(Մահուան Քառասունքի Առթիւ)
ՎԱՂԱՐՇԱԿ ՎԱՐԴԱՆԵԱՆ
Խմբի հերթական հաւաքներից մէկի ժամանակ ես յիշեցի, որ պէտք էր հեռաձայնէի Նիւ Ճըրզիի բարեկամիս եւ խօսքիս երգիծական երանգ տալու համար՝ ասացի. «Բարեւ, Ռուբէն Պարսումեան»: Այդ լսելով՝ Խաչիկը վեր թռաւ ու հարցրեց. «Այդ Ռուբէն Պարսումեանը Հալէպէ՞ն է»: Դրական պատասխան ստանալով՝ նա ձեռքիցս խլեց ընկալուչը եւ երկար զրոյց ունեցաւ իր դպրոցական ընկերոջ հետ: Իսկ յետոյ ոգեւորուած պատմում էր, որ Ռուբէնը դասարանի ամենախելացի աշակերտն էր: Ես օգտուեցի առիթից սրախօսելու ու «միամիտօրէն» հարցրի. «Ուրեմն դուք երկո՞ւքդ էիք դասարանի «ամենա»ները»: Խաչիկը հանդարտօրէն պատասխանեց. «Այո, Ռուբէնը ամենախելացին էր, իսկ ես՝ ամենաչարը. բայց մեր ուսուցիչ պրն. Օվայեանը ամենաշատը ինծի կը սիրէր»:
Մեր յաջորդ հանդիպմանը Խաչիկը բերեց իրենց դասարանի խմբանկարը (տես՝ կից), որի վրայ ճանաչեցինք մեր լաւ բարեկամ Յակոբ Օվայեանին (առաջին շարքի վրայ, ձախից երրորդը): Իսկ Խաչիկը վերին շարքի վրայ ձախից երկրորդն է: (Աւա՜ղ, ես չեմ կարող ասել, թէ որ մէկն է Ռուբէն Պարսումեանը. օրին Խաչիկը, ի հարկէ, ասել էր…):
Յետագայ հեռախօսազանգերով Խաչիկը եւ ես յորդորում էինք Ռուբէնին այցելելու մեր քաղաքը՝ խոստանալով պատշաճ ընդունելութիւն: Նա չէր հրաժարւում, սակայն մեր փափաքը չիրականացաւ Ռուբէնի յանկարծակի մահուան պատճառով, իսկ Խաչիկի մահով ընդհանրապէս փակուած պիտի համարուէր այս պատմութիւնը: Սակայն մենք պիտի ուզենայինք, որ լուսանկարի վրայ պատկերուածներից նրանք, ովքեր կենդանի են, արձագանգեն մեր կոչին եւ շարունակեն պատմութիւնը՝ նշելով դպրոցը, նկարի տարեթիւը, դասարանի կարգը, նաեւ բերեն որոշ յիշողութիւններ ուսուցիչների ու աշակերտների մասին:
Դա կը լինի մեզանից անժամանակ հեռացած ընկերների յիշատակը յարգելու լաւագոյն ձեւը: