ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Այո՛, սկսուեց եւ որոշակի հանգրուանի հասաւ մի գործընթաց, որն էր Հայոց Ցեղասապանութեան ոգեկոչումը 100ամեակի ընդմիջից: Այն համախմբեց թէ՛ հայութեանը, թէ՛ աշխարհին՝ աւելի որոշակի եւ յստակ բանաձեւելու մեր Մեծ Աղէտը:
Թէ այդ աղէտը Ցեղասպանութիւն էր, յայտնի էր բոլորին: Սակայն հայութեան թափած ջանքերը, տարած աշխատանքների հզօրութիւնը, նրա երազների վերազարթօնքը համահայկական մեր հարցը դրեցին ամուր պատուանդանի վրայ. հարթակը՝ մեր հայրենիքը, իսկ յենարանները՝ մեր լայնատարած Սփիւռքը:
Սփիւռքի տարիների պայքարն էր, որ միանալով մեր պետականութեան անվարան դիրքորոշմանը, վերածուեց իրաւական պահանջատիրութեան, որն հաստատապէս պիտի արդիւնաւորուի, ինչ էլ լինի, երբ էլ լինի:
Իսկ ազգային մեր բազմապիսի խնդիրները չարգելակեցին այս համընդհանուր շարժումը. ընդհակառակը, միասնութեան խն-դութիւնն ու հաճոյքը, գործընթացի տեսլականն ու հաւատքը ոգեշնչեցին աշխարհի հայութեանը՝ գործնականօրէն ոտքի կանգնելու եւ առաւել լսելի դարձնելու հայոց իրաւունքների պահանջատիրութիւնը:
Միասնականութիւնը կարող է ուրիշ հարցեր էլ լուծել, ուրեմն, յառա՛ջ, վերապրող, դու ընդունա՛կ ես սեփական ուժերով ոտքի կանգնելու եւ հասնելու քո երազներին: