաններում՝ զրկուելով կենցաղային ամենատարրական պայմաններից: Որբերից շատերը մահացան սովի եւ այդ տարիներին մոլեգնող տարբեր համաճարակներրի հետեւանքով: 1918թ. Հոկտեմբերի 30ի Մուդրոսի զինադադարից անմիջապէս յետոյ հայ որբերին վերահաս կորստից փրկելու համար գործուն աշխատանքներ իրականացրեցին հայկական միութիւնները (Հայ Բարեգործական Ընդհանուր Միութիւն (ՀԲԸՄ), Ազգային խնամատարութիւն), հայոց եկեղեցին (Ազգային առաջնորդարաններ), անհատները՝ յատկապէս Հայկական լեգէոնի եւ հայկական կամաւորական գնդերի զինուորականները, օտարերկրեայ նպաստամատոյց կազմակերպութիւնները (Մերձաւոր Արեւելքի ամերիկեան նպաստամատոյց կոմիտէ, Լոնդոնի քաղաքագլխի ֆոնդ, Դանիացի տիկնանց միութիւն, Ռուսական Կարմիր խաչ, Ռուսաստանի քաղաքների միութիւն եւ այլն), ինչպէս նաեւ միջազգային կազմակերպութիւնները (Կարմիր խաչ, Ազգերի լիգա):
Հայ որբերին հաւաքագրում էին Օսմանեան կայսութեան տարբեր հատուածներից, սիրիական անապատներից, Անդրկովկասից, մահմեդական ընտանիքներից, ազատագրում թուրքական պետական որբանոցներից: Որբահաւաք աշխատանքների շնորհիւ 1918-21թթ. ընթացում հաւաքագրուեց աւելի քան 77,000 հայ երեխայ (1), որոնք տեղաբաշխուեցին Թուրքիայի, Կովկասի, Միջին Արեւելքի հայկական եւ օտարերկրեայ նպաստամատոյց կազմակերպութիւնների, ինչպէս նաեւ Հայաստանի Հանրապետութեան տարածքում գտնուող պետական որբանոցներում:
Փոքր Ասիայում քեմալական (Ազգայնական) շարժման ծաւալմանը զուգընթաց՝ 1921-22թթ. Օսմանեան կայսրութեան որբանոցներում ապաստանած հայ երեխաների համար ստեղծուեց վտանգաւոր իրավիճակ: Այն աւելի սրուեց Կիլիկիայում քեմալականների կողմից իրագործուած հայկական կոտորածներից յետոյ, որի հետեւանքով հազարաւոր կիլիկիահայեր Այնթապից, Մարաշից, Հաճընից, Մերսինից եւ այլ վայրերից ստիպուած էին լքել իրենց հայրենի բնակավայրերը: 1921թ. վերջին՝ կիլիկիահայերի զանգուածային գաղթի ընթացքում, շուրջ 7500 հայ որբ Կիլիկիայից տեղափոխուեց Հալէպ, Բէյրութ, Դամասկոս եւ Ալեքսանդրէթ, որոնց մեծ մասը յայտնուեց Ազգային խնամատարութեան եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան խնամակալութեան տակ (2): Փաստօրէն, հայ որբերը երկրորդ անգամ էին տարհանւում Կիլիկիայից: Այս կապակցութեամբ Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած Հմայեակ Գրանեանը (3) գրում է. «Դեկտեմբեր 31ի (1921թ.-Գ.Խ.) առաւօտ, Միքայէլ Նաթանեանի հետ, Սիսուան եւ Քէլէկեան որբանոցներու բանալիները, կահ-կարասիներու ցուցակները եւ զոյգ շէնքերու ֆիզիքական նկարագրութիւնը… տարինք ֆրանսացի կառավարիչ՝ գնդապետ Քլեմանին յանձնեցինք եւ արցունքոտ աչքերով վերադարձանք որբերուն, առաջնորդելու համար երկաթուղագիծին կայարանը եւ անկէ՝ Իսկենտերուն, վերջին անգամ ալ, մօտ հազար բերանով երգելով.
«Ցանկամ տեսնել, զիմ Կիլիկիա…
Աշխարհ որ ինձ ետո՛ւր արե՛ւ» (4):
Կիլիկիայի՝ Մերսինի եւ Տէօրթ-Եօլի, երեք որբանոցներից տարհանուած հայ որբերի համար 1922թ. սկզբին ՀԲԸ Միութեան Բէյրութի մասնաճիւղի ջանքերով վերակազմաւորուեց Քելեկեան-Սիսուան որբանոցը (5):
Հայ երեխաներին Կիլիկիայից տարհանել է նաեւ դանիացի միսիոներուհի Մարիա Եակոբսենը (6), ով 1922թ. Յունուարին Քարէն Մարի Պետերսոնի հետ հայ որբերի մի մեծ խումբ փոխադրեց Բէյրութ: 1922թ. Յուլիսին Կիլիկիայից տարհանուած 208 որբերի հետ նա հաստատուեց Բիբլոս եւ Բէյրութ քաղաքների միջեւ գտնուող Զուք Միքայիլ բնակավայրում, որտեղից յետագայում նրանց տեղափոխեցին Սայդա: Այս որբանոցում խնամք եւ հոգածութիւն էին ստանում ամենափոքրիկ հայ որբերը (7):
1915-23թթ. երիտթուրքերի եւ քեմալականների կողմից իրագորուած հայկական կոտորածների հետեւանքով որբացած հազարաւոր հայ երեխաների սպառնում էր ֆիզիքական ոչնչացման վտանգ Օսմանեան կայսրութեան ողջ տարածքում: Այս մտահոգութեամբ պայմանաւորուած՝ 1922թ. Փետրուարի 7ին Հալէպում կայացաւ Մերձաւոր Արեւելքի ամերիկեան նպաստամատոյցի աշխատակիցների եւ Սահակ Բ. կաթողիկիոսի (8) կողմից վաւերացուած հայկական պատուիրակութեան (Ազգային միութեան, Քաղաքական ժողովի ներկայացուցիչների, Մարաշի եւ Այնթապի որբանոցների հոգաբարձուների) ժողովը՝ առաջնորդական փոխանորդ Յարութիւն քահանա Եսայեանի նախագահութեամբ (9): Ժողովում քննարկուեց Թուրքիայում ստեղծուած քաղաքական նոր իրավիճակը եւ որոշուեց Թուրքիայի հարաւային եւ հարաւ-արեւելեան շրջանների որբանոցներում ապաստանած հայ որբերին տեղափոխել Սիրիա եւ Լիբանան, իսկ հիւսիսային եւ հիւսիս-արեւմտեան շրջանների որբացած հայ երեխաներին՝ Յունաստան եւ Կովկաս (10): Թուրքիայի ներքին՝ կենտրոնական շրջանների՝ Կեսարիա, Կոնիա, Սեբաստիա, ինչպէս նաեւ հիւսիսային շրջանների՝ Տրապիզոն, Սամսուն, քրիստոնեայ որբերը՝ հայ եւ յոյն ծնողազուրկ երեխաները, Ամերիկեան նպաստամատոյցի որոշմամբ ցամաքային ճանապարհով փոխադրուեցին Կ. Պոլիս, իսկ այնտեղից՝ նաւով Յունաստան եւ տեղաբախշուեցին 13 որբանոցներում: Քայքայուող Օսմանեան կայսրութեան միւս շրջաններից՝ Թրակիայից, որբերը տեղափոխուեցին Ռումինիա եւ Բուլղարիա, իսկ Իզմիրից եւ Բրուսայից՝ Մարիցա գետով՝ Յունաստան (11):
Հալէպում կայացած ժողովի մասնակիցները քննարկեցին եւ որոշեցին, որ «լաւ է թրքական իշխանութեանց տակ գտնուած որբանոցները փոխադրել, անոնց տեղը պահելով տեսակ մը միսիոնարական կազմակերպութիւններ, որոնք պիտի ծառայեն շրջաններու մէջ գտնուած որբերը հաւաքելու եւ պատսպարելու, զանոնք նկատելով իբր Ռըլիֆի (Մերձաւոր Արեւելքի ամերիկեան նպաստամատոյց կոմիտէ-Գ.Խ.) սաները: Որբանոցներուն կապուած պաշտօնեաներն ու գործաւորներն ալ պէտք է փոխադրել որբերուն հետ. եւ պէտք է Ճեպել-Լիբանան հիմնուելիք որբանոցներուն մէջ տալ հայկական դաստիարակութիւն» (12):
Այսպիսով, ելնելով Թուրքիայում ստեղծուած քաղաքական լարուած իրավիճակից, ինչպէս նաեւ յատկապէս հայ որբերի կեանքին սպառնացող հնարաւոր վտանգից, հայ հասարակական գործիչներն ու հոգեւոր ներկայացուցիչները եւ Մերձաւոր Արեւելքի ամերիկեան նպաստամատոյց կոմիտէն, որի աշխատակիցների որբահաւաք աշխատանքների արդիւնքում 1918-1921թթ. հաւաքագրուել էր 132,000 (13) հայ, յոյն եւ ասորի որբ (14), օրհասական համարեցին կայսրութեան տարածքի որբանոցներում ապաստանած քրիստոնեայ որբերին տարհանել երեք հիմնական ուղղութիւններով.
1. Բալկաններ՝ Ռումինիա, Բուլղարիա, Յունաստան
2. Կովկաս
3. Միջին Արեւելք՝ Սիրիա եւ Լիբանան:
Թուրքիայից որբերի էւակուացիան ապահովելու էր երեխաների յետագայ ֆիզիքական անվտանգութեան, կեցութեան եւ ազգային դաստիարակութեան հարցը: Ըստ էութեան տարհանւում էին այն որբերը, որոնց զինադադարից յետոյ հաւաքագրել էին անմարդաբնակ վայրերից (անապատներից, անտառներից), փողոցներից, որտեղ նրանք զբաղւում էին մուրացկանութեամբ, մահմեդական ընտանիքներից եւ թուրքական պետական որբանոցներից, Կարմիր խաչի, Մերձաւոր Արեւելքի ամերիկեան նպաստամատոյցի աշխատակիցները եւ հայ եկեղեցու ու հայկական բարեգործական կազմակերպութիւնների կողմից ֆինանսաւորուող հայ որբահաւաքները: Հայ որբերի դուրսբերումը Թուրքիայից իրականացուելու էր Մերձաւոր Արեւելքի ամերիկեան նպաստամատոյցի ֆինանսական օժանդակութեան շնորհիւ: Իր յուշերում շուէյցարացի միսիոներ Ե. Քիւնցլերը (15) գրում է. «Ամերիկացիները 1919 թուին ողջ Թուրքիայում աքսորի ժամանակ թուրքական, քրդական եւ արաբական տներ տարուած՝ աւելի քան տաս հազար որբ երեխաներ էին հաւաքել, որոնք աքսորի ժամանակ տարուել էին թուրքերի, քրդերի եւ արաբների տները: Քանի որ շարունակ ուժեղացող քեմալական կառավարութիւնը ամերիկացիների համար շատ տեղերում ամէնուր դժուարութիւններ էր յարուցում, նրանց վերահսկում էր, նրանցից օգնութիւն էր պահանջում նաեւ մուսուլման որբերին օժանդակելու համար, որոնք Թուրքիայում եւս մեծ քանակութեամբ կային, մինչդեռ նրանց համար յատկացուող գումարներն այլեւս հնարաւոր չէր լինում վերահսկել, «Օգնութեան…» ընկերութիւնը (Մերձաւոր Արեւելքի ամերիկեան նպաստամատոյց կոմիտէ-Գ.Խ.) որոշեց իր հայ որբերին մի ոչ թուրքական երկիր տեղափոխել: Այդ ժամանակ հարաւ-արեւելեան Անատոլիայի համար, որպէս հանգրուան ընտրուեց Լիբանանը» (16):
Ի դէպ, պահպանուել է եզակի տեսաժապաւէն, որտեղ ցուցադրւում է Օսմանեան կայսրութիւնից հայ որբերի էւակուացիան՝ 33 վայրկեան տեւողութեամբ (17):
Հայ երեխաների տարհանման դրուագներից է նաեւ 1921թ. Դեկտեմբերին Բասրայի նահանգի Նահր էլ Օման աւանի հայկական գաղթակայանից (18) 816 հայ որբ (19) նաւով փոխադրումը Երուսաղէմ (Փետրուար, 1922թ.), որտեղ նրանց դիմաւորեցին Երուսաղէմի Հայոց պատրիարք Եղիշէ արքեպիսկոպոս Դուրեանը, ազգային գործիչներ եւ մեծ թուով տեղացի հայեր (20):
1922թ. Օսմանեան կայսրութիւնից տարհանուեցին ոչ միայն հայ, այլեւ մեծ թուով յոյն որբեր, որոնք նոյնպէս գտնւում էին Մերձաւոր Արեւելքի ամերիկեան նպաստամատոյցի խնամակալութեան տակ: Շուրջ 5000 յոյն, նաեւ հայ որբեր Զմիւռնիայի աղէտի ժամանակ տարհանուեցին Մերձաւոր Արեւելքի ամերիկեան նպաստամատոյցի աշխատակից Սառա Քորնինգի ջանքերով (Սեպտեմբեր, 1922) (21):
Թուրքիայի հարաւային եւ հարաւ-արեւելեան շրջաններից (Ուրֆայի շրջակայքից, Մարդինից, Խարբերդից, Ակնից եւ Մալաթիայից) հայ որբերի տարհանման պատասխանտուներ նշանակուեցին Եակոբ Քիւնցլերը եւ նրա կինը՝ Էլիզաբեթը, ովքեր 1922թ.ից աշխատում էին Մերձաւոր Արեւելքի ամերիկեան նպաստամատոյց կոմիտէի Ուրֆայի մասնաճիւղում եւ զբաղւում այդ կազմակերպութեան կողմից հաւաքուած հայ որբերի խնամքով (22): Նրանց թեկնածութեան ընտրութիւնը պայմանաւորուած էր վերջիններիս՝ տարածքի եւ թուրքերէնի փայլուն իմացութեամբ: Այս կապակցութեամբ Քիւնցլերը նշում է. «Քանի որ ես եւ իմ կինը մեր լեզուական գիտելիքների եւ տեղանքի ճանաչողութեան պատճառով այդ աշխատանքի համար աւելի նպատակայարմար էինք, քան որեւէ մէկը ամերիկեան «Օգնութեան…» (Մերձաւոր Արեւելքի ամերիկեան նպաստամատոյց կոմիտէ-Գ.Խ.) աշխատակիցներից, որոնց մեծ մասը կարճ ժամանակով էին եղել երկրում, մեզ երկուսիս յանձնարարուեց Ուրֆայի շրջակայքից, Մարդինից, Դիրաբեքիրից, Խարբերդից, Ակնից, Արաբկիրից եւ Մալաթիայից շուրջ 8000 երեխաների տեղափոխման գործը, մի աշխատանք, որը մեզ այնքան մեծ ուրախութիւն պատճառեց, որ մենք մեր կեանքի այս հատուածը կարող ենք լաւագոյններից մէկը համարել» (23):
Բացի այդ տարածքի մահմեդական բնակչութիւնը ճանաչում էր Քիւնցլերին, ինչի շնորհիւ կանխուեց որբերի քարաւանի թալանը, կոտորածը: Հարկ է նշել, որ Քիւնցլերի անձնական հեղինակութեան շնորհիւ ապահովուեց երեխաների ֆիզիքական անվտանգութիւնը նրանց տարհանման ժամանակ:
Որբանոցներում ապաստանած հազարաւոր երեխաներին հարիւրաւոր կիլոմետրեր տեղափոխելը լուրջ խնդիրներ էր յարուցում, ուստի որոշուեց շուրջ 8000 որբերի տարհանումն իրականացնել փուլ առ փուլ՝ նրանց բաժանելով խմբերի:
Ինչպէս իր յուշերում վկայում է Ե. Քիւնցլերի դուստրը՝ Իդա Ալամեդդինը, հայրը ծրագրել էր հայ երեխաներին Թուրքիայից դուրս բերել դեռ 1915թ., երբ նա դարձաւ Ուրֆայի հայութեան սարսափելի կոտորածների ականատես, սակայն այդ ցանկութիւնը կարողացաւ իրագործել միայն 1922թ. (24):
Երեխաների տեղափոխութիւնը մեծ ցնծութիւն առաջացրեց որբերի շրջանում, «քանի որ ի՜նչ հաճոյքով պիտի հեռանային նրանք մի երկրից, ուր մահուան եւ կործանումի վտանգը կար շարունակ» (25): Իւրաքանչիւր քարաւանի մեկնումը վերածւում էր մի զուարճալի հանդիսութեան: Երեխաներն իրենց քարաւանի աւանակներին զարդարում էին դրօշակներով եւ զանգակներով, իսկ նրանց ճանապարհող մահմեդական կանայք՝ իրենց սովորութեան համաձայն, մեկնող երեխաների հետեւից բացականչում էին «լի-լի-լի-լի՜»: Իր յուշերոմ Քիւնցլերը վկայում է, որ «լի-լի-լի-լի՜»ն ոչ միայն ուրախութեան բարձրակոչ էր, այլեւ՝ ռազմակոչ, քանի որ «նրանք (մահմեդական կանայք-Գ.Խ.) այդ «լի-լի-լի-լի՜»ն էին աղաղակել նոյն այդ երեխաների ծնողների յետեւից, երբ նրանց տանում էին ջարդելու» (26):
Առաջին տարհանումն իրականացուեց 1922թ. Մարտի վերջին Ուրֆայից (27): Երբեմնի հայաշատ քաղաքում եւ նրա շրջակայքի որբանոցներում ապաստանել էին մօտ հազարի հասնող հայ որբեր, որոնք բերուել էին ինչպէս Ուրֆայից եւ նրա յարակից շրջաններից, այնպէս էլ կայսրութեան ամենահեռաւոր բնակավայրերից: Այդ երեխաներից կազմուած առաջին խումբը՝ մօտաւորապէս 130 հայ որբ, Ե. Քիւնցլերի առաջնորդութեամբ 10 օր հետիոտն անցան Ուրֆայից մինչեւ Հալէպ՝ մօտ 90 կմ. ճանապարհ: Որբերի տարհանման գործողութիւնը Ե. Քիւնցլերը ներկայացրել է իր «Երեսուն Տարի Ծառայութիւն Արեւելքի Մէ»ջ յուշերում՝ «Որբերի մեծ ելքը երկրից» գլխում (28): Ուրֆայի հայկական կոտորածների ականատես շուէյցարացի հայասէրը հայ որբերի տարհանումը Թուրքիայից համեմատում էր հրեաների՝ եգիպտական գերութիւնից ազատագրուելու աստուածաշնչեան դրուագի հետ: Նա գրում է. «Ես հոգեպարար բաւականութիւն էի զգում՝ երեխաների ծիծաղը լսելով եւ նրանց զուարթ դէմքերը տեսնելով: Նրանք կարծես՝ եգիպտական գերութիւնից ազատուած՝ Քանանի երկիր էին չւում» (29):
Տարհանուող առաջին խմբի երեխաները ստիպուած էին յաղթահարել տասնեակ կիլոմետրեր դժուարին ճանապարհ՝ եղանակային անբարենպաստ պայմաններում, ինչի հետեւանքով նրանց մեծ մասը վարակուեց այդ ժամանակ տարածուած գրիպի համաճարակով: Բացի այդ, նրանք հանդերձաւորուած չէին ցուրտ եղանակային պայմաններին համապատասխան: Որբերի մեծ մասը տեղափոխման ճանապարհը յաղթահարում էր ոտքով, առաւել տկարները եւ մանկահասակները՝ սայլերով:
Երեխաների առաջին խմբի հետիոտն տեղափոխման դժուարութիւնները տարհանումը կազմակերպողներին ստիպեցին յաջորդ խմբերի որբերի տեղափոխումն իրականացնել միայն սայլերով եւ աւանակներով, ինչը հնարաւորութիւն տուեց փոխադրել միաժամանակ աւելի մեծ խմբով երեխաներ:
Թուրքիայից տարհանուող իւրաքանչիւր երեխայի տուեալներն արձանագրւում էին Քիւնցլերի կողմից կազմուած ցուցակներում, որոնք ստուգւում էին թուրքական ոստիկանական անցագրակէտերում: Ցուցակների մանրակրկիտ ստուգումը թուրքական իշխանութիւնների կողմից կատարւում էր այն պատճառաբանութեամբ, որ զինուորական տարիքի ոչ մի հպատակ իրաւունք չունի լքել երկիրը (30): Ի. Ալամեդդինն այս կապակցութեամբ իր յուշերում գրում է. «Մեծ արտագաղթը սկսաւ 1922ի գարնան սկիզբը: Ընդհանուր արտօնութիւնը եկաւ Անգարայէն: Բայց իւրաքանչիւր խումբին համար պէտք էր արտօնութիւն առնուէր շրջանային իշխանութիւններէն. եւ որպէսզի ըլլար այդ արտօնութիւնը ստանալ, ցանկերը պէտք է պատրուաստուէին զգուշօրէն, տալով իւրաքանչիւր երեխայի տարիքն ու անունը: Պէյրութ գտնուող օգնութեան մարմինի գլխաւորները ի յառաջագունէ կարծած էին, որ երեխաները Ուրֆայէն մինչեւ Ճարապլուս սահմանային քաղաքը, 90 քիլոմեթր ճամբան, հետիոտն պիտի կտրէին: Ուրկէ ասդին՝ շոգեկառքով, Հալէպէն մինչեւ Պէյրութ: Մօտաւորապէս հազար որբեր կ՛ապրէին Ուրֆայի եւ շրջակայքի որբանոցներու եւ ժամանակաւոր քեմփերու մէջ: Անոնք առաջին մեկնողները պիտի ըլլային» (31):
Ե. Քիւնցլերին այս դժուարին գործում մեծապէս օգնում էր նրա կինը՝ Էլիզաբեթը, որը ղեկավարում էր Ուրֆայում ապաստանած հայ որբերի երկրորդ խմբի տարհանումը: Որբերի ամենաստուար խումբը՝ 5000 երեխայ, 1922թ. Ապրիլին տեղափոխուեց Խարբերդից եւ յարակից շրջաններից: Որբերի այս մեծաքանակ խմբի տեղափոխման ընթացքում Եակոբ եւ Էլիզաբեթ Քիւցլերները ծրագրեցին, որ 10ական հոգուց բաղկացած իւրաքանչիւր խմբի ուղեկցի մէկ չափահաս որբ: Այս կերպ միաժամանակ լուծւում էր երկու խնդիր.
1. Կազմակերպւում էր մանկահասակ որբերի անվտանգ տեղափոխումը՝ աւելի չափահաս որբերի հսկողութեան ներքոյ,
2. Իրականացւում էր զինապարտ տարիքի թուրքահպատակ երիտասարդ հայ որբերի դուրսբերում Թուրքիայից, ինչը, ինչպէս արդէն վերը նշուել է, փաստացի հնարաւոր չէր տուեալ ժամանակահատուածում:
Այս խմբի երեխաների մեծ մասին տեղափոխեցին սայլերով Խարբերդ-Դիրաբեքիր- Ճերապլուս, իսկ միւսներին՝ ջորիներով, Խարբերդ-Մալաթիա-Ճարապլուս ուղղութիւններով:
Հայոց Ցեղասպանութեան վերապրող, Խարբերդի ամերիկեան որբանոցի սան Արամ Թորիկեանը, ով Օսմանեան կասյրութիւնից տարհանուած հազարաւոր երեխաներից մէկն էր, իր յուշերում գրում է. «1922թ. ամերիկացիները Խարբերդի որբանոցը տեղափոխեցին Հալէպ: Տղաները ձիերով, Մալաթիայի ճանապարհով գնում էին Հալէպ, իսկ աղջիկները՝ կառքերով՝ Տիգրանակերտի ճանապարհով: Մենք՝ տղաներս, դժուարին պայմաններում գնացինք Մալաթիա, այնտեղից ալ դէպի Հալէպ» (33):
Հայ որբերի տեղափոխումը Խարբերդից ունէր իր դրական եւ բացասական հետեւանքները: Բացասական հետեւանքներից կարելի է առանձնացնել ստորեւ նշուած խնդիրները.
1. Երեխաների մեծ թուաքանակը դժուարացնում էր Խարբեդից Հալէպ երկարուձիգ՝ 10 օրուայ ճանապարհը,
2. Լուրջ խնդիրներ էր յարուցում նաեւ մեծ թուով երեխաների անվտանգ տեղափոխումը:
Սակայն միւս հետեւանքը՝ Խարբերդի վիլայեթից երեխաների մեծ խմբերի տեղափոխումը, պայմանաւորուած էր հետեւեալ նկատառումներով. նախ տնտեսւում էին դրամական միջոցները, ապա՝ անցագրակէտերում խնայւում էր ահագին ժամանակ: Այս կապակցութեամբ Ե. Քիւնցլերն իր յուշերում գրում է. «Ինձ համար կարեւոր էր որքա՛ն կարելի է մեծ խմբեր միանուագ փոխադրել Խարբերդից, որովհետեւ ստիպուած էի լինում ամէն մի խումբ առանձին ճամբելիս՝ կառավարական պաշտօնեաների իմացնել մեկնումի մասին, որպէսզի նրանք էլ ապա գային ստուգումի: Պէտք էր նրանցից իւրաքանչիւրի հետեւիցն երթալ ինքնաշարժով ու բերել մեկնող որբերի կեցած տեղը: Նրանք մէկիկ-մէկիկ զննում էին որբերի դէմքերը: Մեկնողների մէջ չպէտք է լիներ զինուորական տարիքի հասած որեւիցէ պատանի: Այս տեսակ մանրակրկիտ ստուգում, սկսուելով առաւօտեան, շատ երկար էր տեւում, այնպէս որ մենք հազիւ իրիկունը կարողանում էինք ճամբայ ընկնել: Ապա՝ քաղաքից դուրս էլ, 2-3 ժամ անդին, նորից էր ստուգում կատարւում ոստիկանութեան կողմից, եւ ես հարկադրուած էի լինում նորից մէկիկ-մէկիկ ժողովել կառավարութեան մարդկանց ու բերել, յարկաւ՝ դարձեալ ինքանաշարժով» (34):
Այսպիսով, 1922թ. Սեպտեմբերին հայ որբերի տարհանումը Թուրքիայից աւարտուեց: Մերձաւոր Արեւելքի ամերիկեան նպաստամատոյցի յատկացրած միջոցներով որբերին տեղափոխելու համար վարձակալուեց 130 կառք եւ մօտ 200 գրաստ: Ըստ Ե. Քիւնցլերի կազմած վիճակագրութեան՝ ընդհանուր առմամբ տարհանուեց շուրջ 8000 հայ երեխայ, որոնց տեղաբախշեցին Սիրիայի եւ Լիբանանի որբանոցներում (35): Ի դէպ, տարհանուած երեխաների մի ստուար խումբ՝ տարբեր տարիքի շուրջ 1500 հայ աղջիկներ, տեղաբախշուեցին Մերձաւոր Արեւելքի ամերիկեան նպաստամատոյցի Ղազիրի որբանոցում, որի ղեկավարութիւնը ստանձնեց Ե. Քիւնցլերը:
Ըստ æ. Բարտոնի տուեալների՝ 1922-23թթ.՝ Մերձաւոր Արեւելքի ամերիկեան նպաստամատոյցի գործուն աշխատանքների շնորհիւ, մօտաւոր հաշուարկով Թուրքիայից Սիրիա, Լիբանան եւ Յունաստան էւակուացուեցին մօտ 30,000 հայ եւ յոյն որբ, որից 12,000 հայ երեխայ՝ կայսրութեան միայն հարաւային, հարաւ-արեւելեան շրջաններից (36):
Ե. Քիւնցլերի կողմից տարհանուած 8000 հայ երեխաները, որոնք ըստ էութեան փրկուեցին վերահաս ֆիզիքական բնաջնջումից, իրենց հետեւում թողնելով պատմական հայրենիքը՝ յայտնուեցին նոր երկրում եւ բոլորովին նոր միջավայրում՝ ստանալով նոր կեանք սկսելու հնարաւորութիւն:
«Ցեղասպանագիտական հանդէս», 2 (1), Երեւան, 2014թ.
1.- Տե՛ս Եղիայեան Բ., «Ժամանակակից Պատմութիւն Կաթողիկոսութեան Հայոց Կիլիկիոյ», Անթիլիաս, 1975, էջ 252:
http://web.archive.org/web/20130313050857/http://www.dva.gov.au/news_archive/Documents/The%20Gallipoli%20Campaign.pdf.
2.- Տե՛ս նոյն տեղում:
3.- Հմայեակ Գրանեան- ՀԲԸՄ Տէօրթ-Եօլի Սիսուան որբանոցի տեսուչ:
4.- Մէջբերուած է ըստ՝ Մելքոնեան Է., «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Պատմութիւն, «Մուղն»ջ հրատարակչութիւն, Երեւան, 2005, էջ 107-108:
5.- Նոյն տեղում, էջ 109:
6.- Մարիա Եակոբսեն (1882-1960). դանիացի միսիոներուհի, Հայոց Ցեղասպանութեան ականտես: 1906ից՝ սկանդինաւեան «Կանանց առաքելութեան աշխատողներ» կազմակերպութեան անդամ: 1919-22թթ. Օսմանեան կայսրութեան տարբեր հատուածներից հաւաքագրել է շուրջ 3600 հայ որբերի: 1928-60թթ.՝ æբէյլի «Թռչնոց Բոյն» որբանոցի տնօրէն:
7.- Տե՛ս http://www.genocide-museum.am/arm/29.03.2013.php
8.- Սահակ Բ. Խապայեան.- Կիլիկիայի Հայոց կաթողիկոս 1902-1939թթ.: Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ երիտթուրքական իշխանութիւնների կողմից աքսորուել է Երուսաղէմ (1916), ապա՝ Դամասկոս (1917): Զիանադադարից յետոյ վերադարձել է Ադանա (1919), 1921ին Կիլիկիայի հայութեան հետ բռնագաղթել է Սիրիա: 1930ից հաստատուել է Անթիլիասում (տե՛ս «Հայկական Սովետական Հանրագիտարան», հ. 10, Երեւան, 1984, էջ 135):
9.- Տե՛ս Եղիայեան, Բ. նշ. աշխ., էջ 253:
(http://www.awm.gov.au/collection/REL39129/).
10.- Տե՛ս նոյն տեղում, էջ 254:
11.- Տե՛ս Ազատեան Լ., «Հայ Որբերը Մեծ Եղեռն»ջ, Լոս Անճելըս, 1995, էջ 39:
12.- Եղիայեան, Բ., նշ. աշխ., էջ 254:
13.- Տե՛ս Barton, J., «Story of Near East Relief (1915-1930) in interpretation», New York, 1930, p. 211:
14.- Հաւաքագրուած 132,000 որբերի մէջ հայ երեխաների թիւը կազմում էր 65-70,000, (տե՛ս Բիւզանդ Եղիայեան, նշ. աշխ., էջ 251):
15.- Եակոբ Քիւնցլեր (1871 1949). շուէյցարացի բուժակ, հայասէր, Հայոց Ցեղասպանութեան ականատես: Պատանեկութեան տարիներին եղել է հիւսն, ապա Բազելում ստացել է բժշկի օգնականի եւ հիւանդապահի մասնագիտութիւն: 1899թ. Եոհանս Լեփսիուսի «Գերմանական առաքելութիւն Արեւելքում» կազմակերպութեան հրաւէրով մեկնում է Ուրֆա եւ նշանակւում այդ կազմակերպութեան որբանոցային հաստատութեանը կից ստեղծուած հիւանդանոցի եւ կլինիկայի բժշկի՝ Հեման Խրիստի օգնական: Առաջին աշխարհամարտի տարիներին Քիւնցլերը՝ իբրեւ չէզոք երկրի՝ Շուէյցարիայի քաղաքացի, հնարաւորութիւն ունեցաւ մնալ Ուրֆայում եւ դարձաւ ականատես տեղի հայութեան հերոսական ինքնապաշտպանութեան ու թուրքական բանակի կողմից իրականացրած դաժան կոտորածների: Զինադադարից յետոյ Քիւնցլերն իր կնոջ՝ Էլիզաբեթի հետ միասին ազատագրեց մահմեդականների տներում բռնի պահուող բազմաթիւ հայ կանանց եւ երեխաների: 1923թ. ստանձնեց Ղազիր որբանոցի ղեկավարումը, ուր ապաստանել էին 1400 հայ որբուհիներ: 1928թ. Քիւնցլերը Հայ օգնութեան շուէյցարական ընկերութեան աջակցութեամբ Ղազիրում 50 կոյր որբերի համար հիմնեց առանձին կացարան: 1947թ. ստացել է Բազելի համալսարանի պատուաւոր դոկտորի կոչում (Տե՛ս Կիւնցլեր Ե., «Արեան Եւ Արցունքների Երկրում. Իրադարձութիւնները Միջագետքում Համաշխարհային Պատերազմի ժամանակ (1914-1918)», Երեւան, Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ, 2011, 10-15 էջ):
16.- Նոյն տեղում, էջ 130:
17.- ՀՑԹԻ գիտական ֆոնդեր, բ-4, ֆհ 367:
18.- 1921թ. վերջին Միջագետքի բրիտանական իշխանութիւնները փակեցին Բասրայի նահանգի Նահր էլ Օման աւանի հայկական գաղթակայանը, որի հետեւանքով դժուարին կացութեան մէջ յայտնուեց այստեղ ապաստանած շուրջ 3000 հայ գաղթական: Խորհրդային Հայաստանի պաշտօնական ներկայացուցիչների հետ ունեցած բանակցութիւնների արդիւնքում որոշուեց Միջագետքի հայ տարագիրներին նաւով տեղափոխել Պոլիս-Բաթում, այնտեղից՝ Հայաստան: Վերջիններիս մէջ մեծ թիւ էին կազմում գաղթակայանի հայ որբերը: Հայ ազգային եւ հասարակական գործիչների պահանջով՝ որոշուեց Նահր էլ Օմանի հայ որբերին տեղափոխել Երուսաղէմ: Նրանց փոխադրման դժուարին գործը ստանձնեց ՀԲԸ Միութիւնը: Այդ մասին աւելի մանրամասն տե՛ս Մելքոնեան Ե., «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Պատմութիւն», «Մուղն»ջ հրատարակչութիւն, Երեւան, 2005, էջ116-118, Մելիքսեթեան Հ., «Հայրենիք-Սփիւռք Առնչութիւնները Եւ Հայրենադարձութիւնը», Երեւանի համասարանի հրատարակչութիւն, Երեւան, 1985, էջ 74-85:
19.- Երուսաղէմ տեղափոխուած 816 հայ որբերից 582ը Վանից էին, 103ը՝ Էրզրումից:
20.- Մելքոնեան Ե., նշ. աշխ., էջ 108
21.- Տե՛ս՝ http://www.genocide-museum.am/arm/05.10.2012.php,10.10.2013
22.- Տե՛ս՝ Կիւնցլեր Ե., նշ. աշխ., էջ 12:
23.- Կիւնցլեր, Ե., նշ. աշխ., էջ 131:
24.- Տե՛ս՝ Իտա Ալեմետտին, «Փափա Քիւնցլերը Եւ Հայերը», Անթիլիաս, 1999, էջ 135:
25.- «Զուիցերացի Հայասէր Եագոպ Քիւնցլէր. Իր Հայանպաստ Գործունէութեան 40ամեակին Առթիւ», տպ. «Ռոթոս», Պէյրութ-Հալէպ, 1946, էջ 91:
26.- Նոյն տեղում, էջ 103:
27.- Եակոբ Քիւնցլերն 1899թ. սկսած՝ շուրջ 20 տարի՝ որպէս բժշկի օգնական, աշխատել է Ուրֆայի հիւանդանոցում:
28.- Տե՛ս, Զուիցերացի Հայասէր Եագոպ Քիւնցլեր. նշ. աշխ., էջ 57:
29.- Նոյն տեղում, էջ 91:
30.- Իտա Ալեմետտին, նշ. աշխ., էջ 136:
31.- Նոյն տեղում, էջ 135-136:
32.- Տե՛ս նոյն տեղում, էջ 142:
33.- Շուշանեան Ս., «Հին Եւ Նոր Խարբերդ», «Արտագերս», 2006, էջ 88:
34.- Զուիցերացի Հայասէր Եագոպ Քիւնցլեր. նշ. աշխ, էջ 103:
35.- Սահակ Բ. կաթողիկոսը Ամերիկեան Կարմիր Խաչին ուղղուած նամակի մէջ (21 Մայիս, 1923) նշում է, որ հայկական խնամքի տակ եղած որբերի թիւը հասնում է 2250ի, իսկ ամերիկեանինը՝ 6273: Տե՛ս Եղիայեան Բ., նշ. աշխ., էջ 256:
Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ (ՀՑԹԻ)
Ngarnerou hamar
Խարբերդից տարհանուած 5000 հայ երեխաներից մի խումբ, 1922թ.
Թուրքիայից տարհանուող հայ որբերի խումբ, 1922թ.
Եակոբ Կիւնցլերի կողմից Թուրքիայից տարհանուած 8000 հայ որբերի էւակուացիոն ուղիները, 1922թ.
Թուրքիայից տարհանուող հայ որբերի խումբ, 1922թ.
ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
Sarkis Pastry
3 locations to serve you
1111 S. Glendale Ave., Glendale, CA
818-956-6636
1776 E. Washington Blvd., Pasadena, CA
626-398-3999
2424 Ball Rd., Anaheim, CA
714-995-6663
————————-
Sinanian
Development, Inc.
———————–
Alec, Alenoush,
Patrick, Nicole
& Eric
Baghdasaryan
———————————
ՀՄԸՄի ԱՐԵՒՄՏԵԱՆ ԱՄՆի
Շրջանային Վարչութիւն,
Շրջանային խորհուրդներ,
յանձնախումբեր,
եւ 18 մասնաճիւղեր
————————————
A crime unpunished is a crime condoned.
As we commemorate the Centennial of the
Armenian Genocide, I ask Armenians around the world
to join together in the struggle to secure justice and
ensure that such crimes as those that befell our
people never take place again.
It is the duty of every person who believes
in justice to remember the 1.5 million martyred
Armenians and to hold those responsible
accountable for our loss.
Zareh Sinanyan
Mayor of Glendale
——————————————————-
HOLLYWOOD PRESBYTERIAN MEDICAL CENTER