Թումանեանի Պօէզիան՝ Գլխաւորապէս «Անուշ»ը, Տասնամեակներ Շարունակ Ոգեշնչել Է Մեր Ժողովրդին
ԹԱԳՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ
Հարիւր երեք տարի առաջ ասպարէզ եկաւ «Անուշ» օպերան: Արմէն Տիգրանեանը երաժշտական հնչիւնների լեզուով վերապատմեց Թումանեանի անմահ պօէմը: Եւ այնքան լաւ, այնքան հարազատ բանաստեղծի աշխարհին, նրա հերոսների յոյզերի եւ ապրումների ամենանուրբ երանգ-ներին:
«Անուշ» օպերան հայ երաժշտական թատրոնի բեմ հանեց իսկական ժողովրդական, հիւթեղ, ցայտուն կերպարներ, որոնք մարմնաւորելու իղձը փայփայել եւ փայփայում են բոլոր հայ երգիչներն ու երգչուհիները: Իր մեծ ճանապարհն «Անուշ»ի օրհնութեամբ է սկսել Սարոյի առաջին, անգերազանցելի դերակատար Շարա Տալեանը: Հայ կերպարների իրենց պատկերասրահն «Անուշ»ով են բացել մեր մեծ երգչուհիներ Հայկանուշ Դանիէլեանը, Գոհար Գասպարեանը… Տասնեակ Անուշներ, Սարօներ, Մոսիներ… Աւագ Պետրոսեան, Պաւել Լիսիցեան, Նիկոլայ Սերդոբով, Միհրան Երկաթ, ո՞ր մէկին յիշես… Հայ դերերգիչների քանի՜ սերունդ է սնուել «Անուշ»ի ակունքներից: «Անու-շ»ի մեծ երթը շարունակւում է:
Եւ ահա «Լարք»ը, Հայոց Ցեղասպանութեան 100ամեակին նուիրուած իր միջոցառումների շարքում, 2015 Մայիսի 23ին, 24ին, 30ին, 31ին, Փասադինայի «Ամբասադոր» հանդիսասրահում մեծ պարգեւ է մատուցելու իր հանդիսատեսին, Սփիւռքի դժուարին պայմաններում բեմադրելով անմահ «Անուշ» օպերան, որի գեղարուեստական ղեկավարն է Լարք երաժշտական ընկերակցութեան հիմնադիրը՝ Վաչէ Պարսումեանը, իսկ բեմադրիչը՝ Կոմիտասի անուան Պետական կոնսերվատորիայի օպերայի ամբիոնի վարիչ պրոֆ. Յովհաննէս Յովհաննիսեանը:
Սա եւս յանդուգն քայլ է «Լարք»ի, մասնաւորապէս նրա առաջնորդի՝ Վաչէ Պարսումեանի կողմից ձեռնամուխ լինել նման մեծ երեւոյթի իրականացմանը, իր ետեւում ունենալով տարիներ առաջ Տիգրան Չուխաջեանի երեք՝ «Լէպլէպիճի Հօր-Հօր Աղա», «Զուար»չ եւ «Զեմիրէ» օպերետների մեծ յաջողութեամբ իրականութիւն դարձնելու փորձը:
Կերպարները մարմնաւորելու են հայ եւ միջազգային բեմերում արդէն անուններ վաստակած երգիչ-երգչուհիներ: Վիեննայից հրա-ւիրուած օպերային արուեստի մեծանուն երգչուհի, աշխարհի ամենայայտնի բեմերը զարդարած սոպրանօ Յասմիկ Պապեանը, որը հանդէս է գալու Անուշի դերում, ներկայացուող չորս բեմադրութիւններից երկուսում. իսկ միւս երկուսում Անուշի դերը մարմնաւորելու է երիտասարդ երգչուհի, բայց արդէն իսկ միջազգային բեմերում գլխաւոր կերպարներ կերտած եւ Եւրոպայի ամենայայտնի դասատուների դպրոցն անցած տաղանդաւոր սոպրանօ Շուշիկ Պարսումեանը:
