«Ֆորբիդն Սէյնթս» (Forbidden Saints) միջազգային երաժշտական խումբը Մայիսի 3ին հանդէս կը գայ աննախադէպ համերգային ծրագրով, որի ընթացքում անդրադարձ կը լինի Հայոց Ցեղասպանութեան 100ամեակին:
«Մերիդիան Փրոդաքշընզ»ի եւ «Արաք Ֆիլմզ» ընկերութեան «Նոկիա» թատրոնում նախատեսուած համերգին, մէկ բեմում հանդէս կը գան համաշխարհային ճանաչման տարբեր ազգերի երաժիշտներ Հայաստանից, Ռուսաստանից, Միացեալ Նահանգներից, Վենեսուելայից, Կուբայից, Պուերտօ Ռիկոյից, Պարագուայից, Արգենտինայից, Մեխիկոյից` կատարելով նաեւ Կոմիտաս ու հայկական ժողովրդական մեղեդիներ նոր ձեւաւորմամբ:
«Մերիդիան Փրոդաքշընզ»ի պրոդիւսեր Սեւակ Պետրոսեանը նշում է, որ «Ֆորբիդն Սէյնթս»ի օտարազգի երաժիշտներն իրենց համերաշխութիւնն են յայտնում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման իրենց հայ ընկերների պահանջին, եւ երաժշտութեան միջոցով եւս մէկ անգամ բարձրաձայնում են, որ 1915թ.ը յանցագործութիւն էր համայն մարդկութեան դէմ, եւ միայն այն ճանաչելով է հնարաւոր կանխել ցեղասպանութիւնները ողջ աշխարհում:
«Համերգում հնչելու են կատարումներ, ի յիշատակ Ցեղասպանութեան 1.5 միլիոն անմեղ նահատակներին», նշում է Պետրոսեանը:
Մայիսի 3ի համերգի ժամանակ, խմբի անդամներին են միանալու աշխարհահռչակ այլ երաժիշտներ, այդ թւում` «Չինաստանի Աստուած» բնութագրումը ստացած ջութակահար` Ժանգ Շաոբոն, հարուածային գործիքների վարպետ Չառլի Ադամսը, ինչպէս նաեւ «Եանիս Վոյսիզ» նախագծի մենակատարներ Քլոիբ, Էնդրու Թոմասը, Նէյթ Պաչէքոն: Երաժշտական կատարումով հանդէս կը գայ լեգենդար Յարութ Փամբուկչեանը:
2009 թուականին ստեղծուած «Ֆորբիդն Սէյնթս» խումբը, որ կազմուած է 21 երաժիշտներից, ստեղծումից կարճ ժամանակ անց մեծ ճանաչում է ձեռք բերել նաեւ Միացեալ Նահանգներից դուրս:
Յայտնի ջութակահար Արմէն Մովսիսեանի ու Եանիի խմբի երաժիշտներից Վիկտոր Էսպինոլայի նախագծի նպատակն էր, որ իւրաքանչիւր ազգի երաժիշտ խմբում ներկայանայ նաեւ անհատապէս, ներկայացնի իր ազգային մշակոյթը:
«Ամէն ինչ սկսուեց հայկական երաժշտական մրցանակաբաշխութեան ժամանակ, երբ մի քանի երաժիշտներով միասին հանդէս եկանք: Դրանից յետոյ որոշեցինք զարգացնել նախագիծը, ինչի մասին մտածել էինք դեռ Եանիի խմբում նուագելու տարիներին», պատմում են Մովսիսեանն ու Էսպինոլան: «Մերիդիան Փրոտաքշընզ»ի աջակցութեամբ ստեղծուած «Ֆորբիդն Սէյնթս» խմբում հիմնադիրներին են միանում ճանաչուած երաժիշտներ Ալեքսանդր Ժիրոֆը, Ռամոն Ֆլորեսը, Կամօ Սէյրանեանը, Վոլտէր Ռոդրիգեսը, Ֆիտօ Էսպինոլան, Արչի Պենեան, Հովա Բուրեանը եւ այլոք: Ֆլամենկօ, փոփ, ռոք, դասական եւ այլ երաժշտական ոճերի համակցում տարբեր մշակոյթների նրբերանգների յաւելմամբ, սա է «Ֆորբիդն Սէյնթս» խմբի դիմագիծը:
Խումբը 2013թ.ի Սեպտեմբերի 21ին հանդէս է եկել Երեւանում, անկախութեան տօնակատարութեան ժամանակ, եւ միանգամից ընդունուուել ու սիրուել է նաեւ հայաստանեան հանդիսատեսի կողմից:
Միաժամանակ, «Ֆորբիդն Սէյնթս»ի համերգների ցանկում է Յարութ Փամբուկչեանի գործունէութեան 50 ամեակին նուիրուած համերգը:
Մայիսի 3ին «Նոկիա» թատրոնում նախատեսուած համերգին մնացել է մի քանի օր, եւ փորձերն իրենց գագաթանակէտում են. լսւում է ծիրանափողի ձայնը, որ լրացւում է պարագուայական տաւիղի հնչիւններով, մեղեդին ամբողջացնում է ջութակը, որին միանում են կիթառը, հարուածային ու ստեղնաշարային գործիքները: Հայկական ելեւէջները հետզհետէ լրացւում են լատինական ռիթմերով, այնուհետեւ ռուսական ակորդէոն… տարերք, ալեկոծութիւն` տիեզերական զգացողութիւն:
Մայիսի 3ին, «Ֆորբիդն Սէյնթս»ը խոստանում է բաւարարել բոլոր ոճերի սիրահարներին` մատուցելով նաեւ հաճելի անակնկալներ: Տոմսեր ձեռք բերելու համար զանգահարել` 818 265-0506 հեռախօսահամարով կամ այցելել` http://ticketmicket.com/ կայք:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.