Ներկայացրեց՝
ԱՐՄԻՆԷ ԳՈՒՆՏԱԳՃԵԱՆ
Մարգարիտ եւ Շուշանիկ Բաբայեան քոյրերի սեւ ու գեղեցիկ աչքերում միշտ ջերմ ու հարազատ ժպիտ էր խաղում: Երկուսն էլ դաշնամուր էին նուագում, Մարգարիտը նաեւ երգում էր: Նրա մեցցօ սոպրանօն հարուստ էր հնչերանգային խաղերով: Մարգարիտն արդէն 40ն անց էր, քոյրը նրանից փոքր էր հինգ տարով: Ապրում էին հայրենի երկրից շատ հեռու՝ Փարիզում, բայց երգում, նուագում էին հիմնականում հայկական երգեր: Նրանց կուռքը Կոմիտասն էր, որին ոչ միայն անձամբ ճանաչում էին, այլեւ մտերիմ էին: Յաճախ հանդիպում էին համերգներում, տեսարժան վայրերում, միասին հիւր էին գնում ծանօթներին: Ընկերներ էին հոգով, սրտով, ամբողջ էութեամբ:
Այդ օրերին, երբ քոյրերը հանդիպեցին, սոսկալի տխուր էին, չկարողացան անգամ բառ փոխանակել: Դժուարութեամբ էին զսպում արցունքները: Շատ արագ միրգ ու խմորեղէն գնեցին ու քայլեցին դէպի Փարիզի հոգեբուժական հիւանդանոցը:
– Ներեցէք,- մուտքի մօտ հետաքրքրուեց բժիշկը,- ո՞ւմ էք այցի եկել:
– Կոմիտաս վարդապետին:
– Դուք նրա ի՞նչն էք:
– Քոյրերը,- յօրինեց Մարգարիտը:
– Բայց նա ոչ մէկին չի ճանաչում,- ասաց բժիշկը,- կարծես չի էլ ցանկանում ճանաչել:
– Մեզ կը ճանաչի,- շտապեց ասել Շուշանիկը:
– Մեզ շատ է սիրում, մենք շատ կապուած ենք:
Բժիշկը մի պահ յապաղեց, ապա ասաց՝ եկէք: Նրանք մտան կիսախաւար մի երկար միջանցքը եւ կանգ առան դռներից մէկի մօտ:
– Խնդրեմ, անցէք, միայն աշխատէք շատ հարցեր չտալ, միեւնոյն է ոչ մի հարցի պատասխան չէք ստանայ:
Երկիւղած սրտով քոյրերը մտան մի փոքրիկ սենեակ: Թախտի վրայ կուչ էր եկել ամբողջովին մազակալած դէմքով մի զառամեալ ծերունի:
– Աստուած իմ,- վախուորած մրմնջացին Մարգարիտի դողացող շրթերը:
Նա ցանկացաւ ինչ որ բան հարցնել, սակայն սիրտ չարեց:
– Վարդապե՜տ,- հազիւ արտասանեց նա:
Վարդապետը միայն գլուխը թեթեւակի բարձրացրեց եւ անտարբեր նայեց: Յետոյ յանկարծ ցատկեց թախտից ու սկսեց երգելով պարել:
– Նա այսպէս ամբողջ օրը պարելու է: Խնդրում եմ դուրս եկէք,- քոյրերին դիմեց բժիշկը:
– Միթէ՞ բուժման ոչ մի հնար չկայ,- աղերսանքով հարցրեց Մարգարիտը:
– Անում ենք՝ ինչ կարող ենք: Բայց ցնցումը շատ խորը եւ ուժեղ է եղել:
Ականատեսները պատմում են, որ նա՝ հարազատ ժողովրդի արեան գետը տեսնելով, սարսափահար է եղել: Ասում են նաեւ, որ գլխին սոսկալի հարուած է ստացել:
– Նա մեծ երաժիշտ է, բժի՛շկ, փրկէ՜ք նրան, աղաչում ենք,- ասաց Մարգարիտը,- ինչ որ պէտք է մենք կ՛անենք:
Մարգարիտն ու Շուշանիկը քայլում էին սոսկալի ընկճուած: Միթէ՞ հէնց նոր իրենց առջեւ այն եռանդուն, կեանքով լի մարդն էր, որ 300 հոգուց բաղկացած երգչախումբ էր ղեկավարում…
Դահլիճում նստած հանդիսականն ուղղակի ապշած էր: Մարգարիտի երգը շատ թախծոտ էր հնչում, համարեա ողբերգական, Շուշանիկի դաշնամուրն էլ ասես միայն մռայլ հնչիւններ էր արձակում: «Ի՞նչ է պատահել այդ տաղանդաւոր երաժիշտներին», հարցնում էին հանդիսականները՝ չիմանալով, թէ ինչ խոր վիշտ էր համակել քոյրերին: Ամէն ինչ պարզուեց, երբ Փարիզի տեսարժան վայրերում տեսան հսկայական ազդագրեր, որոնք ազդարարում էին Մարգարիտ եւ Շուշանիկ Բաբայեան քոյրերի բարեգործական համերգի մասին: Ծրագրում միայն Կոմիտաս էր:
Քիչ է ասել, թէ քոյրերը յուզուած էին: Նրանք միշտ էին յուզւում բեմ դուրս գալուց առաջ: Բայց այսօր, երբ նրանց հոգում դաջուել էր թախտին կուչ եկած Կոմիտասի, իրենց սիրելի Կոմիտասի պատկերը, մի ուրիշ յուզմունք էր համակել նրանց: Ուզում էին երգել այնպէս, որ մարդիկ իմանային հայ երգը հնչելու է դար ու դարեր, եւ ոչինչ չի կարող խլացնել, սպանել այդ երգը:
Դահլիճում հիմնականում հայեր էին, նաեւ ֆրանսիացիներ, որոնք ծանօթ էին Կոմիտասին, լսել էին խմբերգերը: Համերգը բացեց ֆրանսիական թատրոնի եւ կինոյի հայազգի դերասան Հայկազուն Բագրատունին: Քոյրերը բեմ ելան բաւական համեստ հագնուած, թոյլ շպարուած: Երգերը հնչում էին ասես լուռ բողոք, հառաչանք: Անսովոր թախծոտ էր հնչում Շուշանիկի ձայնը: Երգում էր «Ծիրանի ծառը»՝ Կոմիտասի յայտնի երգերից մէկը:
Ունկնդրողներից քչերը գիտէին, թէ որտեղ, ինչ վիճակում է Կոմիտասը:
Չգիտէին, որ նա վիրաւոր մտքով ու սրտով, իր ազգի վիշտը հոգում սեղմած, խեղդամահ է լինում Փարիզի հոգեբուժական հիւանդանոցում: Ծափահարում էին խենթօրէն, որովհետեւ քոյրերի երգը սրտաբուխ էր ու սրտառուչ, մանաւանդ երբ երգում էին միասին: Ամէն երգից յետոյ նրանք մետաքսէ նուրբ թաշկինակով սրբում էին արտասուաթոր աչքերը: Իսկ երբ համերգն աւարտուեց, նրանք պարզապէս փախան, որպէսզի չլսեն որեւէ հաճոյախօսութիւն, չվերցնեն ոչ մի ծաղկեփունջ: Խորը, շատ խորն էր նրանց վիշտը…
Տարիներ անց Բաբայեան քոյրերը լսեցին Կոմիտասի մահուան լուրը:
Վիշտը մեծ էր, անմխիթարելի: Սակայն կար նաեւ այն գիտակցութիւնը, որ Կոմիտասի նման մեծութիւնները չեն մահանում: Կոմիտասն ապրում է, քանի դեռ հնչում է կոմիտասեան երգը: