Զրուցեց՝ ԱՆԻ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ
«1915»՝ այսպէս է անուանուած «Կարպուշեան» ցուցասրահում Հայոց Ցեղասպանութեան 100ամեակին նուիրուած ցուցահանդէսը: Արուեստի միջոցով Ցեղասպանութեան նկատմամբ իրենց վերաբերմունքն են բացայայտում չորս հայ արուեստագէտներ: Հարիւր տարի անց փոխուել են մեր արտայայտման կերպերը, եզրայանգումները, բողոքի ու պահանջի ձեւերը: Արուեստն էլ՝ որպէս արտայայտման լաւագոյն ձեւ, բացում է մեր զգացողութիւնների շերտերը:
Ցուցադրութեանը իրենց աշխատանքերն են ներկայացում Ալինա Մնացականեանը, Սամուէլ Սաղաթելեանը, Գալուստ Գեօդելը եւ Սեւ Բլաքը (Հենրիկ Խաչատրեան):
«Սա յարգանքի տուրք է Ցեղասպանութեան զոհերին, սակայն մեր նպատակը ոչ թէ պատմական փաստերի վրայ կենտրոնանալն է, այլ ժամանակակից արուեստագէտների աշխատանքները ցուցադրելը, ում՝ ես եւ կինս համարում ենք այսօրուայ լաւագոյնները», ասում է ցուցասրահի տնօրէն Հրայր Կարպուշեանը, «Ժամանակակից արուեստին նուիրուած այս ցուցադրութեան նպատակն է ապացուցել, որ թէպէտ Ցեղասպանութիւն է կատարուել, սակայն մենք ապրում եւ ստեղծում ենք արուեստ եւ լաւագոյն արուեստ՝ մրցունակ համաշխարհային մակարդակին»:
«Կարպուշեան» ցուցասրահը գտնւում է Բեվերլի Հիլզում եւ այս դէպքում, խորագիրը յատուկ նշանակութիւն է ձեռք բերում:
«Ցուցադրութեան գաղափարը առաջ եկաւ անմիջապէս Ապրիլի քսանչորսի քայլարշաւից յետոյ. մտածեցի, թէ ո՞ր խորագիրն աւելի ազդեցիկ կը լինի ու որոշեցի, որ ամենադիպուկը 1915ն է», ասում է Լորի Կարպուշեանը. «Ցանկանում եմ, որ օտարերկրացիների մօտ խորագիրը հարցերի պատճառ դառնայ»:
Ցուցադրութեան ներկայացուած աշխատանքերն ընդհանրացնում է իւրօրինակութիւնը: Բոլորն էլ տարբեր են, անսովոր, անսպասելի, երեւակայութեամբ լի:
Գալուստ Գեօդելը ներկայացրել է երկու տարբեր շրջանի աշխատանքներ, առաջինը թեմատիկ առնչւում է Ցեղասպանութեան հետ, միւս գործերում նրան հետաքրքրում է ժամանակակից աշխարհը: Դրանք մինիմալիստական (ժուժկալ-Խմբ.) եւ կոնցեպտուալ (յղացական-Խմբ.) բնոյթ ունեն եւ ներկայացնում են արուեստագէտի այսօրուայ աշխարհայեացքը:
«Ցեղասպանութեան թեմայով նախապէս գործեր եմ արել, առանց գիտակցելու, որ դրանք կապուած են Ցեղասպանութեան հետ, սակայն պատկերներում անսովոր տեսարաններ կային՝ օրինակ կտրուած գլուխներ, դաժան տեսարաններ, ցաւ…», ա-սում է Գալուստ Գեօդելը. «Յետոյ հասկացայ, որ դրանք ինձ համար բուժական, թերապեւտիկ նշանակութիւն ունեն: Իմ ենթագիտակցութեան մէջ մի բան կար, որ պէտք է արտայայտուէր, որպէսզի կարողանայի ձերբազատուել այդ ծանրութիւնից: Եւ այս ցուցահանդէսով նոյնպէս մենք տօնում ենք այն փաստը, որ մենք ապրեցինք եւ ստեղծագործեցինք: Եւ արդէն նոր գործերը բոլորովին ուրիշ խօսք են ասում՝ նրանք ուրախ են, փայլուն են, տօնական են: Ցեղասպանութեան մասին գործերը հնարաւորութիւն տուեցին ինձ ձերբազատուելու այդ ծանր զգացողութիւնից եւ առաջ անցնել»:
Սամուէլ Սաղաթելեանի գործերը ցուցապաստառներն են, որոնք եկել են բողոքից, ցոյցերից եւ դիմադրելու ցանկութիւնից: Խօսքի ու իրականութեան կարճ կարգախօսներ, որոնք մեր ներկայ իրավիճակի մասին մտածելու առիթ են տալիս:
«Ցեղասպանութեան նպատակն է ինքնութեան ոչնչացումը, դիմացինին, ընտանիքին, ցեղին թէ խմբին, ի վերջոյ նպատակը նոյնն է: Ցեղասպանութեան դէպքում դրան գումարւում է տեղահանութիւնը՝ քո տեղից քեզ մասնատելու եւ բնաջնջելու դաժանութիւնը: Արուեստը ցանկացած ագրեսիայի (յարձակումի-Խմբ.), ճնշման յաղթահարման ցանկութիւն է բերում: Եւ իրադրութիւնից դուրս գալու ձեւը նոր ինքնութեան վերագտնումն է: Ինքնութեան ոչնչացումը բերում է մի հաւաքական իրադրութեան, նորը ստեղծելու ձգտման, որը ինքնին դիմադրութեան ձեւ է: Արշիլ Գորկին դրա վառ օրինակն է, թէ ինչպէս մարդ իր կորցրած ինքնութեան յիշողութեան վրայ վերաստեղծում է նորը, որը դառնում է համաշխարհային երեւոյթ: Մարդու ձգտումն ու կամքն է՝ յաղթահարել զոհ զգալու գաղափարը: Ես չեմ ուզում, որ ինձ դիտեն որպէս զոհ»:
Սեւի աշխատանքները հեղինակի ու գիտակցութեան խաղն են: Սեւ գոյնը այս դէպքում լոյսն ընդունելու ճանապարհն է: Չկայ սեւ, ուրեմն չկայ լոյսի գաղափար:
«Ցեղասպանութեան հարցի նկատմամբ իմ վերաբերմունքը ես վաղուց եմ ճշդել», ասում է Սեւը. «Ճանաչելու ու փոխհատուցելու ճանապարհին մենք չենք էլ գիտակցում, որ աւելի շատ մենք մեզ ենք յիշեցնում ու ճանաչել տալիս: Ամենասկզբից պարզենք, թէ մենք մեզնից ինչ ենք ուզում, պէտք է ճշդենք, թէ ինչպէս ենք մենք այն ընկալում. վե՞րջ է, թէ շրջադարձային կէտ: Առաջինը պէտք է հասկանանք, թէ ինչպիսի հոգեւոր ազդեցութիւն, ցաւ ու տրաւմա (ջղացնցում-Խմբ.) է մեզ վրայ թողել այն, որպէս էթնոս (ժողովուրդ-Խմբ.) մենք պէտք է հասկանանք ինչ է մեզ հետ կատարուել: Մենք միայն վերապրածներ չենք, մենք գոյութեան պայքարողներ ենք: Մարդու գոյութիւնը պայմանաւորւում է գիտակցութեամբ, եւ ինչ որ ձեւով պէտք է նա դրա հետ յարաբերուի: Մարդու ծնունդն անգամ, նրա յայտնութիւնն այս աշխարհում, արդէն աղէտ է, եւ պէտք է այն տնօրինել: Գիտակցութեան ու դրսի աշխարհի բախումն է, որտեղ մենք պէտք է ներդաշնակութիւն ստեղծենք. սա է իմ արուեստի ու իմ գոյութեան հարցը»:
Ալինա Մնացականեանն իր գաղափարն արտայայտում է վիդէօպրոյեկտման (վիդէօծրագրումի-Խմբ.) օգնութեամբ: Էկրանի վրայ 1.5 միլիոն անգամ կրկնւում է «One Person Died» արտայայտութիւնը: Ամէն անձի հետ հաշուարկը աւելանում է: Ամէն մարդ արժէքաւոր է. 1.5 միլիոնը միայն թիւ չէ, դա անձնական ողբերգութիւնների շարան է: Պատկերաւոր, զգացմունքային ու ազդեցիկ… Գործը ստեղծուել է 2011 թուականին, Շուէյցարիայի Ժամանակակից արուեստի կենտրոնում (Arte Contemporanea Ticino) կայացած ցուցահանդէսի համար:
«Ցեղասպանութիւնը իմ գեների(ծիներու-Խմբ.) մէջ է, մտաւոր եւ զգացական», ասում է Ալինան. «Դա ինձ համար չլուծուած քաղաքական հարց է եւ մեծ անարդարութիւն՝ զոհուածների, վերապրողների եւ իրենց յաջորդող սերունդների նկատմամբ, ինչպէս նաեւ՝ հանդէպ հայութեան եւ մարդկութեան: Դժբախտաբար, Ցեղասպանութիւնները շարունակուեցին եւ շարունակւում են: Մարդն իր տնտեսական ուժը պահելու համար ոչնչնացնում է ոչ իր նմաններին:
Իմ արուեստում ես յաճախ անդրադառնում եմ նիւթերի, որոնք մտահոգում են ինձ: Արուեստը գեղեցկութեան մասին չէ, այլ նոր ու տարբեր տեսանկիւնով հարցերին մօտենալու մասին է, դա կարող է ֆորմալ (ձեւական-Խմբ.) լինել, ի հարկէ, բայց մտքերն էլ են փոխանցւում արուեստագէտների միջոցով եւ երբեմն աւելի ազդեցիկ են լինում: Ցանկութիւն ունեմ «One Person Died» գործը ցոյց տալ աշխարհի 100 երկրներում, ամէն տեղ գոնէ մէկ անգամ: Ամբողջ տարուայ ընթացքում շարունակելու եմ իմ ոգեկոչումը մեր նահատակներին, որը յատկապէս քաղաքական պահանջ է մեծ պատմական իրականութիւնը մերժող պետութիւններին»:
Ալինան ապրում է Շուէյցարիայում եւ ներկայ չի լինելու ցուցադրութեանը: Սակայն նրա եւ միւս երեք արուեստագէտների խոհերին ու աշխատանքերին առնչուելու համար՝ Մայիսի 16ին Կարպուշեան զոյգը հրաւիրում է ցուցասրահ, ինչպէս իրենք են ասում՝ «ներկայ լինելու հայ լաւագոյն ժամանակակից արուեստագէտների գործերի ցուցադրութեանը»:
www.garboushian.com