1935թ. Արմէն Տիգրանեանի «Անուշ» օպերան առաջին անգամ հնչեց պրոֆեսիոնալ բեմից: Սկսուեց նրա երկրորդ՝ իսկական, լիարիւն կեանքը: Առաջին իսկ ներկայացումներից հայ երաժշտասէրը սիրեց նրա պարզ, անբռնազբօս մեղեդիները, նորովի ընկալեց վաղուց հարազատ դարձած, այս անգամ բեմական կեանք առած հերոսների կերպարները, յուզուեց նրանց դժբախտ սիրոյ պատմութեամբ:
Աճեց, մեծացաւ «Անուշ»ի 1912ից արդէն տարածուած համբաւը, օպերան ձեռք բերեց իսկական եւ ամենալայն ժողովրդականութիւն, դարձաւ հայ ժողովրդի գոյի անբաժանելի մասը:
Եւ դա շատ հասկանալի է ու բնական: «Անուշ» օպերայի երաժշտութիւնը սկզբից մինչեւ վերջ ներթափանցուած է պօէմի բանաստեղծական շնչով ու վեհութեամբ: Տիգրանեանը ոչ միայն պահպանել է Թումանեանի ոտանաւորները, այլեւ խորապէս ընկալել ու զգացել է խօսքի իմաստը, ոճը եւ գտել այնպիսի երաժշտական արտայայտութիւններ, որ հասել է թումանեանական պարզութեան:
Մենք սովոր ենք Թումանեանի մեծութիւնը տեսնել իր գեղարուեստական երկերում, բայց նա մեծ է իբրեւ գրական արուեստի տեսաբան եւս, իր ոչ միայն զուտ գեղագիտական, այլեւ պատմաբանական, գրականագիտական, բանասիրական, լեզուաբանական ըմբռնումներով ու կռահումներով, որոնք առաջին տեղ են գրաւում հայ գեղագիտական մտքի զարգացման պատմութեան մէջ:
Ամենալայն հաշուառումով 40 տարի է տեւել նրա ստեղծագործական կեանքը՝ 13 տարեկանից («Հոգուս հատոր» ոտանաւորից) սկսած մինչեւ 53ը, երբ գրում էր վերջին քառեակները։ «Հոգու հատորին» յաջորդում են «Օրօրք» ոտանաւորը, «Շունն Ու Կատուն», «Գութանի Երգը» եւ «Հին Օրհնութիւն»ը, որից յետոյ՝ «Ես Նայում Եմ Իմ Առջեւ», «Մարգարէ», «Ախ, Ես Երանի», «Ինձ Մի Խնդրիր», «Օտարութեան Մէջ» եւ այլն: Նոյն այդ ժամանակի յղացումներ են եւ «Կալի Երգը», «Սարերում» եւ «Խրճիթում» ոտանաւորները՝ գրուած տեսած ու ապրած կեանքի զգացողութեամբ:
Ես այսպէս պարզ ներկայացրի ստեղծագործական կեանքի տեւական մի ընթացք, որ եղել է ոչ միայն բարդ ու բուռն, այլեւ դժուարին ու տանջալից, տեւել է մի ամբողջ քսանամեակ՝ մինչեւ դարավերջը: Դա մի սխրագործութիւն էր, որ յաջորդ՝ քսաներորդ դարի սկզբին արդէն Թումանեանին հասցրեց «Փարվանա»ի եւ «Թմբկաբերդի առման», վերստեղծուած «Անուշ»ի եւ «Լոռեցի Սաքօ»ի, «Հայոց լեռներում» եւ «Հայոց վիշտը» բանաստեղծութիւնների բարձունքին, այն բարձունքին, «որից այն կողմ չի անցել մեր թռիչքը», գրել է Աւետիք Իսահակեանը:
Պօէտը մշտապէս իրեն շեքսպիրեան ազդեցութեան ոլորտներում է տեսել, ոչ մի դրամա չգրած, աւելի ճիշդ՝ սկսած ու չշարունակած, յամառօրէն ու այնքան անվերապահ իրեն դրամայազուրկ է համարել. «Իմն էն է՝ դրաման»:
Դեռ Լէօյին գրած նամակում նոյնն է ասել. «Ես թէեւ դրամա չեմ գրել դեռ, բայց դրաման բանաստեղծութեան մէջ իմ ամենասիրած ձեւն է, ու ինձ թւում է, թէ դրամատուրգի կոչումն ունիմ ես: Այս պատրանք է գուցէ: Շեքսպիրն է ինձ այսպէս կախարդել»:
Թումանեանը իր ժողովրդի բանաստեղծն է, եւ նրա ստեղծագործութիւնը ունի մի ակունք ու մի հանգրուան՝ իր ժողովրդի կեանքը:
«Բանաստեղծի ոտը հարազատ ու իրական հողի վրայ պիտի լինի, նրանից յետոյ միայն կարող է բարձրանալ, թեկուզ գլուխը մինչեւ երկնքին հասնի»:
Թումանեանը ունի բազմաթիւ ասոյթներ. «Գեղարուեստում եւ կեանքում ամենաէականն ու ամենաթանկը պարզութիւնն է»: Նաեւ ասում է. «Բարոյական աշխարհում գիտութիւնն անկարող է. ցաւեր կան, որի դէմ գիտութիւնը թոյլ է, գեղարուեստը՝ կարող», «Աշխարհում ամէն բան հեշտ է. մի բան է դժուար, մարդ լինելը: Դրա համար է, որ Համլետը, երբ իր հօրը ուզում է գովել, ասում է՝ Մարդ էր նա»:
Իսկ վերջում ուզում եմ յիշել Թումանեանի հետեւեալ բնորոշումը. «Երաժշտութիւնը արուեստների մէջ էն կախարդ ոյժն է, որ անմարմին արտայայտութիւններով կարողանում է անմիջականօրէն ու միանգամայն տիրել մարդու բովանդակ գոյութեանը, նրա մարմնին ու հոգուն եւ տիրաբար տանել, ուր որ կամենայ»։
Ես համոզուած եմ, ըմբոշխնելով «Լարք»ի կազմակերպած «Անուշ» օպերան, մենք ականատես կը լինենք յոյզերի արտասովոր խորութեան եւ արտայայտման սրտառուչ անկեղծութեան, եւ շնորհիւ գեղարուեստական ղեկավար Վաչէ Պարսումեանի եւ բեմադրիչ Յովհաննէս Յովհաննիսեանի տքնաջան եւ բարձրարուեստ աշխատանքի, նրանց շուրջը հաւաքուած մենակատարների, հսկայական երգչախմբային եւ նուագախմբային թիկունքի՝ կը վայելենք «Անուշ» օպերան, որը մէկ անգամ եւս կը համոզի մեզ, որ իր մարդկային կրքերի եւ յարաբերութեան բացայայտող արուեստով, իր մաքառող ու հալածուող հերոսներով, Անուշի բանաստեղծական վսեմ կերպարով այս պօէմը Թումանեանի գեղագիտութեան բարձրագոյն արտայայտութիւնն է:
Իսկ «Լարք»ը՝ առաջնորդութեամբ հիմնադիր տնօրէն Վաչէ Պարսումեանի, շարունակում է մնալ արդի գոյութեան խոշորագոյն կոթողներից մէկը, որը ուսումով հրահրուած աղբիւրն է անդադրում վերելքի, մարմնացումն է կամքի, սիրոյ եւ աշխատանքի, ջերմոց է, որ կայծ ու շող է տալիս հայ մշակոյթի փարոսին: