ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ գործընթացին ակնյայտօրէն թափ է հաղորդուել ԱՄՆի կողմից, թէեւ դժուար է առայժմ ասել, թէ ուր է այն տանում:
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջէյմս Ուորլիքի՝ նախորդ շաբաթ Մոսկուա կատարած այցից յետոյ, որտեղ նա ԼՂ հարցը քննարկել էր ՌԴ փոխարտգործնախարար Դմիտրի Կարասինի հետ, անակնկալ կերպով Ռուսաստանի մայրաքաղաք մեկնեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովը: Նրա հետ հանդիպումից յետոյ ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովը յայտարարեց, որ եկել է ԼՂ բանակցութիւններն ինտենսիւացնելու ժամանակը: Իր հերթին, Մամեդեարովն աւելացրել էր, թէ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնութիւնների ձեռքբերումը հնարաւորութիւն է ճեղքում մտցնելու նաեւ Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում: Թէ կոնկրետ ինչի՞ շուրջ էին բանակցել Լաւրովն ու Մամեդեարովը, պարզ չդարձաւ: Բայց այն փաստը, որ դրանից անմիջապէս յետոյ Լաւրովը հեռախօսազրոյց ունեցաւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդեանի հետ, յուշում է, որ Ռուսաստանը որոշակի քայլեր է փորձում կատարել, ընդ որում՝ ոչ թէ Մինսկի խմբի շրջանակներում, այլ առանձին նախաձեռնութեամբ:
Խնդիրն այն է, որ երէկ նախատեսուած էր ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, որի հիմնական նպատակը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելն է: Փաստօրէն, Ռուսաստանը, առաջ ընկնելով եռանախագահողների այցից, փորձում է ինչ որ իրավիճակ փոխել, ազդել կողմերի տրամադրութիւնների վրայ կամ պարզապէս իր ձեռքը վերցնել նախաձեռնողականութիւնը՝ առայժմ ոչ այնքան հասկանալի դրդապատճառներով: Այսուհանդերձ, չի կարելի չնկատել, որ Մոսկուայի այս ակտիւացումը տեղի է ունենում Ջէյմս Ուորլիքի՝ մոսկովեան բանակցութիւնների ներգործութեամբ, որից կարելի է երկու հնարաւոր հետեւութիւն կատարել՝ կա՛մ Մոսկուան ակտիւանում է՝ ի հեճուկս Վաշինգտոնի, Ուորլիքից որոշակի ուղերձներ կամ նախազգուշացումներ ստանալուց յետոյ, կա՛մ գործում է Ուորլիքի միջոցով ԱՄՆից ստացուած ինչ որ նոր առաջարկութիւնների համատեքստում՝ դրանք առաջ մղելու, կողմերին դրա շուրջ բանակցելուն տրամադրելու նպատակով: Նկատի ունենալով տարածաշրջանում ԱՄՆի եւ Ռուսաստանի հետապնդած նպատակների հակասութիւնները, երկրորդը թւում է քիչ հաւանական, սակայն՝ ոչ անհնար, եթէ նկատի ունենանք նրանց համագործակցութեան արդիւնքները իրանական ճգնաժամի յաղթահարման հարցում:
Այնուամենայնիւ, առաւել հաւանական է թւում, որ Ռուսաստանը ոչ այնքան համագործակցում, որքան մրցակցում է ԱՄՆի հետ՝ թերեւս փորձելով ինչ որ նոր ընթացքներ կանխել կամ դրանց հակազդել: Թէ՛ Ռուսաստանը եւ թէ ԱՄՆը հրաշալի հասկանում են, որ միջազգային սանկցիաներից Իրանի «ազատագրումը» անխուսափելիօրէն յանգեցնելու է հարաւկովկասեան տարածաշրջանում նրա ակտիւացմանը, իսկ դա նշանակում է գործ ունենալ եւս մէկ տէրութեան շահերի հետ, որն աւելի է բարդացնում խաղը: Եւ փաստը, որ Ուորլիքի դիւանագիտական տենդագին ձեռնարկումներն ու Նալբանդեանի եւ Մամեդեարովի հետ Լաւրովի բանակցութիւնները սկսուեցին հէնց Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնութիւնների ձեռքբերմանը զուգահեռ, ուղղակի մատնում է ԱՄՆի եւ Ռուսաստանի նպատակը՝ Ղարաբաղեան հարցում իրենց շահերից բխող բեկման հասնել նախքան Իրանի՝ խաղի մէջ մտնելը: Իսկ սա չի կարող չմեծացնել մրցակցութիւնը ՄԽ համանախագահող երկրների միջեւ:
Միւս կողմից՝ Մոսկուայում «Վեդոմոստի» թերթին տուած հարցազրոյցում æէյմս Ուորլիքը գրեթէ բառացիօրէն սպառնացել էր Մոսկուային՝ նոր միջազգային ճգնաժամով եւ մեկուսացման խորացմամբ, եթէ վերջինս փորձի միանձնեայ խաղաղապահներ տեղակայել ԼՂ շփման գծում: Քանի որ դա հնարաւոր է միայն լայնամասշտաբ ռազմական գործողութիւնների պարագայում, Ուորլիքի այս նախազգուշացումը մի կողմից նշանակում է, որ ԱՄՆը բաւական բարձր է գնահատում Մոսկուայի հրահրմամբ պատերազմի վերսկսման հնարաւորութիւնը, միւս կողմից՝ ընդգծում է դրա հետ չհամակերպուելու, նման սցենարը բացառելու եւ, որ առաւել կարեւոր է, մադրիդեան սկզբունքների հիման վրայ բանակցութիւնները վերականգնելու՝ Վաշինգտոնի մօտեցումը: Թերեւս դրանով է պայմանաւորուած, որ Ուորլիքը միտումնաւոր կրկին շրջանառութեան մէջ է դնում այդ սկզբունքները առանձին-առանձին՝ առանց կոնտեքստից կտրելու՝ շատ լաւ իմանալով, թէ ինչ ցաւոտ է դա ընդունւում երկու կողմերի հասարակութիւնների կողմից: Երէկ նա Երեւանում խօսել է, մի կողմից, առանց ԼՂ կարգավիճակի յստակեցման հակամարտութեան կարգաւորման, իսկ, միւս կողմից, ԼՂ «գրաւուած տարածքները» Ադրբեջանին վերադարձնելու, շփման գծում միջազգային խաղաղապահներ տեղակայելու անխուսափելիութեան մասին: ԱՄՆն ամէն ինչ անում է՝ այդ սկզբունքները հանրային լայն քննարկման առարկայ դարձնելու եւ այդպիսով կողմերին ցաւոտ զիջումների նախապատրաստելու համար:
Եթէ խնդիրն իսկապէս ԼՂ հարցում առաջ շարժուելու՝ Ռուսաստանի եւ ԱՄՆի մօտեցումների տարբերութեան մէջ է, ապա ներկայիս գործընթացն այլ բան չէ, քան պատերազմի վերսկսման եւ դրա բացառման միջեւ խուլ պայքար: Յամենայնդէպս, այն հանգամանքը, որ Ադրբեջանի իշխանութիւնները հրահանգել են երկրի հիւանդանոցներին՝ պատրաստ լինել պատերազմի ցանկացած պահի սկսմանը, իսկ բանակն անցել է գրեթէ ամէնշաբաթեայ ռեժիմով զօրավարժութիւնների, խօսում է այս պրոցեսներից Բաքուի մօտ առաջացած որոշակի սպասելիքների մասին:
Նման սպասելիքներ, աւելի ճիշդ՝ դրանցից առաջացած լարուածութիւն կայ նաեւ Երեւանում: Երէկ Եւրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը հանդէս է եկել Եւրոպային ուղղուած աննախադէպ կոշտ քննադատութեամբ: Առաջին անգամ Երեւանը ամենաբարձր մակարդակով եւրոպական կառոյցներին մեղադրել է ԼՂ հարցում, իրավիճակի սրման պատասխանատուութեան առումով, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաւասարութիւն դնելու մէջ՝ օրինակ բերելով Յունիսին անցկացուած Եւրոպական խաղերի ընթացքում հրադադարի ռեժիմի պահպանումը եւ դրանից յետոյ կրկին լարուածութեան աճը, որը մատնում է Ադրբեջանի հայեցողութեամբ միակողմանիօրէն խնդիրը սրելու իրողութիւնը: Սա միայն Բաքուից արդէն բացայայտ հնչող սպառնալիքներին արձագանգելու նպատակ չէր հետապնդում: Այլ յստակ ուղերձ է առ այն, թէ կողմերից որն է լինելու հնարաւոր պատերազմի սկսման պատասխանատուն եւ որքանով է միջազգային հանրութիւնն ինքը մօտեցնում անցանկալի այդ պահը: